Նշանակված ֆեոդալներ, «նայողներ», որոնց առաջնային խնդիրն իշխանության շահերի սպասարկումն է

- in Կարծիք
78
Mihran Poghosyan qetrin

Իր վարչապետության արշալույսին Կարեն Կարապետյանը պաշտոնանկ արեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին: Սա, այսպես կոչված, «նոր ոգու» քաղաքականության նշանային դրսևորումներից մեկն էր, համենայնդեպս` մատուցվեց այդ տրամաբանության շրջանակներում:

«Լիսկայությունը» Հայաստանում վաղուց կորցրել է անհատականացված բնութագրման իմաստը և, ըստ էության, խորհրդանշում է ոչ լեգալ  համակարգ, որն իրեն է ենթարկեցնում պետական կառավարման ինստիտուտը` նրան շատ դեպքերում դուրս դնելով լեգալ գործառույթների հարթությունից: Այդ համակարգը, ըստ էության, ենթադրում է հանրապետության բաժանում քրեաօլիգարխիկ հատկանիշներով, երբ մարզը, քաղաքն ունենում են բուրգի կողմից նշանակված ֆեոդալներ, «նայողներ», որոնց առաջնային խնդիրն իշխանությյան շահերի սպասարկումն է` վարչական, տնտեսական արտոնությունների համակարգի դիմաց:

Ժամանակը ցույց տվեց, որ Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկությամբ` տարածքային կառավարման ինստիտուտից արմատախիլ չի արվում ֆեոդալական շրջանին բնորոշ «մշակույթը»: Սյունիքում Սուրիկ Խաչատրյանը փոխարինվել է նույն արժեհամարգն ունեցող այլ մարզպետով, որի պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում կառավարման քրեաօլիգարխիկ միտումները միայն ամրապնդվել են: Այսպես կոչված էլիտայի փոփոխությունը հանգեցրել է ոչ թե որակական փոփոխության, այլ ընդամենը Սյունիքի մարզում լոկալացվել է Հայաստանի քրեաօլիգարխիայի բուրգում տեղի ունեցած «խմբագրումը»: Հասարակության համար սկզբունքորեն միևնույն է, թե ով է իրեն հարստահարում կամ իշխանության համար «տոկոս խփում»:

Կարեն Կարապետյանի վարչապետության մեկ տարին կարելի էր հաջողված գնահատել, եթե գոնե վերացված լիներ մարզերի կամ Երևանի վարչական շրջանների քվոտայավորումը քրեաօլիգարխիկ հատկանիշով: Սակայն ոչինչ չի փոխվել: Ներհամակարգային համաձայնությունների շրջանակում Կոտայքի մարզը շարունակում է մնալ Գագիկ Ծառուկյանի «սեփականությունը»: Ֆորմալ առումով` ԲՀԿ նախագահը ոչ միայն իշխանության մաս չէ, այլ նույնիսկ ընդդիմադիր է, սակայն Սերժ Սարգսյանի հետ պայմանավորվածության արդյունքում՝ մարզպետ է «կարգել» հարազատ փեսային: Տեղի է ունենում պետական իշխանության դեգրադացիա, որովհետև, ըստ էության, իշխանությունը ձևավորվում է և կադրային նշանակումներ է կատարում ոչ թե ընտրական, քաղաքական գործընթացների արդյունքում, այլ հասարակության թիկունքում` համակարգի սեգմենտների ստվերային  համաձայնությունների կամ հակասությունների հետևանքով:

Կամ ի՞նչ որակական փոփոխություն կարող է լինել Արարատի մարզում, որտեղ ոչ թե կառավարման նոր մշակույթ է ներդրվում, այլ լոկալացվում է համակարգի հերթական ֆիլտրման հետևանքը: Գրիգորյան եղբայրներն զբաղված են ոչ թե արդյունավետ կառավարման գործիքներ ստեղծելով, այլ յուրայինների մեջ բաժանում են Հովիկ Աբրահամյանի երբեմնի «կայսրության» բեկորները:

Օլիգոպոլ համակարգի պայմաններում անիմաստ են անգամ Երևանի քաղաքային ընտրությունները: Անկախ այն հանգամանքից, թե քանի տոկոս է «խփվում» Տարոն Մարգարյանի կամ ՀՀԿ-ի համար` հետևանքը լինում է ոչ թե քաղաքային ավտոնոմ իշխանությունը` ուժեղ քաղաքապետով, այլ ընդամենը` համակարգի երևանյան մենեջերը, որը պաշտոնների «արդար» բաժանում պետք է իրականացնի օլիգարխիկ ստատուս-քվոյի շրջանակներում: Այսօր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ստեփանյանը, որը ԴԱՀԿ նախկին պետ, ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանի (Քեթրինի Միհրան) մտերիմ ընկերն է:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20