Նույնիսկ Ղրղըզստանը վճռական քայլերի է դիմում, երբ ԵԱՏՄ-ում ոտնձգություն են կատարում իր ինքնիշխանության դեմ

- in Կեղտոտ լվացք
89
ETM

Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը երեկ հայտարարել է, որ պատրաստ է Եվրասիական տնտեսական միության արտահերթ նիստ հրավիրել, պատճառը Ղազախստանի հետ սահմանին տիրող իրավիճակն է:

«Եթե մեր ընտրություններից հետո երկու օրվա ընթացքում սահմանին իրավիճակը անփոփոխ մնա, ես կպահանջեմ ԵԱՏՄ արտահերթ նիստ հրավիրել: Ես այդպիսի իրավունք ունեմ»,- երեկ հայտարարել է Ատամբաևը:

 

Ղրղըզստանի ու Ղազախստանի հարաբերությունները լարվել են այն բանից հետո, երբ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը սեպտեմբերին անակնկալ կերպով իր աջակցությունն է հայտնել Ղրղըզստանի նախագահի թեկնածուներից մեկին՝ մեծահարուստ գործարար Օմուրբեկ Բաբանովին: Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը Նազարբաևին մեղադրել է երկրի ներքին գործերին խառնվելու մեջ՝ հայտարարելով, որ Ղազախստանը ղեկավարում են կոռումպացված «սուլթանները»: Այս ամենին Ղազախստանն արձագանքել է՝ խստացնելով վերահսկողությունը սահմանին, ինչի հետևանքով հոկտեմբերի 10-ից սահմանային անցակետում մեծ կուտակումներ են:

Նախագահական երեկվա ընտրություններում, ըստ նախնական արդյունքների, հաղթանակ է տարել Ատամբաևի պաշտպանյալը՝ Սորոնբայ Ժենբեկովը, սակայն այս հանգամանքը որևէ կերպ չի թուլացրել լարումը ղրղըզա-ղազախական հարաբերություններում:

Ղրղըզստանի նախագահական ընտրությունների հետևանքով ստեղծված իրավիճակը լավագույնս բացահայտում է ԵՏՄ-ի քաղաքական բնույթը, էությունը: ԵՏՄ-ում գոյություն չունեն քաղաքական ընդհանուր օրակարգ, շահեր: Մոսկվայի կայսերական ամբիցիաների սպասարկման նպատակով ձևավորված այս միությունում անդամ երկրները նույնիսկ անառողջ մրցակցության, լարվածության մեջ են: Ռուսաստանի և Բելառուսի միջև պարբերական դարձած «առևտրային պատերազմները», Ղրղըզստանի և Ղազախստանի, կարելի է ասել, թշնամական հարաբերություններն ասվածի լավագույն դրսևորումն են: Անցած տարվա ապրիլյան պատերազմը բացահայտեց, որ Հայաստանը ԵՏՄ-ում դաշնակիցներ չունի, ավելին՝ Բելառուսն ու Ղազախստանն իրենց բացահայտ, անթաքույց աջակցությունն էին հայտնում Բաքվին:

Մեծ հաշվով՝ ԵՏՄ-ն արհեստական միավորում է, որի գոյությունը երկարաձգվում է բացառապես Մոսկվայի շանտաժի և ճնշումների շնորհիվ: Ակնհայտ է, որ Ռուսաստանում Պուտինի իշխանության հնարավոր ճգնաժամը հանգեցնելու է ԵՏՄ-ի քայքայմանը:

Սակայն Ատամբաևի երեկվա հայտարարությունը, ԵՏՄ արտահերթ նիստ նախաձեռնելու նրա վճռականությունն ուշագրավ են նաև այլ առիթով, որն անուղղակիորեն բացահայտում է Հայաստանի արտաքին քաղաքականության անդեմությունը, մեր էլիտայի պետական մտածողության դեֆիցիտը: Նույնիսկ Ղրղըզստանը, որը համարվում է ԵՏՄ-ի ամենաթույլ պետությունը, վճռական քայլերի է դիմում, երբ միությունում ոտնձգություն են կատարում իր ինքնիշխանության դեմ: Երբ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն ակնհայտ մարտահրավեր նետեց Հայաստանին՝ հրապարակայնորեն նվաստացնելով Սերժ Սարգսյանին, մեր իշխանությունները լռեցին: Պաշտոնական Երևանը լռում է նաև բոլոր այն դեպքերում, երբ Մինսկն ու Աստանան բացահայտորեն պաշտպանում են ԵՏՄ անդամ չհանդիսացող Ադրբեջանի շահերը:

Հայաստանի իշխանությունների լռությունը բացահայտում է մի կողմից՝ մեր դիվանագիտության անդեմությունն ու անսկզբունքայնությունը, մյուս կողմից՝ պարտադրված է, որովհետև Հայաստանը ԵՏՄ-ում չի կարող բարձրացնել Ղազախստանի և Բելառուսի խնդիրը և շրջանցել այն ակնհայտ իրողությունը, որ Բաքվին ամենագործուն աջակցությունը ցուցաբերում է իր «ռազմավարական գործընկեր» Ռուսաստանը՝ միլիարդավոր դոլարների սպառազինություն մատակարարելով Ադրբեջան: Սակայն այս հանգամանքը ոչ միայն չի արդարացնում, այլև ավելի ցցուն է դարձնում Հայաստանի քաղաքականության անդեմությունը, մեր երկրի սուբյեկտության կորուստը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20