Չճանաչված շատ պետությունների ոգեշնչում է Կատալոնիան

- in Կարծիք

Կատալոնիան Իսպանիայի հյուսիս – արևելքում գտնվող զարգացած գավառ է` 7,5 միլիոն բնակչությամբ: Կատալոնացիներն ունեն իրենց լեզուն, մշակույթը, սակայն Իսպանիայի սահմանադրությամբ ճանաչված չեն որպես առանձին ժողովուրդ:

Վերջին հինգ տարիներին տարածաշրջանում աճել է անկախության կողմնակիցների թիվը: Տեղական խորհրդարանի 2015թ-ի ընտրություններում Կատալոնիայի անկախությունը պաշտպանող ալյանսը ստացավ մանդատների 60%-ը և կարելի է պնդել, որ դրանով էլ մեկնարկ տրվեց անկախության գործընթացին, որի տրամաբանական հանգրվանը վաղվա հանրաքվեն է: Անկախության հանրաքվեի առաջին փորձը տեղի է ունեցել 2014-ին, սակայն Իսպանիայի կենտրոնական իշխանություններին հաջողվել է վիժեցնել գործընթացը: Կատալոնացիներն այս անգամ վճռական են տրամադրված, իսկ Մադրիդում նույնիսկ պատրաստ են ուժային գործողությունների: Վաղվա գլխավոր ինտրիգն այն է` կկայանա՞ հանրաքվեն, թե՞ Իսպանիայի իշխանություններին կհաջողվի տապալել այն: Բարսելոնայում հղում են անում միջազգային իրավունքին և պնդում են, թե ինքնորոշվելու իրավունք ունեն: Կատալոնացիները ճիշտ են, մանավանդ, որ բնակչության մեծամասնությունը կողմ է ինքնիշխանությանը:

Սակայն` իրավական առումով, ճիշտ են նաև Իսպանիայի կենտրոնական իշխանությունները, որոնք վկայակոչում են երկրի սահմանադրությունը և պնդում են, որ այն լեգիտիմ չի համարում միակողմանի նախաձեռնությունները: Մինչ Կատալոնիայի մայրաքաղաքում տասնյակ հազարավոր մարդիկ իրենց համերաշխությունն են հայտնում անկախության գաղափարին, Իսպանիայի կենտրոնական իշխանությունները գործուն քայլեր են կատարում հանրաքվեն վիժեցնելու ուղղությամբ: Տարածաշրջանում մոբիլիզացված է մի քանի հազար ոստիկան, կատարվում են խուզարկություններ և ձերբակալություններ, կնքված են 2315 տեղամասերից 1300-ի դռները, որպես տեղամաս ծառայող 163 դպրոցի շենք զբաղեցված է անկախության կողմնակիցների կողմից: Այնուամենայնիվ, Կատալոնիայի նախագահ Կառլես Պուչեմդոնը վստահ պնդում է, թե հանրաքվեն կայանալու է` տպավորություն ստեղծելով որ Բարսելոնայում գոյություն ունի պլան Բ-ն: Իսպանիայի իշխանություններն, իրենց հերթին, խոստանում են կիրառել կոշտ միջոցառումներ, թերևս` ոգևորված այն հանգամանքով, որ Եվրամիությունն իր անվերապահ աջակցությունն է հայտնել Իսպանիայի տարածքային ամբողջականությանը և առհասարակ` չկա որևէ երկիր, որն այս պահին պատրաստ է ճանաչել Կատալոնիայի անկախությունը: Մյուս կողմից` Մադրիդում մտավախություն ունեն, որ եթե Կատալոնիայում հանրաքվեն հաջողի, անջատողական տրամադրությունները կտարածվեն երկրի այլ շրջաններ, մասնավորապես` Բասկերի երկիր:

 

Կատալոնիան Ղարաբաղի ճանապարհով

Եթե Կատալոնիայում հանրաքվեն, այնուամենայնիվ, կայանա, ապա Իսպանիայի այս հարուստ շրջանն, ըստ ամենայնի, կհամալրի Արցախի, Աբխազիայի, Մերձդնեստրի, Հարավային Օսիայի, Սոմալիլենդի, չճանաչված մյուս պետությունների շարքերը: Օրինակ` Արցախը, մասամբ նաև Հյուսիսային Կիպրոսը կարողացել են ապահովել պետական մարմինների ֆունկցիոնալությունը` նույնիսկ անկախ միջազգային ճանաչումից: Մյուս կողմից`միջազգային ճանաչումը այն գլխավոր հանգամանքն է, որը երկարաժամկետ կտրվածքով ապահովում է պետության կենսունսկությունը: Սա հատկապես վերաբերում է Կատալոնիային, որի պարագայում` անկախության չճանաչումը հանգեցնելու է ԵՄ-ից դուրսմղման` դրանից բխող մարտահրավերներով: Իհարկե չճանաչված շատ պետությունների ոգեշնչում է Կոսովոյի նախադեպը, որի անկախության ճանաչման գործընթացը սկսվեց 1991-ի անկախության հանրաքվեից միայն 17 տարի հետո` 2008-ին: Սակայն հակամարտությունները` չնայած բազմաթիվ ընդհանրություններին, ունենում են միայն իրենց բնորոշ առանձնահատկություններ և հիմա դժվար է նախադեպային կանխատեսումներ անելը:

 

Ինքնորոշման իրավունքի նահանջ

Միանգամայն բնական է այն համակ ուշադրությունը, որը Հայաստանում նկատվում է Իրաքյան Քուրդիստանի և Կատալոնիայի անկախության հանրաքվեների հանդեպ: Մեր հայրենակիցներին ոգևորում է աշխարհում նոր թափ հավաքող ինքնորոշման պայքարը` հույսեր ծնելով, որ դա դրական համատեքստ կստեղծի նաև ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացում: Ոգևորությունը մի փոքր զգայական, էմոցիոնալ է, որովհետև Կատալոնիայի և Քուրդիստանի հանրաքվեներն այս իմաստով հակառակ էֆեկտն ունեն` աշխարհում ուժեղանում են սահմանների անձեռնմխելիության սկզբունքի կողմնակիցների դիրքերը: Նույնիսկ շատ իրավաբան-միջազգայնագետներ ինքնորոշման սկզբունքի գործողությունը սահմանափակում են, այսպես կոչված, «գաղութային» դեպքերի համար:

Այնուամենայնիվ, ազգերի ինքնորոշման և երկրների տարածքային ամբողջականության սկզբունքներն իրարից անկախ, հավասարազոր սկզբունքներ են և յուրաքանչյուրի հակամարտության առանձնահատկություններն ու միջազգային ստատուս-քվոն են որոշում, թե դրանցից որին գերապատվություն կտան համաշխարհային քաղաքականության կենտրոնները:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20