«Ով երաժշտությունը պատվիրում ա, նա էլ տանցուետ. Բաբայանն ա դրա խիրուրգը, ասել ա՝ մի շուռուպն էլ բանակին օգուտ ա»

- in Իրավունք
38
Samvel Babayan

Դատական նիստում հարցաքննվեց ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը, ում մեղադրանք է առաջադրված  «Իգլա»-ի ձեռք բերման դրվագով: Ամբաստանյալը իրեն հատուկ լավատեսությամբ և հումորով ցուցմունք տվեց ու  պատասխանեց հարցերին:

Նա ասաց, որ Սամվել Բաբայանը իրեն չի հանձնարարել զենք գնել, ինքը իր նախաձեռնությամբ ցանկացել է որևէ զինատեսակ նվիրել բանակին: Նա դիմել է իր ծանոթ Արմեն Պողոսյանին՝ զենք վաճառողի տեղ գիտի՞, թե՞ չէ:

Արմեն Պողոսյանը՝ գործով ամբաստանյալներից մեկը, ում Ժորիկ էին ասում, հայտնել է Հրաչ Մայիլյանի մասին, ով խոստացել է «Իգլա» զինատեսակ վաճառել: Ամբաստանյալն ասաց, որ այդ «Իգլա»-ի լուսանկարները ցույց է տվել Սամվել Բաբայանին՝ խորհուրդ հարցնելու նպատակով, և Սամվել Բաբայանն ասել է, որ դա զենք չի, ընդամենը «զամչաստ» է, կարող ենք արկղի մեջ դնել, տանել Ղարաբաղի Նարիշտար գյուղի տարածքում թաղել, քանի որ մեր կռիվը չի վերջացել՝ կռվի դեպքում կարող է ինչ-որ ուսադիրավորի տանել դրա տեղը ցույց տալ:

Ըստ ամբաստանյալի՝ Սամվել Բաբայանից իմանալով, որ իրենց առաջարկվողը ոչ թե զենք է, այլ տրուբա է, զամչաստ, ինքը այլևս չի ցանկացել գնել այդ զենքը: Սամվել Բաբայանը իրեն միայն խորհուրդ է տվել, հրահանգ չի տվել, եթե հրահանգ լիներ՝ անպայման կկատարեր: Սամվել Բաբայանը այդ տրուբի համար փող չի տվել, փողը ինքը պիտի տար, բայց հրաժարվել է գնելու մտքից, քանի որ զենքը կոմպլեկտավորված չէր:

Ամբաստանյալն ասաց. «Ով երաժշտությունը պատվիրում է, նա էլ տանցուետ»: Տվյալ դեպքում ինքն էր փող տվողը, փողը չի տվել, տրուբեն չի վերցրել: Ամբաստանյալը նաև ասաց, որ Սամվել Բաբայանից է խորհուրդ հարցրել, որովհետև նա է լավ հասկանում զենքերից. «Բաբայանն ա դրա խիրուրգը: Նա ասել ա, որ մի շուռուպն էլ մեր բանակին օգուտ ա: Ես ուզում եմ անձամբ Արցախի բանակին նվեր տամ: Ժամանակին 42 միավոր զենք եմ բերել: Էն ժամանակ հերոսացնում էին, հիմա մի տրուբի համար ասում են, թե՝ զենք ես բերել»:

Դատարանը անցել է ամբաստանյալի նախաքննական ցուցմունքների հրապարակմանը: Դատական նիստում հարցաքննվեց ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը, ում մեղադրանք է առաջադրված  «Իգլա»-ի ձեռք բերման դրվագով: Ամբաստանյալը իրեն հատուկ լավատեսությամբ և հումորով ցուցմունք տվեց ու  պատասխանեց հարցերին: Նա ասաց, որ Սամվել Բաբայանը իրեն չի հանձնարարել զենք գնել, ինքը իր նախաձեռնությամբ ցանկացել է որևէ զինատեսակ նվիրել բանակին: Նա դիմել է իր ծանոթ Արմեն Պողոսյանին՝ զենք վաճառողի տեղ գիտի՞, թե՞ չէ:

Դատարանը նախ հարցաքննեց «Իգլայի» խողովակի ձեռքբերման դրվագով մեղադրվող Սանասար Գաբրիելյանին, ով դատական նիստերի ընթացքում արդեն աչքի է ընկել լավատեսությամբ ու հումորով:

Նա հայտնեց, որ Սամվել Բաբայանն իրեն չի պատվիրել զենք գնել: Ինքն էլ Սամվել Բաբայանի հետ չի քննարկել իր մտադրությունը: Իսկ մտադրությունն այն էր, որ 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմական գործողություններից հետո որոշել է Արցախի բանակին որևէ զինատեսակ նվիրել՝ «մինամյոտ, գրանատամյոտ… խոսքը պիստալետների մասին չի եղել», իսկ «Իգլան» առաջարկել են վաճառողները…

Ըստ Սանասար Գաբրիելյանի՝ Արցախյան պատերազմի ժամանակ ինքը 42 անուն զենք է բերել, այն ժամանակ իրեն հերոսացրել են, իսկ հիմա մի «տրուբայի» համար ասում են՝ զենք ես բերել…

Սանասար Գաբրիելյանն  ասաց, թե դիմել է իր ծանոթ Արմեն Պողոսյանին, ով ներկայումս նրա կողքին նստած ամբաստանյալներից է, նրան «Ժորա» են ասել շրջապատում: «Ժորիկին» հարցրել է՝ զենք վաճառողի տեղ գիտի՞: Առաջարկել է հետաքրքրվել ու ասել է, որ ցանկանում է նվիարտվություն անել հայոց բանակին:

Ինքը գիտեր, որ «Ժորիկը» կապեր ունի Վրաստանում, նրան ասել է, որ այնտեղ հետաքրքրվի: «Ժորիկի» միջոցով է ծանոթացել Հրաչ Մայիլյանի հետ:

Իր ցուցմունքում Սանասար Գաբրիելյանը  Հրաչ Մայիլյանի մասին ասել է «լանգուլավազ», «շանորդի», նրան առանձնապես չի վստահել, իսկ վերջում հրաժարվել է նրա բերած «տրուբեն» գնելուց:

Այդ «տրուբի»՝ «Իգլայի» ընդամենը  մի մասի լուսանկարը Սանասար Գաբրիելյանը ցույց է տվել «կամանդուշչի» Սամվել  Բաբայանին՝ նրան համարելով զենքի գիտակ. «Բաբայանն ա դրա խիրուրգը՝ ամեն ինչը հասկացողը, բա ո՞ւմ ցույց տայի… Ես կամանդիր բատալյոն եմ էղել, իսկ էդ մարդը՝ Բաբայանը, մասնագետ ա, ես բանաստեղծությունների գիրք չեն տարել ցույց տալու, որ նա ասի՝ լա՞վ պոետ ա, թե չէ»:

Սամվել Բաբայանը նայելով Հրաչ Մայիլյանի պլանշետով լուսանկարված «Իգլայի» խողովակին, ասել է, թե դա անպետք ապրանք է՝ դա զապչաստ է, ոչ թե զենք: Բայց նաև նշել է, թե մեր կռիվը դեռ չի ավարտվել, մի «շուռուպն» էլ կարող է բանակին անհրաժեշտ լինի: Կարող են էդ «զապչաստը» արկղի մեջ դնել, տանել ու թաղել Քաշաթաղի տարածաշրջանի Նարիշտար գյուղի տարածքում: Երբ կարիքը լինի՝ որևէ ուսադիրավորի՝ «թևավորի», կարող են տանել, «զապչաստի» տեղը ցույց տալ, որ վերցնի բանակի կարիքների համար:

Սանասար Գաբրիլեյանը նշեց, թե «Իգլայի» խողովակի գումարը ինքը պիտի տար, Սամվել Բաբայանը դրա հետ ոչ մի կապ չուներ: Ինքը «ցեխեր» ունի, բիզնես, զբաղվել է տախտակի մատակարարմամբ, Մոսկվայից իրեն մեծ գումարներ պիտի ուղարկեին, ինքը դրանից պիտի վճարեր այն զենքի համար, որը ցանկանում էր նվիրել բանակին: Ինքը չի ցանկացել գումար նվիրել բանակին, այլ անձամբ ցանկացել է որևէ զինատեսակ նվիրել:

Սամվել Բաբայանի նշած գյուղի կոնկրետ տեղը ինքը  զանգել ու հարցրել է, քանի որ, ճիշտ է, ինքը Քաշաթաղի տարածաշրջանում կռվել էր, տեղանքը շատ լավ գիտեր, բայց պարտավոր չէր հիշելու տարածաշրջանի 104  գյուղերի անունները:

Առանց «Իգլայի» խողովակը ձեռք բերելու ինքը ցանկացել է մեկնել Քաշաթաղի տարածաշրջան ու այնտեղ լուսանկարներ անել՝ գլուխ գովելու համար. «Ըտեղ ազգի դավաճանություն տեսնո՞ւմ եք… Դա էս գործի հետ կապ չունի…»:

Բայց նրանց մեքենան ճանապարհին կանգնեցրել են, մեքենան ստուգել, իսկ իրենց բերման են ենթարկել…

Սանասար Գաբրիելյանն ասաց՝ քանի որ ինքը պիտի վճարեր, ինչ-որ «տրուբի» համար չի ցանկացել 50   հազար   դոլար վճարել. «Ով երաժշտությունը պատվիրում ա, նա էլ տանցուետ… Սամվել Բաբայանը փող չէր տվել, որ ասեր՝ ինչ անենք…»:

Սանասար Գաբրիելյանը նշեց, որ Սամվել Բաբայանը «Իգլայի» լուսանկարին նայելով՝ միայն խորհուրդ է տվել, եթե նա իրեն հրահանգ տար, քանի որ իր «կամանդուշչին» էր, ինքը նրա հրահանգը կկատարեր…

Ըստ Սանասար Գաբրիելյանի՝ ինքը Սամվել Բաբայանի հետ երբեք գումարային խնդիրներ չի ունեցել, նրա հետ ընդհանուր բիզնես չի ունեցել, նա իր համար «կամանդուշչի է ու գեներալ»: Նրա կարծիքն ինքը հարգել է, ու երբ «կամանդուշչին» ասել է, թե առաջարկվող «Իգլան» «զապչաստ» է, ինքը «զզվել է» այդ «զապչաստից», չի ցանկացել այն ձեռք բերել, զանգել ու ասել է՝ պետք չի: «Եթե նորմալ կոմպլեկտով լիներ, ձեռք կբերեի բանակին նվիրելու համար»:

Նախագահողի հարցին՝ ամբաստանյալը չգիտե՞ր, որ զենք ձեռք բերելը, տեղափոխելը քրեորեն հետապնդելի արարք է, Սանասար Գաբրիելյանը նշեց, թե Սամվել Բաբայանը դա էլ է իրեն բացատրել, ինքը նաև դրա պատճառով է հրաժարվել այն ձեռք բերելու մտադրությունից: Սամվել Բաբայանն իրեն խորհուրդ է տվել միայն, չի ուղղորդել, հրաման չի տվել:

Ամբաստանյալը իրեն տրվող բազմաթիվ հարցերի արանքում ասաց. «Մի հատ նկար եմ տեսել, էսքան հարցեր եք տալիս, ոչ մի ապացույց չունեք…»:

Մեղադրողի միջնորդությամբ հրապարակվեցին Սանասար Գաբրիելյանի նախաքննական ցուցմունքները: Դրանցում Գաբրիելյանը նշել էր, թե Արմեն Պողոսյանն իրեն ասել է՝ Վրաստանում՝ Ցխինվալում, «Իգլա» են հայթայթել: Ինքն էլ ասել է՝ եթե երեք հրթիռն էլ կոմպլեկտում լինեն, կգնի մինչև 50 հազար դոլարով: Ինքը համացանցից տեղյակ էր, որ «Իգլայի» շուկայական գինը մինչև 200 հազար դոլար է:

