Սուրեն Մանուկյան. Ես բիզնես չունեմ, և մոտիկ շրջապատում չունեմ ծանոթներ, հարազատներ, ովքեր ունենան խոշոր բիզնեսներ

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սուրեն Մանուկյանի հարցն առնչվում է Տավուշի մարզպետի որոշմանը: Նրա խոսքով՝ մարզպետը սոցիալական հիմնադրամից գումարները բաշխելիս մարզի տարբեր համայնքների նկատմամբ ցուցաբերել է խտրական վերաբերմունք. «Ի՞նչ վերահսկողական մեխանիզմներ են գործում նման դեպքերում»: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն առաջարկեց հարցը գրավոր ձևակերպել և պատասխանը գրավոր ստանալ, քանզի հարցը պետք է ուսումնասիրվի:

2017 թվականի ապրիլի խորհրդարանական ընտրությունների արդյունքում ՀՅԴ թիվ 13 ընտրատարածքի տարածքային ընտրացուցակով ընտրված ՀՀ ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր Սուրեն Մանուկյանը  չի ցանկանում նախապես բացահայտել խորհրդարանում իր անելիքները: Նա նշում է, որ չունի բիզնես, չունի նաև հարազատ, ով ունի խոշոր բիզնես,  ուստի անձնական շահերի առաջխաղացումը, որ ԱԺ-ում արդեն վաղուց ձևավորված ավանդույթ է,  թեռևս կարելի է դեռ բացառել նորընտիր պատգամավորի հետագա ծրագրերից: Նախընտրական քարոզարշավում ընտրողին տրված միակ խոստումը, այն է՝ պարբերաբար հանդիպելը, նա արդեն հասցրել է կատարել: Mitk.am-ը  փորձեց բարձրացնել գաղտնիության վարագույրը և պարզել, թե ինչ ծրագրերով և օրինագծերով է հետաքրքրված ԱԺ ամենաերիտասարդ պատգամավորը:

Պարոն Մանուկյան, քաղաքական աշնանը խորհրդարանում ինչպիսի՞ գործունեություն եք ծավալելու, ո՞ր օրինագծերն են հատկապես հետաքրքրում Ձեզ, ո՞ր ոլորտները:

Քանի որ ես  ԱԺ Գյուղատնտեսության և բնապահպանության հարցերով տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մշտական հանձնաժողովի անդամ եմ, բնականաբար, հիմնականում այդ ոլորտներին վերաբերվող հարցեր և օրինագծերն են ինձ հետաքրքրում: Այս պահին աշխատում ենք համապատասխան ծրագրերի ուղղությամբ, մասնավորապես տեղական ինքնակառավարման օրենքների փոփոխությամբ և ընդհաանուր գյուղատնտեսական և բնապահպանական: Այս ոլորտներում ես ունեմ բավականին մեծ փորձ, քանի որ աշխատել եմ «Հայանտառ» ՊՈԱԿ-ում, Իջևանում էլ եղել եմ ավագանու անդամ, ապա փոխքաղաքապետ: Իմ համոզմամբ, տարածքներում լիարժեք գործելու համար ավագանիների դերը պետք է բարձրացնել:

Ընտրողների հետ հանդիպումներ ունենո՞ւմ եք և նրանք հիմնականում ինչպիսի՞ հարցերով են դիմում Ձեզ՝ անձնական, սոցիալական, թե՞ երկրին, համայնքին վերաբերող:

Քանի որ ես ընտրվել եմ  ԱԺ պատգամավոր սահմանամերձ համայնքից ռեյտինգային կարգով, սոցիալապես անապահով վիճակը այնտեղ բարձր մակարդակի վրա է, և բնակչության հարցերը հիմնականում սոցիալական բնույթի են: Համայնքին վերաբերվող հարցերը բարձրացնում են ավելի հաճախ համայնքի ղեկավարները, իսկ հասարակ ժողովրդին հետաքրքրում է իր օրվա հացի խնդիրը:

Յուրաքանչյուր ընտրություններում, երբ թեկնածու էիք, որոշակի խոստումներ եք տվել ընտրողներին, դրանց ո՞ր մասն եք հասցրել կատարել, արդեն աշխատանքները սկսե՞լ եք:

Եթե խոսենք կոնկրետ իմ խոստումների մասին, միակ խոստումը, որ ես տվել եմ ժողովրդին՝ իմ քարոզարշավի ժամամակ, պարպերաբար հանդիպելն է, ու արդեն խոստումս կատարել եմ: Իսկ հիմնական ծրագիրը վերցված է ՀՅԴ կուսակցության ծրագրերից, որոնք առաջ են տարվելու կուսակցության հետ համատեղ ջանքերով:

Աշնանը յուրաքանչյուր ռեյտինգային ընտրաձևով թեկնածուի ընտրատարածքն ընդգրկող համայնքներում խոշորացման գործընթաց է իրականացվելու: Ինքներդ ինչպե՞ս եք վերաբերվում դրան և ձեր մարզում քանի փունջ խոշորացումներ են լինելու, որո՞նք են կենտրոնները:

Տավուշի մարզում՝ Նոյեմբերյանի և Դիլիջանի տարածաշրջաններն, արդեն խոշորացվել են: Աշնանը սպասվում է Բերդի տարածաշրջանի խոշորացումը, իսկ հաջորդ տարի՝ Իջևանի: Ես նաև մեր հանձնաժողովի պատգամավորների հետ միասին այցելել եմ Դիլիջան, տեղում ծանոթացել խնդիրներին, խոշորացման վատ և լավ կողմերին:

