Ռուսաստանի ավտորիտար առաջնորդը դառնում է 65 տարեկան

- in Հասարակություն
Putin

Այսօր Ռուսաստանի ավտորիտար առաջնորդ Վլադիմիր Պուտինը դառնում է 65 տարեկան: Երկրում, որտեղ, ըստ հարցումների, նախագահին վստահում է հասարակության շուրջ 80%-ը, նրա ծննդյան օրը բարձր տրամադրություն պետք է լիներ:

Սակայն նույնիսկ Պուտինն արդեն լուրջ չի վերաբերվում այս թվերին, մանավանդ, որ այսօր Ռուսաստանի ութսուն քաղաքներում, բայց հատկապես` նրա ծննդավայր Սանկտ Պետերբուրգում, Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցներն անցկացնելու են զանգվածային ակցիաներ` հենց նախագահի հրաժարականի պահանջով: Հոկտեմբերի 2-ին Նավալնին քսանօրյա վարչական կալանքի է դատապարտվել ապօրինի հանրահավաք կազմակերպելու համար, երեկ իրավապահ մարմինները տևական խուզարկություններ են անցկացրել նրա շարժման Մոսկվայի գրասենյակում, ընդդիմության առաջնորդի կողմնակիցներ են ձերբակալվել Վորոնեժում, Սոչիում: Իշխանություններն ակնհայտորեն խուճապի մեջ են և ամեն ինչ անում են բողոքի այսօրվա ակցիաները խափանելու համար: Ալեքսեյ Նավալնիի կայքում տեղադրվել է բանտից արված նրա լակոնիկ կոչը. «Հոկտեմբերի 7-ին մենք պետք է փորձենք բոլորս միասին խոսել…Պուտինը պետք լսի և թոշակի անցնի: Նա 18 տարի իշխում է և դա բավարար է»:

Հոկտեմբերի 7-ը` Պուտինի ծննդյան օրը, խորհրդանշական ամսաթիվ կարող է դառնալ Ռուսաստանի պատմության համար: Հենց այսօր կարող է արձանագրվել, որ ռուսաստանցիներն այլևս հաղթահարել են վախը և մարտահրավեր են նետում դիկտատորին` չնայած ձերբակալություններին և տոտալ ճնշումներին: Իսկ սա արդեն ենթադրում է Պուտինի «կայսրության» քայքայման մեկնարկը, որովհետև ռուսական ավտորիտարիզմը կառուցված է հենց հասարակության վախի, ահաբեկման վրա: Խնդիրն առաջիկա նախագահական ընտրությունները չեն, որոնց Վլադիմիր Պուտինը, ըստ ամենայնի, կմասնակցի և կհաղթի, մանավանդ, որ իշխանություններն արդեն հայտարարել են, որ Նավալնին դրանց մասնակցել չի կարող: Իշխանությունները լուրջ մտավախություններ ունեն, որ նախագահական առաջիկա ընտրությունները ոչ միայն չեն ամրապնդելու Պուտինի իշխանությունը, այլ խորացնելու են դրա ճգնաժամը` այն դարձնելով համակարգային և անշրջելի: Մունիցիպալ վերջին ընտրություններում մասնակցությունն ընդամենը 29% էր, սակայն նույնիսկ այդ թիվն իրական չէ, որովհետև «նկարվել» է, այսպես կոչված, «հեռակա» քվեարկությունների միջոցով, երբ ոչ թե ընտրողն է մոտեցել տեղամաս, այլ քվեատուփն են մոտեցրել նրան: Նման պասիվությունը խոսում է իշխանությունների և ընտրությունների հանդեպ հասարակության տոտալ անվստահության մասին: «Ես ոչ միայն չեմ որոշել, թե ում հետ եմ մրցակցելու այդ ընտրություններին, այլ նույնիսկ չեմ որոշել, թե արդյոք մասնակցելու եմ դրանց, թե ոչ»,- երեք օր առաջ ասել է Պուտինը: Վերջինիս խոսքերը խիստ ուշագրավ են և, ըստ էության, բացահայտում են նրա քաղաքական խուճապը: Պուտինին հուզում է իր պոտենցիալ մրցակցի խնդիրը, այնպիսի մարդու մասնակցությունն ընտրություններին, որ կլեգիտիմացնի Ռուսաստանի գործող նախագահի հաղթանակը: Իշխանությունները Նավալնիից վախենում են, իսկ «անշառ Նավալնի» գտնելը` այնքան էլ դյուրին գործ չէ: Կրեմլի քաղտեխնոլոգները մի քանի սցենարի վրա են աշխատում՝ մասնավորապես չբացառելով, որ նախագահական ընտրություններին Պուտինի հիմնական մրցակիցը լինի հայտնի լրագրող Քսենիա Սոբչակը։ Սակայն այս տարբերակը կարող է չաշխատել, որովհետև ռուսաստանցիների մեծամասնությունը լուրջ չի վերաբերվում Քսենիային, ինչի հետևանքով ընտրություններն ակնհայտորեն «ջրիկանալու» են:

Եթե Ալեքսեյ Նավալնիին թույլ չտան մասնակցել ընտրություններին, ապա նա, ըստ ամենայնի, դրանք բոյկոտելու կոչ կանի` Պուտինի համար երաշխավորելով դատարկ տեղամասերում հաղթանակ տանելու տխուր հեռանկարը: Դա ուժեղ հարված կլինի աշխարհից իզգոյացող Պուտինի ներքին լեգիտիմությանը և ազդակ հեղափոխական զարգացումների համար, որոնք ճանապարհ կարող են բացել նաև Հայաստանի ապագաղութացման համար:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրը ձերբակալված ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցները բողոքի ակցիայի են դուրս եկել: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ցույցի մասնակիցների մեծ մասը վերադարձել է Պուշկինի հրապարակ: Այնտեղ հարյուրավոր մարդիկ են հավաքվել:

Երկու ժամ Նավալնիի կողմնակիցներն իրագործում են իրենց սահմանադրական իրավունքն առանց խոչընդոտների ոստիկանության կողմից, ձերբակալություններ չեն եղել:

Ցուցարարները բացականչում են «Կորչի՛ թագավորը»:

Ցույցի համար հավաքվել է 400 մարդ, նրանք բացականչում են նաև «Նավալնին մեր նախագահն է»:

Նավալնին ձերբակալվել է այս տարվա սեպտեմբերի 29-ին: Ոստիկանությունը հայտնել է, որ Նավալնիին բերման է ենթարկել չարտոնված ակցիաներին քաղաքացիների մասնակցության բազմաթիվ կոչերի համար։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20