Ո՞ւմ կարող էր ձեռնտու լինել Հայաստանում արտակարգ այդպիսի մասշտաբային իրավիճակի դիտավորյալ հարուցումը

- in Կարծիք
92
Hrdeh

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն օրերս խորհրդարանում արել էր ուշագրավ հայտարարություն, ինչը մնաց հանրային ուշադրությունից դուրս, որը կենտրոնացել էր խորհրդարանում ընթացիկ շաբաթվա ընթացքում քննարկված հայ-ռուսական մի քանի աղմկահարույց թեմաների վրա:

Մինչդեռ, բնապահպանության նախարարի հայտարարությունն առնչվում էր թեմայի, որը հանրային ամբողջ ուշադրությունը կլանել էր ամռանը՝ Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհին: Հրդեհը Հայաստանի համար գործնականում վերածվեց արտակարգ այնպիսի իրավիճակի, որը խորքային առումով կարող էր համեմատվել նույնիսկ Ապրիլյան պատերազմի կամ հուլիսյան իրադարձությունների հետ, որոնք տեղի ունեցան 2016 թվականին: Պարզապես, տվյալ պարագայում գործ չունեինք արտաքին ագրեսիայի կամ ներքին զինված գործողության հետ, բայց հրդեհից առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքը պետության համար կարող էր լինել ոչ պակաս ծանր: Բանն այն է, որ բուն հրդեհից և դրա մարման ուղղությամբ աշխատանքներից բացի, ծավալվում էին նաև քաղաքական բավականին բուռն կրքեր, ինչը բացի հրդեհը այդօրինակ հարաբերություններ պարզելու առիթ դիտարկելուց, ինչ որ իմաստով նաև բնական է պետություններում, որտեղ չկա իշխանության սահմանադրական լեգիտիմություն, բայց կա ներիշխանական վերադասավորումների գործընթաց և նոր իշխանության ձևավորման համար ներքին պայքար:

Այդ համատեքստում, ցանկացած իրավիճակ, որ պետք է գտնվի իշխանական, կառավարման ինստիտուտների կոմպետենցիայի և պրոֆիլային պատասխանատվության տիրույթում, վերածվում է նաև քաղաքական հարաբերությունների պարզաբանման գործիքի: Եվ այդ իմաստով ակնհայտ էր, որ Խոսրովի հրդեհն էլ զերծ չէր լինելու այդ ազդեցությունից: Խոշոր հաշվով, վերստին չմտնելով ներիշխանական բազմավեկտոր, այսպես ասած, կոմբինացիաների տիրույթ, հարկ է արձանագրել, որ Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհի այսպես ասած քաղաքական ենթատեքստը ի ցույց դրեց Հայաստանի թե՛ անվտանգության, թե՛ պաշտպանության ինքնիշխան կարողությունների հարցում արդյունավետության ու կանխատեսելիության լուրջ բացը, որ արտահայտվեց հրդեհաշիջման և արտակարգ իրավիճակի հաղթահարման գործընթացի մի շարք դրվագների հանրագումարում: Եվ ուրեմն, այս հանրագումարով հանդերձ, Արծվիկ Մինասյանի հայտարարությունը ստանում է առավել ուշագրավ տողատակ: Իսկ նա հայտարարել է, որ ամերիկյան կողմի տրամադրած տիեզերական լուսանկարները ցույց են տվել, որ Խոսրովի արգելոցում հրդեհի բռնկումն ունի միաժամանակ երեք տարբեր օջախ՝ միաժամանակ երեք տարբեր օջախ, որոնք գտնվել են իրարից շատ մեծ հեռավորության վրա: Մեղմ ասած՝ դժվար է այդ պայմաններում խոսել պատահականորեն համաժամանակյա երեք օջախների մասին և դա նշանակում է, որ ակնհայտորեն գործ ունենք դիտավորության հետ:

Եվ ուրեմն, ո՞ւմ կարող էր ձեռնտու լինել Հայաստանում արտակարգ այդպիսի մասշտաբային իրավիճակի դիտավորյալ հարուցումը: Պատասխանը պարզ է՝ միայն մարդկանց, որոնք շահագրգռված չեն Հայաստանի անվտանգության, կենսունակության, Հայաստանի կայունության հարցում: Իսկ ովքե՞ր են այդ մարդիկ: Դա պետք է պարզի իհարկե քննությունը: Բայց միաժամանակ ակնհայտ է նաև, որ եթե գործ ունենք նմանօրինակ մասշտաբի դիտավորությունների, այդպես ասած դիվերսիոն բնույթ ունեցող գործողությունների հետ, ապա կասկած չկա, որ այստեղ կարող են թաթախված լինել քաղաքական բավականին լուրջ շրջանակներ, ինչը նշանակում է, որ քննության խնդիրն այլևս զուտ իրավական դաշտից տեղափոխվում է քաղաքական դաշտ: Ահա այդ համատեքստում ուշագրավ է ինքնին ամերիկյան տիեզերական լուսանկարների տրամադրումը: Դրա նշանակությունը գործնականում պակաս չէ, քան ռուսական օդանավային օժանդակությունը հրդեհվող անտառի վրա բարձրությունից ջուր լցնելու առումով: Անկասկած, դրանք համեմատելի «մեծություններ» չեն, սակայն խնդիրն այն է, որ հրդեհի մարումից ոչ պակաս կարևոր է և այն, թե ով է եղել հրդեհի պատճառը: Իսկ որ հարցն այս դեպքում ոչ ինչն է, այլ հենց ովը, Արծվիկ Մինասյանի հայտարարությունը թերևս կասկած չի թողնում: Ըստ այդմ կասկած չի մնում, որ եղել է գրոհ Հայաստանի անվտանգության, կայունության, հետևաբար պարզապես ինքնիշխանության դեմ: Եվ այդ իմաստով, ամերիկյան կողմի տրամադրած տիեզերական լուսանկարները գործիք են, որ կարող են տալ Հայաստանի ինքնիշխանությունը վերականգնելու հնարավորություն: Իսկ այդ գործիքի տրամադրումը ուշագրավ է ԱՄՆ դեսպանի հայտնի հայտարարությունների ֆոնին, որոնք բավական լայն արձագանքի արժանացան Հայաստանի մեդիա-փորձագիտական միջավայրում: Ըստ այդմ հարկ է արդեն իսկ արձանագրել, անկախ քննության ավարտից, որ Հայաստանն օժտվել է կարեոր գործիքով: Որովհետև, ակնհայտ է, որ կա բավականին հստակ պատկեր:

Կլինե՞ն այդ պատկերից բխող իրավական գործողություններ ու եզրահանգումներ, իհարկե այլ հարց է: Կլինե՞ն պատասխան տվողներ, այլ հարց է: Բայց Հայաստանի անվտանգության և ինքնիշխանության առումով թերևս առկա է նվազագույն մի մակարդակ, որ տվյալ խնդրի մասով ապահովվել է ամերիկյան տիեզերական լուսանկարների առկայությամբ և դրանք Հայաստանին տրամադրելու փաստով: Փաստ, որը հիմք է տալիս անել բավականին լայն եզրակացություններ, և ոչ միայն կոնկրետ հրդեհի, պատճառների, հնարավոր դիվերսիոն գործողության պատասխանատուներ համատեքստում, այլ ընդհանրապես Հայաստանի ռազմա-քաղաքական անվտանգության: Ու հատկանշական է, որ դա տեղի է ունենում հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին համաձայնագրի խորհրդարանական քննարկումների ֆոնին, որի հիմնավորումներից մեկը ներկայացվում է Հայաստանի այսպես ասած պաշտպանական հնարավորությունների ընդլայնումը, այդ թվում՝ հետախուզական տվյալների ստացման մասով: Հայ-ամերիկյան միացյալ զորախումբ գոյություն չունի, բայց փաստորեն գոյություն ունի Հայաստանին ինքնապաշտպանական գործիքների տրամադրման գործընթաց: Ընդ որում մի գործընթաց, որը գուցե կարող է պարզապես ստիպել Ռուսաստանին մտածել Հայաստանի հանդեպ դաշնակցային պարտավորությունների կատարման մասին, այլապես հազիվ թե որևէ կասկած լինի, որ 21-րդ դարը հնարավորություն է տալիս նույնիսկ լուսանկարել հակադաշնակցային գործողությունները:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20