Ինքը Արմեն Պողոսյանին ասել է՝ պետք է պարտադիր տեսնի առաջարկվող «Իգլան»՝ աշխատո՞ղ է, երեք հրթիռն էլ կա՞ն: Իսկ երբ իմացել է, որ միայն մեկ հրթիռն է տեղում, պակասող բաներ կան, առանց տեսնելու, միայն լուսանկարին նայելով՝ հրաժարվել է այն ձեռք բերելուց:

Հրաչ Մայիլյանն ասել է, թե 4   հազար դոլար է ծախսել «Իգլան» Հայաստան տեղափոխելու համար, բայց ինքն ասել է, թե չի պահանջել, որ այն տեղափոխվի ու չի պատրաստվում վճարել դրա համար:

Հարցերին պատասխանելով՝ Սանասար Գաբրիելյանն ասաց, որ մինչև լուսանկարը Սամվել Բաբայանին ցույց տալն էլ ինքը գիտեր, որ «Իգլան» երեք հրթիռ պիտի ունենա. «Գիտեի, բայց ավելի պադռոբնը չգիտեի, թույլ գիտեի, համոզվելու համար լուսանկարը ցույց տվեցի Սամվել Բաբայանին»:

Նախաքննական ցուցմունքում Սանասար Գաբրիելյանն իրեն մասնակիորեն էր մեղավոր ճանաչել, ասել էր, թե ցանկություն է ունեցել զենք-զինամթերք ձեռք բերել՝ հայոց բանակին նվիրելու համար. «Միգուցե դիմել եմ անլուրջ մարդկանց՝ Արմեն Պողոսյանին, Հրաչ Մայիլյանին… Հիմա էլ պատրաստակամություն եմ հայտնում հայոց բանակին աջակցելու…»:

Նախաքննական ցուցմունքում Սանասար Գաբրիլեյանն ասել էր, թե ինքն արդեն որոշել էր «Իգլայի» խողովակը չգնել, բայց Սամվել Բաբայանի խորհուրդը՝ այն գնել, արկղի մեջ դնել ու թաղել Արցախի Նարիշտար գյուղի տարածքում, չի ցանկացել անտեսել, մտածել է՝ ձևական գնա, տեղում լուսանկարներ անի, ցույց տա ու ասի, թե այնտեղ բան ունի թաղված: Դատարանում Սանասար Գաբրիելյանն ասաց, թե Արցախ լուսանկարվելու էր գնում «գլուխ գովելու» համար. «Գլուխ գովելու համար հոդված կա՞»,- հարցրեց ամբաստանյալը:

Ամբաստանյալ Արմեն Պողոսյանը՝ «Ժորիկը», պաշտպանի հետ խորհրդակցելով՝ հրաժարվեց դատարանում ցուցմունք տալուց ու հարցերին պատասխանելուց:

Հրապարակվեցին նրա նախաքննական ցուցմունքները:

Ամբաստանյալը նշել էր, թե իր ծանոթ Սանասար Գաբրիելյանը 2016 թվականի սեպտեմբերին դիմել էր իրեն՝ հայոց բանակին աջակցելու համար զենք գնելու մտադրությամբ,  նա խնդրել էր զենք վաճառողի գտնել:  Հրաչ Մայիլյանը հաճախ էր գնում Վրաստան, ինքը նրան է դիմել:

Արմեն Պողոսյանը մտածել է, որ Սանասար Գաբրիելյանը չէ զենքի համար վճարողը, ոչ էլ նա է իրական պատվիրատուն: Եվ, քանի որ Սանասար Գաբրիելյանը մտերիմ էր Սամվել Բաբայանի հետ, բացի այդ՝ երբ Հրաչ Մայիլյանի պլանշետով լուսանկարված «Իգլան» ինքը ցույց է տվել Սանասարին, վերջինս այդ պլանշետով մտել է «ՕՐՕ» դաշինքի շտաբ, որտեղ այդ ժամանակ գտնվում էր Սամվել Բաբայանը: Ահա այս ամենը ի մի բերելով՝ Արմեն Պողոսյանը ենթադրել է, որ իրական պատվիրատուն ու վճարողը կարող է և Սամվել Բաբայանը լինել:

Դատարանում Արմեն Պողսյանը պնդեց, որ դա սոսկ իր ենթադրությունն է, այն իրականությանը չի համապատասպանում, թե ինչու է ինքն իր ենթադրությունը նշել նախաքննական ցուցմունքում, չի կարող ասել: Ինքը Սամվել Բաբայանին չի ճանաչել, նրա հետ երբեք չի շփվել:

Պողոսյանը իր նախաքննական ցուցմուքներում տարբեր դիրքորոշումներ էր հայտնել՝ մի դեպքում իրեն լիովին մեղավոր էր ճանաչել, մի դեպքում՝ մասնակիորեն էր մեղավոր ճանաչել:

Դատարանում Սանասար Գաբրիելյանը Արմեն Պողոսյանին հարցրեց՝ նա գիտի՞, թե ինչի համար է մեղադրվում: Վերջինս նշեց՝ խմբի կազմում ապօրինի զինամթերք ձեռք բերելու, պահելու, տեղափոխելու համար:

«Դրանից ո՞րն ես դու կատարել»,- հարցրեց Գաբրիելյանը:

«Ոչ մեկը»,- պատասխանեց Պողոսյանը:

«Բա քեզ ինչի՞ համար ես մեղավոր ճանաչել»,- հարցրեց Գաբրիելյանը:

Արմեն Պողոսյանը դատարանում դիրքորոշում չհայտնեց, իսկ Գաբրիելյանի հարցին խոստացավ պատասխանել իր պաշտպանական ճառում:

Արմեն Պողոսյանը նախաքննական ցուցմունքում նշել էր, թե մի քանի անգամ ինքը Հրաչ Մայիլյանի հետ, որոշ դեպքերում՝ Սանասար Գաբրիլեյանը նույնպես, մեկնել են Թբիլիսի, բայց «Իգլայի» ձեռքբերման ուղղությամբ հաջողության չեն հասել: Պողոսյանն ու Մայիլյանը նույնիսկ մեկնել են Ուկրաինա՝ Գոռլովկա՝ մտածելով, թե այնտեղ պատերազմական գործողություններ են, միգուցե զենք ճարելը հեշտ լինի: Բայց այնտեղի ծանոթներն ասել են, թե զենք-զինամթերքը իրենց մոտ խստագույնս հաշվառված է, վաճառել չեն կարող:

Հերթական ուղևորության ժամանակ Թբիլիսիում Արմեն Պողոսյանն ու Հրաչ Մայիլյանը հանդիպել են Էջմիածնի նախկին քաղաքապետի որդի Ռոբերտ Աղվանյանին, ով չգիտես որտեղից ՝ գիտեր, որ նրանք «Իգլա» են ուզում ճարել:

Ռոբերտն ասել է, թե կարող է այդ գործը գլուխ բերել: Եվ շուտով ասել է, թե «Իգլան» ճարել է, միայն «տակի բանը չկա», պատրաստ է այն  վաճառել 40 հազար դոլարով: Ռոբերտը գինը նույնիսկ իջեցրել է մինչև 38 հազար դոլար՝ խոստանալով ճարել նաև «Իգլայի» «տակի բանը»:

Սակայն այդ «Իգլա» կոչվածի լուսանկարը տեսնելով՝ Սանասար Գաբրիելյանն ասել էր, թե չի ցանկանում այն ձեռք բերել:

Ըստ Պողոսյանի՝ «Իգլան» իրենց համար անսպասելի էր հայտնվել Հայաստանում, օրերից մի օր Հրաչ Մայիլյանն ասել էր, թե «Իգլան» Էջմիածնում է՝ իր ավտոտնակում, նա իր պլանշետով լուսանկարել էր առաջարկվող զենքը, պլանշետը տվել էր իրեն, ինքը՝ Սանասար Գաբրիելյանին, որ համաձայնություն ստանան ու զենքի համար վճարվի, սակայն Գաբրիելյանն ասել էր, թե դա իր ուզած զենքը չէ, հրաժարվել էր դրա համար վճարելուց:

