Շմայսը մեծացել, հասակ է առել և «թրծվել»

- in Կեղտոտ լվացք
120
serzh-sargsyan

Այսօր առավոտյան խորհրդարանի միջանցքում Արտաշես Գեղամյանը բռունցքներով հարձակվել է Նիկոլ Փաշինյանի վրա: Նոր խորհրդարանում տխրահռչակ Շմայսը չկա, բայց նրա արմատավորած քրեական «մշակույթն» անշեղորեն գործում է: Սակայն թերուս պատգամավորի վարքագծն ավելի շատ բացատրվում էր նրա դաստիարակությամբ, այն, մեղմ ասած, քրեական միջավայրով, որտեղ Շմայսը մեծացել, հասակ է առել և «թրծվել»:

Գեղամյանի խուլիգանությունն, այսպես կոչված, «գաղափարա-քաղաքական» փաթեթավորում ունի և տեղի է ունենում խորհրդարանական քննարկումների ֆոնին, որտեղ արտաքին քաղաքականության, անվտանգության հարցերի սահմանագծով «Ելք» դաշինքն իրեն դուրս է դրել խորհրդարանական եվրասիական գորշությունից: Եվրասիական մտածողության տեսանկյունից` խորթ է խորհրդարանում ընդդիմություն հանդուրժելը, մանավանդ, որ այդ ընդդիմությունը չի սահմանափակվում շարքային անատամ քննադատությամբ և մարտահրավեր է նետում իշխանության ռուսահպտակ արտաքին քաղաքականությանը:

ԵՏՄ անդամ երկրներում նման մարդիկ հայտնվում են բանտերում, իսկ Հայաստանում հանդգնում են խորհրդարանական ամբիոնից կասկածի տակ դնել «ռուսական սհաթի» օրհնությունը: Հենց այս համատեքստում ենք ասում, որ Գեղամյանի քրեական, խուլիգանական արարքը ունի «գաղափարական», նույնիսկ` «աշխարհաքաղաքական» ենթատեքստ, որովհետև նա հարձակվել է այն խմբակցության ղեկավարի վրա, որը Հայաստանի խորհրդարանում փաստացի խորտակել է եվրասիական նվաստացուցիչ կոնսենսուսը:

Եթե Շմայսը ծառայություն էր մատուցում Սերժ Սարգսյանին, ապա «սովետական արխիվներից» ռեաբիլիտացված Գեղամյանն իրեն համարում է ռուսական ցարի զինվորը: Սակայն սա ՀՀԿ-ին չի ազատում քաղաքական պատասխանատվությունից, ճիշտ հակառակը` հենց նա է սովետիզմը և նրա թափոններին ռեաբիլիտացնողը:

Ավելին` հիմքեր ունենք ենթադրելու, որ Գեղամյանը ոգեկոչվել է հենց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի` ամիսներ առաջ «Ելքին» հասցեագրած «պադեզդային հաշվեհարդարի» սպառնալիքից: Խորհրդարանական մեծամասնությունը քաղաքական ճանապարհով չկարողացավ խորհրդարանում հաստատել եվրասիական կոնսենսուս, հիմա գործի են դրվել բռունցքները: Իշխանությունը քաղաքական, գաղափարական որբության մեջ է և ի ցույց է դնում այն, ինչն ունի` ռուսահպտակությունը և կրիմինալ դեմքը` երկու փոխլրացնող հատկանիշներ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20