Դիլիջանի օրինակով  միանշանակ կարող եմ ասել, որ կողմ եմ խոշորացմանը, որովհետև փոքր համայնքներում,  հանդիումների ժամանակ, թե՛ ղեկավարները, թե՛ բնակիչները,  ասացին, որ խոշորացման արդյունքում իրենց համայնքներում կրկնակի շատ գործ է արվել, քանի որ խոշորացումը հանգեցրել է համայնքային բյուջեների մեծացմանը:

Ծրագրի վատ կողմն եմ համարում բնակչության մոտ տեղեկատվության պակասը. նրանք լավ չեն պատկերացնում, թե ինչ է իրենից ներկայացնում խոշորացումը և արհեստականորեն հայտարարում են, որ չեն ուզում գնալ խոշորացման: Սակայն մեր հանդիպումների ընթացքում, երբ իրենք ստանում էին իրենց հուզող հարցերի պատասխանները, անմիջապես փոխում էին վերաբերմունքը այդ ծրագրի նկատմամբ:

Ինչպե՞ս եք վերաբերվում «Ելք» դաշինքի կողմից նախաձեռնված ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնությանը:

Եթե իրենք կարծում են, որ դա մեր պետության համար ավելի լավ տարբերակ է, միանշանակ դրական եմ վերաբերվում նախաձեռնությանը. դա ցանկացած խմբակցություն իրավունքն է, իսկ ԵԱՏՄ կազմից դուրս գալուն միանշանակ չեմ կարող կողմ լինել, քանի որ ես ներկայացնում եմ նաև իմ խմբակցության դիրքորոշումը. մենք ընդհանուր քննարկման միջոցով եկել ենք այն եզրահանգման, որ այսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետությանը ձեռնտու չէ դուրս գալ ԵԱՏՄ-ի կազմից: Դրա համար բացասական եմ վերաբերվում այդ գաղափարին:

ՀՀ կառավարության հետ աշխատո՞ւմ եք, որքանո՞վ արդյունավետ, որպեսզի կարողանաք օգնել Ձեր ընտրատարածքի ազգաբնակչությանը:

Հիմնականում դա պատգամավորից է գալիս, այն բանից, թե ինչ հարաբերությունների մեջ է նա կառավարության անդամների հետ, որ հարցը ինչ ուղղությամբ կարող է տանել և ինչ եզրահանգման հասցնել: Իմ կարծիքով, բավական արդյունավետ է մեր համագործակցությունը ՀՀ կառավարության անդամների հետ, քանի որ հիմնված է փոխադարձ հարգանքի վրա, և մեր կողմից բարձրացված ցանկացած հարց համենայն դեպս իր պատասխանն ունենում է, նույնիսկ բացասական պատասխանի դեպքում մենք լիարժեք իմանում ենք պատճառը: Միգուցե մենք կոալիցիոն գործընկեր ենք, և դա է մեզ օգնում: Համենայն դեպս, որպես կոալիցիոն գործընկեր մենք արդյունավետ ենք համարում այդ համագործակցությունը: Ընդդիմադիրների տեսանկյունից չեմ կարող ասել:

Իսկ համայնքապետերի՞, որոնց անմիջական ղեկավարությամբ են այն համայնքները, որտեղ Ձեր ընտրողներն են:

Ես 4 տարի  զբաղեցրել եմ Իջևանի փոխքաղաքապետի պաշտոնը և այդ տարիների ընթացքում համագործակցել ու շփվել եմ համայնքների բոլոր ղեկավարների հետ ու բոլորին անձնապես ճանաչում եմ: Այդ առումով ինձ համար ավելի հեշտ է արդյունավետ համագործակցություն հաստատելը. նույնիսկ հեռախոսազանգերի միջոցով ենք հարցեր քննարկում:

Ինքներդ երբեմնի բիզնեսները թերևս կառավարման եք հանձնել հարազատներին: Պատգամավորությունն օգնո՞ւմ է բիզնես առաջադիմության հարցում:

Ճիշտն ասած, ես բիզնես չունեմ, և մոտիկ շրջապատում չունեմ ծանոթներ, հարազատներ, ովքեր ունենան խոշոր բիզնեսներ, և ում կարող է պետք գալ պատգամավորի միջամտությունս:  Համենայն դեպս, ինձ դեռ որևէ գործարար չի դիմել իր բիզնեսի խնդիրները կարգավորելու համար: Իմ հարազատները հիմնականում Ռուսաստանում են, և ես չունեմ որևէ բարեկամ, ով խոշոր բիզնեսի տեր լինի, իսկ փոքր բիզնեսին, կարծում եմ, միջամտելն անգամ սխալ է:

ՀՀ նախագահի Հրատապ ծրագրի շրջանակներում վերջին մեկ տարում ի՞նչ աշխատանքներ են իրականացվել Ձեր ընտրատարածքի սահմաններում:

Գյուղերում մանկապարտեզներ և դպրոցներ են վերանորոգվել, ինչպես նաև ասֆալտապատվել են ճանապարհներ, կոնկրետ Իջևան քաղաքում շենքերի տանիքներ են վերանորոգվել:

Մեր հարցերն այսքանն էին, ինչի՞ մասին ինքներդ կցանկանայիք խոսել, բայց հարց չտրվեց:

Իմ ծրագրերի մասին ավելի մանրամասն դուք կիմանաք, երբ ես դրանց ներկայացնեմ ամբիոնից, մինչև ներկայացնելը դրանց մասին խոսելը ճիշտ չի լինի:

Զրուցեց՝ Գայանե Իսահակյանը

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20