Հրաչ Մայիլյանը շատ էր վրդովվել, ասել էր, թե «Իգլան» տեղափոխելու համար 4 հազար դոլար է ծախսել, դա մնում է իր «վզին»:

Արմեն Պողոսյանին զանգել ու հանդիպման մասին պայմանավորվել էր Հրաչ Մայիլյանի որդին, բայց ժամադրավայրում Պողոսյանին սպասում էին ԱԱԾ աշխատողները:

Նախաքննական ցուցմունքում Արմեն Պողոսյանը նշել էր՝ Սանասար Գաբրիելյանի վճարելիք գումարից ինքն ու Հրաչ Մայիլյանը 5 հազար դոլար էին ունենալու, որը կիսելու էին: Դատարանում Պողոսյանն ասաց, թե ինքը այդ գործարքից որևէ օգուտ չէր ունենալու, հինգ հազար դոլար վերցնելու «մտահղացումը» Հրաչինն է եղել, բայց ինքը ոչինչ չի ուզել՝ իմանալով, որ զենքը հայոց բանակի համար է: «Հրաչը միշտ ասում էր՝ ես ձրի ոչինչ չեմ անում»:

Դատարանում Պողոսյանն ասաց, որ կոնկրետ «Իգլա» ձեռք բերելու առաջարկը եղել է Հրաչի կողմից…

Հիշեցնենք, որ այս գործով Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 38-235 հոդվածի 2-րդ և 190 հոդվածի 1-ին մասերով՝ Բաբայանը, ըստ մեղադրանքի, դրդել է մի խումբ անձանց՝ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն, պահելուն, ինչպես նաև՝ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:

Գործով ամբաստանյալներ Սանասար Գաբրիելյանն ու Արմեն Պողոսյանը մեղադրվում են մի խումբ անձանց հետ՝ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով «Իգլա» ձեռք բերելու, փոխադրելու և պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասով:

Եղբայրներ՝ Անդրանիկ և Կարեն Քոչարյանները, ինչպես նաև Ժորա Զաքարյանն ու Դավիթ Հարությունյանը մեղադրվում են հանցավոր ճանապարհով ստացված գույքը՝ դրա հանցավոր ծագումն ու իրական բնույթը խեղաթյուրելու և օրինական շրջանառության մեջ մտցնելու նպատակով ձեռք բերելուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-190 հոդվածի  1-ին մասով: Խոսքը կարմիր ներկանյութով պատված 101 հատ 50 եվրո և 2 հատ 20եվրո արժողությամբ թղթադրամների մասին է, որոնց անհաջող «լվացման» փորձ են կատարել, ըստ մեղադրանքի, գործով հինգ ամբաստանյալները:

Եվրամիության մի շարք երկրների բանկոմատներում գումարների անվտանգության խախտման դեպքում՝ օրինակ՝ բանկոմատի վրա հարձակման ժամանակ, թղթադրամները կարող են ավտոմատ կերպով պատվել կարմիր ներկանյութով: Ահա թե ինչու՝ թղթադրամի՝ հատուկ կարմիր ներկանյութով պատված լինելը կարող է նշանակել, որ թղթադրամը գողոն է եղել, հանցավոր ճանապարհով է ձեռք բերվել…

Գործով կալանքի տակ են միայն Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանն ու Արմեն Պողոսյանը, մնացած չորս ամբաստանյալների խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին:

Դատական հաջորդ նիստին՝ հոկտեմբերի 30-ին, դատարանում կհարցաքննվի Սամվել Բաբայանը:

Կողմերի միջնորդությամբ դատարան կհրավիրվի ու կհարցաքննվի նաև դատաձգաբանական փորձաքննությունն անցկացրած փորձագետներից մեկը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20