Ո՞րն է Եվրասիական երկրորդ համաժողովի գործնական նպատակը

- in Պնակալեզներ
57
ara Abrahamyan

Երևանում մեկնարկել է Եվրասիական տնտեսական գործընկերության խորագրի ներքո միջազգային երկրորդ համաժողովը, որի նախաձեռնողն ու, այսպես ասած, հովանավորը Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն է:

Համաժողովը անցկացվում է արդեն երկրորդ անգամ, և այն ըստ էության ոչ այնքան տնտեսական եվրասիական գործակցության, որքան հենց այդ գործակցության բացակայության արտացոլումն է:

Բանն այն է, որ համաժողովը այլ բան չէ, քան եվրասիական կենացների հարթակ, թե որքան լուսավոր տնտեսական հեռանկար է պարունակում ԵՏՄ-ն: Բանն այն է, որ իրական հեռանկարի, իրական տնտեսական կենսունակության պարագայում հազիվ թե լիներ համաժողովային կենացների անհրաժեշտություն, դրա կարիքն ու, առավել ևս, ժամանակը ոչ ոք չէր ունենա: Արա Աբրահամյանն էլ թերևս որպես գործարար, որը ենթադրաբար ռացիոնալ պետք է տնօրինի իր ռեսուրսներն ու ժամանակը, դրանք չէր տրամադրի Հայաստանում եվրասիական կենացների ֆորում կազմակերպելու համար:

Ֆորումի բացմանն Աբրահամյանի ելույթն էլ այլ բան չէր, քան «եվրասիական թամադայություն»: Բայց ելույթը զուրկ չէր ուշագրավ հանգամանքներից, և այդ առումով Արա Աբրահամյանի մի նախադասություն, որ հնչում էր նրա ելույթի ավարտին, իհարկե գրավում է ուշադրություն: «Հուսով եմ նաև, որ մեր համաժողովը կկարողանա օգտագործել տնտեսությունը մեզ իրարից բաժանող հակամարտությունների լուծման համար»,- հայտարարում է Արա Աբրահամյանը:

Այդ հայտարարությունն իհարկե հնարավոր կլիներ վերագրել «թամադայությանը», բայց խնդիրն այն է, որ այստեղ ակնհայտ է քաղաքական ենթատեքստը: Այդ ի՞նչ բաժանող հակամարտություններ կան ԵՏՄ-ում, որ պետք է կարգավորվեն տնտեսության միջոցով: Հայտարարությունն առավել հետաքրքրական է դառնում նախօրեին Բաքվում հնչած մեկ այլ հայտարարության ֆոնին, երբ Իլհամ Ալիևը եվրապատվիրակներին հայտարարել էր Եվրոպայի խորհրդից Բաքվի դուրս գալու հնարավորության մասին՝ ասելով, որ չի կորցնի ոչինչ, եթե չլինի ԵԽ-ում:

Ահա այդ համատեքստում ուշագրավ է դառնում, թե ինչո՞ւ հանկարծ Արա Աբրահամյանը, որի, այսպես ասած, տնտեսաքաղաքական նշանաբանն է «Պուտինը միշտ ճիշտ է», Եվրասիական տնտեսական գործակցության համաժողովում շոշափում է տնտեսության միջոցով հակամարտությունները կարգավորելու, այսպես ասած, գաղափարը: Ի՞նչ հող է շոշափում Ռուսաստանի հայերի միության նախագահը, որի գործունեության բուն ուղղությունը մշտապես եղել է ոչ թե հայերի և Հայաստանի շահը Ռուսաստանում առաջ մղելը, այլ Ռուսաստանի շահը Հայաստանում առաջ տանելը:

Իսկ թե որն է այստեղ Ռուսաստանի շահը՝ թերևս դժվար չէ նկատել: Մոսկվան իհարկե փորձում է Բաքվին ներքաշել եվրասիական նախագիծ: Բաքուն էլ ակնհայտորեն դեմ չէ այդ հարցում առնվազն խաղալ Ռուսաստանի հետ: Այստեղ, իհարկե, խաղի համը հանողը Հայաստանն է ընդհանուր առմամբ, քանի որ Երևանն անկասկած հանդիսանալու է Եվրասիական նախագծերին Բաքվի անդամակցության արգելք:

Բանն այն չէ, որ այդ արգելքը չլինելու դեպքում Ադրբեջանն անմիջապես դիմելու է և անդամակցելու: Ավելին, մեղմ ասած՝ կասկածի տակ է, թե Բաքուն ընդհանրապես անկեղծորեն կարող է դիտարկել ԵՏՄ մտնելու հարցը: Բաքվի համար դա իհարկե ավելի շուտ խաղ է Ռուսաստանի հետ: Եվ Մոսկվան էլ թերևս այդ ամենը լավ է հասկանում: Պարզապես Հայաստանի միարժեք, ավելի շուտ ապրիորի արգելքի հանգամանքը հենց Մոսկվային է կաշկանդում Բաքվի հետ այդ խաղում և Բաքվին տալիս որոշակի առավելություն: Այդ առավելությունը չեզոքացնելու համար Ռուսաստանին անհրաժեշտ է հաղթահարել «հայկական արգելքի», այսպես ասած, ապրիորի գործոնը և հասնել թերևս միջավայրի, մթնոլորտի, որտեղ կարող է, այսպես ասած, համընդհանուր տրամադրության որոշակի մակարդակի կամ առավել ևս դիսկուրսի հասնել այն, որ տնտեսական հետաքրքրությունների հիմքով հնարավոր է մտածել հակամարտությունների հանդեպ որոշակի փոփոխության մասին:

Բացառված չէ նույնիսկ, որ իրականում հենց այդ մեսիջը, այդ փորձի մեկնարկն է Եվրասիական երկրորդ համաժողովի գործնական նպատակը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20