Սերժ Սարգսյանը կարգավորման գործընթացը ծառայեցնում է իր համակարգի շահերին

- in Հրապարակ
65
Serj Sargsyan

Երեկ՝ հոկտեմբերի 20-ին, նախնական տվյալների համաձայնզենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, մահացու հրազենային վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ 1998թ. ծնված Արամ Սիրեկանի Խաչատրյանը և 1997թ. ծնված Հրաչ Արարատի Ավետիսյանը: Տվյալ պարագայում գործ ունենք ողբերգության հետ, որի պատասխանատուն թշնամին չէ:

Չգրված օրենքովբանակային թեմաների վրա մեզանում տաբու է դրված հակառակորդի ջրաղացին ջուր չլցնելու պատճառաբանությամբ: Իրականում գործ ունենք պսևդոհայրենասիրության հետ, որովհետև ինֆորմացիայի հասանելիության մեր ժամանակներում նման տաբուները մեր բանակը ոչ թե թշնամուց են ապահովագրում, այլ` հրատապություն պահանջող խնդիրների լուծումից:

Ադրբեջանն ընտրել է հոգեմաշ պատերազմի մարտավարությունը, ինչի հետևանքով առաջնագծում զոհվում են երիտասարդներ` հուսահատություն ծնելով Հայաստանի հասարակության շրջանում: Երբեմն թվում է՝ այս մղձավանջը վերջ չունի, որովհետև կարգավորման իմիտացիայի ֆոնին Հայաստանում և Ադրբեջանում հրապարակ չի գալիս խաղաղության հասարակական, քաղաքական պահանջ:

Ադրբեջանի մարդասպան քաղաքականության ֆոնին Հայաստանի բանակում կարգապահությունը, կանոնադրային հարաբերությունների գերակայությունը առաջնահերթություն պետք է լինեին երկրի քաղաքական իշխանության, ՊՆ ղեկավարության համար: Մինչդեռ մեր բանակում արձանագրված կորուստների միայն կեսն են թշնամական գործողությունների հետևանք, մնացած դեպքերում գործ ունենք ոչ արդյունավետ կառավարման, կոռուպցիոն դրսևորումների հետևանքով առաջացած բարոյալքության, ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքների հետ: Նախկինում բանակում տիրող անմխիթար վիճակը պայմանավորվում էր պաշտպանության նախարարի ու Գլխավոր շտաբի պետի լարված հարաբերություններով, սակայն արդեն մեկ տարուց ավելի է` Սեյրան Օհանյանն ու Յուրի Խաչատուրովը բանակում չեն: Սերժ Սարգսյանը գտավ կադրային հարցերը լուծելու փաթեթային լուծում, սակայն հոռի բարքերը զինված ուժերից արմատախիլ չեն արվում անգամ փուլային տարբերակով:

Բանակային բարեփոխումների մասին խոսվում է ամենից բարձր: Ազգ-բանակը դարձել է իշխանության քարոզչական բրենդներից մեկը, հենց դրանով էլ, թերևս, այս ծրագիրը դարձել է խոցելի կամ ծառայում է առավելապես քարոզչական նպատակներով: Բանն այն է, որ Ազգ-բանակը հրապարակում հայտնվեց իշխանության տրանսֆորմացիայի փուլում և առավելապես ծառայում է Սերժ Սարգսյանի համակարգային շահերին, կամ գուցե հակակշռող գործոն է Կարեն Կարապետյանի «նոր ոգուն»: Բայց խնդիրը նույնիսկ միայն այն չէ կամ առավելապես այն չէ, որ Ազգ-բանակը ծառայեցվում է ներհամակարգային պայքարի տրամաբանությանը: Բանակը, որպես ինստիտուտ, գործում է ներհամակարգային, ներքաղաքական պայքարի ռեժիմում, ինչը չի կարող չազդել նրա սահմանադրական ֆունկցիոնալության, կառավարման որակի ու արդյունավետության վրա: Հայաստանի բանակի զինվորը արիության էտալոն է, իրական հայրենասիրության դրսևորում, զինված ուժերի ղեկավարությունըկոռումպացված համակարգի սեգմենտ: Այս կոնտրաստը թույլ չի տալիս, որպեսզի հանրային միասնական ընկալում առաջանա բանակի, նրա առաքելության շուրջ սկզբունքորեն ի դերև անելով Ազգ-բանակի բովանդակային իրականացման հնարավորությունը:

Սերժ Սարգսյանը կարգավորման գործընթացը ծառայեցնում է իր համակարգի շահերին` պատասխանատու դառնալով Ալիևի մարդասպան քաղաքականության համար: Բանակը Սերժ Սարգսյանի ներհամակարգային գլխավոր գործիքներից մեկն է, ինչի հետևանքով դեգրադացվում է ֆունկցիոնալ, հանրային ընկալումների հարթությունների վրա: Առաջնագծում զոհվում են երիտասարդներ թշնամու գնդակից, թիկունքում զինվորները դառնում են կոռումպացված և ոչ արդյունավետ կառավարման զոհեր: Հանրային գիտակցության մեջ բանակը նույնանում է մսաղացի հետ, որը խժռում է երիտասարդ կյանքեր:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20