Սեղմած գազի ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացումը տրանսպորտի գնի վրա ազդեցություն չի ունենա

- in Սոցիալական
aragachap

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վախթանգ Միրումյանը նշում է, որ 2018թ. հունվարից սեղմած գազի ակցիզային հարկի դրույքաչափի ավելացումը չի հանգեցնի հասարակական տրանսպորտի սակագների թանկացման:

Ազգային ժողովում ՀՀ 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում, պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին, Վախթանգ Միրումյանը նշեց, որ իրենց բոլոր հաշվարկները ցույց են տալիս, որ դա հասարակական տրանսպորտի սակագների թանկացման  վրա ազդեցություն չի կարող ունենալ:

«Մենք գիտենք, որ սեղմած գազի 1 մետր խորանարդը վաճառվում է 170-180 դրամով, մինչդեռ նախքան գազի գնի իջեցումը դա վաճառվում էր 200 դրամով: Այսինքն` այստեղ մեկ մետր խորանարդի մասով մենք ունեինք 20-30 դրամ խնայողություն և 200 դրամի պարագայում հասարակական տրանսպորտի սակագինը չէր բարձրացել: Այսինքն, որևէ հիմնավոր պատճառ չկա ասելու, որ դա կհանգեցնի թանկացման, քանի որ այն ժամանակ, երբ 200 դրամով էր վաճառվում սեղմած գազի 1 խորանարդ մետրը, հասարակական տրանսպորտի սակագները նույնն էին, ինչ հիմա, ուստի, ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացմամբ պայմանավորված, սեղմած գազի  գնի 1 խորանարդ մետրի 20-30 դրամ հնարավոր բարձրացումը չի կարող ազդել հասարակական տրանսպորտի սակագների թանկացման վրա»,- նշեց Միրումյանը:

Վախթանգ Միրումյանը նաև հայտնեց, որ ակցիզային հարկի մասով իրենք ակնկալում են 16.74 միլիարդի չափով հարկային եկամտի աճ, սակայն հաշվարկներում հաշվի են առնում նաև բացասական ազդեցությունները: ՊԵԿ փոխնախագահը մանրամասնեց, որ օղու ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացումից ակնկալում են ստանալ 1.86 միլիարդ դրամ, ծխախոտի գծով՝ 4.6 միլիարդ դրամ, բենզինի և դիզելային վառելիքի գծով՝ 1.93 միլիարդ դրամ, սեղմած գազի մասով՝ 7.35 միլիարդ դրամ, շարժիչային յուղերի գծով՝ շուրջ 1 միլիարդ դրամ լրացուցիչ եկամուտ: «Սակայն սրանք միայն դրական ազդեցություններն են, բայց հարկային օրենսգիրքն ունի նաև բացասական ազդեցություններ: Օրինակ,  ավելացված արժեքի հարկի գծով մեր ակնկալիքը կազմում է -3.85 միլիարդ դրամ, դուք լավ գիտեք, որ մենք այստեղ լրացուցիչ եկամուտների ակնկալիքներ չունենք, սակայն ունենք ազատականացումներ, որոնք չենք կարող բացասաբար չազդել եկամուտների վրա: «Մենք օտարերկրյա պետություններում գրանցված մեքենաների համար վերացնում ենք ճանապարհային վճարը, որը ևս բացասական ազդեցություն է ունենալու: Եկամտահարկի  փոփոխություններից էլ մենք լրացուցիչ եկամուտներ չենք ակնկալում»,- մանրամասնեց ՊԵԿ փոխնախագահը:

Ընթացիկ տարվա առաջին 9 ամիսների կտրվածքով Հայաստանում  հարկային եկամուտների աճը կազմել է 49.1 միլիարդ դրամ: Ազգային ժողովում ՀՀ 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանն այս մասին ասաց պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վախթանգ Միրումյանը:

«Այդ աճը կազմում է 6.3 տոկոս: Սակայն կարևոր եմ համարում նշել, որ այս աճը չի ներառում ավելացված արժեքի հարկի գումարների վերադարձը: 2017թ. սկսած՝ մենք արդեն այլ կերպ ենք հաշվարկում ավելացված արժեքի հարկի  գերավճարների գումարների վերադարձը: Հիմա մենք այդ գերավճարների վերադարձը եկամուտներից հանում ենք և նախկինի նման չենք արտացոլում համապատասխան ծախսային հոդվածներով: Այս պարագայում, եթե մենք ցանկանում ենք ստանալ համադրելի պատկեր, ապա պետք  ասեմ, որ համադրելի պատկերի առումով իրավիճակը հետևյալն է: Առաջին 9 ամիսների կտրվածքով ունենք հարկային եկամուտների 74.5 միլիարդ աճ և այս դեպքում նախորդ տարվա համեմատ աճը կազմում է 9.5 տոկոս»,- ընդգծեց ՊԵԿ փոխնախագահը:

Նա հավելեց, որ տարվա ընթացքում հարկային եկամուտների աճն ուղեկցվել է գործնականում ոչ պակաս կարևորություն ունեցող քայլերի զուգորդմամբ: Մասնավորապես կարևոր նշանակություն ունեն վարչարարության այն գործիքները, որոնք բերում են գերավճարների. ինչպես նաև հարկային ստուգումների քանակի նվազմանը: Մենք ունենք գերավճարների նվազում շուրջ 22 միլիարդ դրամի չափով, որը կազմում է 7.8 տոկոս: Հարկային ստուգումների մասով մենք ունենք 48 տոկոս նվազում»,- ասաց Միրումյանը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...