Չեմ ուզում ասեմ, թե մեր անկումը ինչի հետ է կապված

- in Տնտեսական
28
ignati-araqelyan

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը ներկայացրեց 2017թ. առաջին 9 ամիսներին ոլորտում իրականացված աշխատանքները:

«Խնդիրները լուծելով կստեղծենք հնարավորություն, որ գյուղատնտեսությամբ զբաղվողներն ապահովեն իրենց բարեկեցիկ կենցաղ: Մենք այսօր կառուցում ենք համակարգ, որը թույլ կտա դա ուենալ: Մենք չունենք մատչելի ֆինանսական ռեսուրսներ, մենք ունենք ոռոգման համակարգի ոչ լիարժեք ապահովվածություն: Բնակլիմայական աղետներից ապահովագրված չենք, բնակլիմայական աղետների վնասների փոխհատուցումը ապահոված չէ: Մենք ունենք շատ թույլ կրթական և խորհրդատվական համակարգեր: Մեր գյուղատնտեսությունն ավանդական է, այնինչ աշխարհում կան շատ բարձրարժեք մշակաբույսեր և ինտենսիվ գյուղատընտեսություն, որը թույլ է տալիս բարձր եկամտաբերություն ունենալ»,- նշեց ՀՀ գյուղատնտեսության նախարարը:

Հայաստանը, պարզվում է, օրգանական գյուղատնտեսության զարգացման մեծ պոտենցիալ ունի: ՀՀ գյուղատնտեսության  նախարար Իգնատի Առաքելյանն ասաց, որ նախարարությունը Հայաստանում օրգանիկ պարարտանյութերի ծավալների ավելացմանն ուղղված ծրագրեր է իրականացնում: «Հայաստանում արտադրված օրգանիկ պարարտանյութը եւս կարող է մրցունակ լինել. այդ դեպքում ինչո՞ւ սուբսիդավորենք քիմիականը, եթե կա օրգանականը»:

Նրա խոսքով` նախարարությունը ծրագրեր ունի օրգանիկ գյուղատնտեսությունը դարձնելու առանձին ուղղություն. «Այն կարող է որոշ համայնքներում զարգացնել ագրոտուրիզմը»:

Ինչ վերաբերում է օրգանական մեղրի արտադրությանն ու արտահանմանը՝ Իգնատի Առաքելյանն ասաց, որ վերջնական փաստաթղթավորման եւ ներմուծող երկրների կողմից հավաստագրման հարցի լուծումից հետո նոր օրգանիկ մեղրը կարտահանվի:

Հայաստանում տավարի մսի գնի թանկացումը հիմնականում կապված է շուկայում անասնակերի թանկացան հետ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

«Այս տարի 12000 գլխով ավելի ոչխար է արտահանվել Հայաստանից: Մսի շուկայում այսօր որեւէ արտառոց բան չի կատարվում, այնպես որ պետք չէ ավելորդ պանիկա ստեղծել»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ տավարի միսը հիմնականում թանկացել է 100-150 դրամով, խոզի միսն էլ միջազգային շուկայում եւս թանկացել է, որն էլ իր ազդեցությունն է ունենում մեր շուկայի վրա:

Այս տարի գյուղատնտեսության նախարարությունը խաղողի մթերման հետ կապված խնդիրներ չունի: Այս մասին ասաց  ՀՀ գյուղատնտեսության  նախարար Իգնատի  Առաքելյանը: Նրա խոսքով` նախորդ տարիներից դեռ մնացած խնդիրներ կան, որոնց լուծումը նախարարությունը փորձում է  տալ հնարավորության սահմաններում: «Այս տարի ամեն ինչ ըստ պայմանագրերի է ընթանում: Մթերողների հետ պայմանավորվել ենք, եւ նրանք կարող են 3-տոկոսանոց վարկերից օգտվել` գյուղացիների գումարը ժամանակին վճարելու համար»,-ասաց նա:

Նախարարը տեղեկացրեց, որ պատրաստվում  է եւ շուտով քննարկման կդրվի  գյուղատնտեսության մասին օրենքը: «Այս օրենքի մեջ մենք ցանկանում ենք նախանշել այն բոլոր հարցերը, որոնք այսօր կան գյուղատնտեսության ոլորտում` տնտեսությունների համար  համապատասխան պետական աջակցության ծրագրեր կազմելու համար»,-ասաց նա:

Անդրադառնալով Գյուղատնտեսության նախարարության կողմից  2007 թվականից ի վեր իրականացվող տավարաբուծության զարգացման ծրագրին՝ նախարար Առաքելյանն ընդգծեց, որ ծրագրում փոփոխություններ են կատարվել եւ եթե նախկինում եվրոպական երկրներից ներկրվել են համաշխարհային ճանաչում ունեցող դասական կաթնատու և կաթնամսատու ցեղեր, տոհմային երինջներ, որոնք հանձնվել են ֆերմերներին, ապա այս տարվանից , ըստ ծրագրում կատարված փոփոխության, նախատեսվում է վերականգնել կովերի արհեստական սերմնավորման գործընթացը, կազմակերպել սերմնահեղուկի տեղական արտադրությունը, ներդնել սաղմերի փոխպատվաստման տեխնոլոգիան, ինչը հնարավորություն կընձեռի մեր երկրում կազմակերպել բարձրարժեք երինջների աճեցումը և դրանցով համալրել տավարի նախիրները. «2017-2018 թվականների համար ֆերմերներին տրամադրելու ենք 250 գլուխ երինջ: Խոզի միսը միջազգային շուկայում թանկացել է, ինչը բերել է թանկացման, գառի միսը կրկնակի արտահանվել է, ինչը բերել է թանկացման: Կովի միսը քիչ է թանկացել 100-200 դրամ, ինչը թանկացում չէ: Խոտի գինը թանկացել է, այո»:

Լալա ԳԱՍՊԱՐՅԱՆ

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20