Սերժ Սարգսյանի քաղաքական կտակը շվեյցահայերի հետ հանդիպմանը

- in Հրապարակ
64
Serzh Sargsyan

Ժնևում Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների տարածած հայտարարությունն, ըստ էության, այնպիսին է, որ նախագահներից յուրաքանչյուրին հնարավորություն է ընձեռում փրկել սեփական քաղաքական դեմքը:

«Նախագահները համաձայնել են միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացն առաջ մղելու և հավելյալ քայլեր կատարել շփման գծում լարվածությունը նվազեցնելու նպատակով»,- ասված է համատեղ հայտարարության մեջ, ինչով փորձ է արվել լակոնիկ նախադասության մեջ ներդաշնակեցնել հայկական և ադրբեջանական օրակարգերը: «Հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում»,- ասված է ամփոփիչ հայտարարության մեջ:

Իհարկե, «կառուցողականությունը» տվյալ դեպքում հարաբերական հասկացություն է և առավելապես վերաբերում է ոչ թե կարգավորման բովանդակությանը վերաբերող առաջընթացին, այլ, ըստ էության, նկարագրում է այն բարենպաստ միջավայրը, որում անցել են Սարգսյան-Ալիև բանակցություններն ու առանձնազրույցը: Նույնիսկ տարածված լուսանկարները, որտեղ արտացոլված են երկու նախագահների տրամադրությունները, հույս են ներշնչում, որ գոնե առաջիկայում շփման գծում կպահպանվի հարաբերական խաղաղությունը, ինչը նվազեցնում է լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման ռիսկերը: Եթե նույն բարձր տրամադրությամբ նախագահները վերադառնան հայրենիք և այդ դրական ֆոնը փորձեն տարածել հակամարտության վրա, ապա նույնիսկ այդ դեպքում Ժնևի հանդիպումը կարելի է դրական և մոտիվացված համարել:

Մենք առայժմ ծանոթ չենք ադրբեջանական կողմի գնահատականներին: Համենայնդեպս, մինչև այս պահը Իլհամ Ալիևը կամ Էլմար Մամեդյարովը չեն հնչեցրել հրապարակային գնահատականներ, սակայն խոսել է Սերժ Սարգսյանը, ընդ որում՝ Հայաստանի նախագահի խոսքում բացակայել են դիվանագիտական «փոխհրաձգության» շեշտադրումները, որոնք հայկական և ադրբեջանական գնահատականների առանցքն էին բառացիորեն մի քանի օր առաջ՝ մինչև Ժնևի հանդիպումը:

«Մի քանի րոպե առաջ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումն ավարտվեց. որևէ կոնկրետ պայմանավորվածություն, այսպես ասած, չունենք, խնդրի լուծման տարբերակների մասին: Բայց պայմանավորվել ենք, որպեսզի միջոցներ ձեռնարկենք լարվածությունն էլ ավելի թուլացնելու, որպեսզի առաջնագծում չունենանք զոհեր: Պետք է ասեմ՝ և՛ Ադրբեջանի նախագահը, և՛ ես դրանում խորապես շահագրգռված ենք: Տա Աստված, որ միշտ այդպես կարծի: Նա էլ շատ լավ է հասկանում խնդրի բարդությունը, բնականաբար, ես էլ, բայց խնդիրն այնպիսին է, որ հեշտ լուծում երբեք չի լինելու»,- բանակցություններից անմիջապես հետո ասել է Սերժ Սարգսյանը՝ հանդիպելով շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Իհարկե, Հայաստանի նախագահը խոսում է կոնկրետ պայմանավորվածությունների բացակայության մասին, բայց դա չէ նրա խոսքի առանցքը, հիմնական շեշտադրումը, որովհետև նա, համենայնդեպս, առաջընթացի բացակայության պատասխանատվությունը չի բարդել Ալիևի վրա, այլ նույնիսկ փորձել է  պոզիտիվ ներկայացնել Ադրբեջանի իր գործընկերոջ կերպարը՝ նրա մեջ ավելի շատ տեսնելով բանակցային գործընկերոջ, քան պատերազմի հակառակորդի:

Ըստ ամենայնի, Սարգսյանին և Ալիևին երեկ հաջողվել է կոնսենսուսի գալ ոչ միայն առաջնագծում հարաբերական խաղաղությունը պահպանելու, այլ նաև դիվանագիտական  փոխադարձ դիմակայությունը դադարեցնելու վերաբերյալ: Համենայնդեպս, էական փոփոխություն կա Ժնևի հանդիպումից օրեր առաջ Հայաստանի նախագահի մամուլի քարտուղարի տարածած կտրուկ հայտարարության և Սերժ Սարգսյանի երեկվա լակոնիկ խոսքի շեշտադրումների մեջ:

Ուշագրավ է, որ Սերժ Սարգսյանը երեկ շվեյցահայերի հետ հանդիպմանը մի նախադասություն է հնչեցրել, որը շատ նման է քաղաքական կտակի, որտեղ սահմանվում են նշաձողեր: «Սակայն մի հարցում էլ ուզում եմ, որ բոլորդ վստահ լինեք՝ մեզ համար չկա լուծում, որը կարող է ինչ-որ կերպ խաթարել Ղարաբաղի անվտանգությունը: Մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս: Երբեք որևէ հայ ղեկավար չի կարող ընդունել այդպիսի որոշում և իրականացնել, և դրա համար մենք ամեն ինչ անելու ենք՝ զուգահեռ զարգացնելով Հայաստանը, տնտեսապես ամրապնդելով մեր երկիրը»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Միանգամից աչքի է զարնում, որ Սերժ Սարգսյանը սահմանել է ոչ այնքան իր, որքան «որևէ հայ ղեկավարի» քաղաքականության նվազագույն նշաձողը: Արդյո՞ք Սերժ Սարգսյանի այս նախադասությունը հուշում է, որ նա հաջորդ տարվա ապրիլին թողնելու է իշխանությունը, թե՞ գործ ունենք մարտավարական հնարքի հետ՝ ցույց կտա ժամանակը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20