Սերժ Սարգսյանը հայ-թուրքական արձանագրությունները մինչև վերջ ծառայեցրել է ներքաղաքական կոնյունկտուրային

- in Կեղտոտ լվացք
Serzh Sargsyan

Ութ տարի առաջ այս օրը Ցյուրիխի համալսարանի պատմության ֆակուլտետի «Աուլա» սրահում Հայաստանի ու Թուրքիայի միջև ստորագրվեցին երկկողմ հարաբերությունների զարգացման և երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունները։

Հայկական կողմից արձանագրությունները ստորագրել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, թուրքական կողմից՝ նրա պաշտոնակից Ահմեդ Դավութօղլուն: Արձանագրությունները ստորագրվել են 3,5 ժամ ուշացումով, ինչը կապված էր արարողությունից հետո արտգործնախարարների կողմից արվելիք հայտարարություններում որոշ ձևակերպումների հետ։ Ի վերջո, արձանագրությունների ստորագրմանը ներկա ազդեցիկ երկրների ԱԳ նախարարների հորդորով և Նալբանդյան-Դավութօղլու համաձայնությամբ որոշվել է գործընթացը սահմանափակել ստորագրություններով՝ առանց դրանց հաջորդող հայտարարությունների: Արձանագրությունների ստորագրմանը ներկա են եղել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Քուշները, Եվրամիության նախարարների հանձնաժողովի նախագահ, Սլովենիայի արտգործնախարար Սամուել Ժբոգարը, Եվրամիության արտաքին և անվտանգության հարցերի ղեկավար Խավիեր Սոլանան: Ստորագրման վայրում է եղել նաև Շվեյցարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրը:

Ստորագրված արձանագրությունները հետևանք էին դեռ 2008-ի աշնանը Սերժ Սարգսյանի նախաձեռնած գործընթացի, որը փորձագիտական շրջանակներում ստացել է «ֆուտբոլային դիվանագիտություն» անունը: Երկար, անվերջ կարելի է թվարկել, քննարկել այն մոտիվները, որոնք ընկած են այս նախաձեռնության հիմքում, սակայն կարծում ենք՝ անցյալը քննարկելն այնքան էլ իմաստալից չէ՝ մանավանդ, որ ութ տարի հետո ՄԱԿ-ի ամբիոնից Սերժ Սարգսյանը նոր հայտարարություն է արել հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ, որոնք գուցե այնքան շրջադարձային չեն, որքան արձանագրությունների ստորագրումը, սակայն առնվազն բացահայտում են մեր քաղաքական համակարգի որակը, պոտենցիալը:

Միամիտ կլինի կարծել, թե Հայաստանի արտաքին քաղաքականության վրա չեն ազդում միջազգային կամ տարածաշրջանային կոնյունկտուրան, գործոնները, սակայն դժվար չէ նկատել, որ ինչպես 2008-09թթ.-ներին, այնպես էլ հիմա, Սարգսյանն իր արտաքին քաղաքականությունը հարմարեցրել է առավելապես ոչ թե համաշխարհային կամ տարածաշրջանային համատեքստին կամ ծառայեցրել է ոչ թե պետական շահերին, այլ իր իշխանության մասնավոր քաղաքական օրակարգին:

2008-09թթ.-ներին Սերժ Սարգսյանի իշխանությունը գտնվում էր տոտալ ճգնաժամի մեջ՝ ներքին և միջազգային լեգիտիմության առումով: Սերժ Սարգսյանի համար հայ-թուրքական արձանագրությունները դարձան սեփական իշխանության լեգիտիմության բանալին, այն ֆոնը, որոնք ստեղծեցին Հայաստանի վարչախմբի ռացիոնալության պատրանք՝ արմատապես փոխելով երկրի ներքաղաքական հարաբերությունների տրամաբանությունը, փիլիսոփայությունը:

Այս առումով հայ-թուրքական արձանագրությունները առավելագույնս ծառայել են Սերժ Սարգսյանի քաղաքական դիրքերի ամրապնդմանը, սակայն գործնականում ոչինչ չեն տվել Հայաստանին՝ ավելի խորացնելով հայ-թուրքական հարաբերություններում առկա ճգնաժամը: Իհարկե, սրանում մեղքի առյուծի բաժինն ունի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ իր դեստրուկտիվ քաղաքականությամբ, որի հիմքում չարդարացված նախապայմաններն են ու շանտաժը: Սակայն անկեղծ լինենք` Հայաստանի իշխանություններն ու առհասարակ քաղաքական համակարգը նույնպես պատրաստ չէին երկխոսության, ռացիոնալ օրակարգի, և Անկարայի քաղաքականությունը շատ հաճախ նվեր է եղել Սերժ Սարգսյանի և նրա շրջապատի համար:

Սերժ Սարգսյանը հայ-թուրքական արձանագրությունները մինչև վերջ ծառայեցրել է ներքաղաքական կոնյունկտուրային: Օրինակ՝ 2015 թվականի փետրվարի 16-ին Սերժ Սարգսյանը նամակով դիմել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ տեղեկացնելով Հայաստան-Թուրքիա արձանագրությունները ՀՀ ԱԺ-ից հետ կանչելու վերաբերյալ իր որոշման մասին։ Հիշեցնենք, որ այդ օրերին Հայաստանի արտաքին քաղաքականությունն աշխույժ չէր, փոխարենն իր կուլմինացիային էր հասել Սերժ Սարգսյանի դիմակայությունը Գագիկ Ծառուկյանի հետ:

Բացարձակապես սխալ և ոչ ադեկվատ էին ընտրված նաև ՄԱԿ-ում Սերժ Սարգսյանի վերջին ելույթի ժամանակն ու շեշտադրումները, եթե նույնիսկ Թուրքիան հիմա խորքային պրոբլեմներ ունի ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ: Սերժ Սարգսյանը հայ-թուրքական արձանագրությունները չեղարկելու իր մտադրության մասին հայտարարեց այն ժամանակ, երբ քրդական հարցը կարող էր նախադրյալներ ստեղծել երկու երկրների միջև նոր երկխոսության համար: Սարգսյանի մոտիվը դարձյալ ոչ թե պետության շահն է, այլ սեփական քաղաքական պլանները, «համազգային» լիդերի նրա հայտը, որը ենթադրում է ռացիոնալ քաղաքականության ստորադասում հայրենասիրական, բովանդակային առումով ոչինչ չասող և չտվող ելույթին:

Սերժ Սարգսյանի «ֆուտբոլային դիվանագիտության» վերջին ակորդը կտրվի առաջիկա գարնանը, երբ Սերժ Սարգսյանն անկասկած հանդիսավորությամբ և «համազգային» մթնոլորտում կչեղարկի հայ-թուրքական արձանագրությունները:

Սերժ Սարգսյանը խիստ անարդյունավետ «ֆուտբոլ խաղաց» պետական շահերի տեսանկյունից, որովհետև հայ-թուրքական երկխոսությունն ի վերջո այլընտրանք չունի, եթե Հայաստանն իրապես անկախ երկիր դառնալու ցանկություն ունի և անկախ այն հանգամանքից, որ այս պահին Թուրքիայի իշխանության ղեկին ոչ ադեկվատ գործիչներ են: Վերջին հաշվով Էրդողանը, ինչպես և Սերժ Սարգսյանը, անցողիկ են, նրանց անձով չի կարող նսեմանալ երկու պետությունների երկխոսության պատմականությունը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20