Վաշինգտոնի ղարաբաղյան, տարածաշրջանային քաղաքականության առաջնահերթությունները

- in Հրապարակ
usa-spitak-tun

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը վերահաստատել է Պետքարտուղարության աջակցությունը կոնգրեսականներ Էդ Ռոյսի (հանրապետական) և Էլիոթ Ինգըլի (դեմոկրատ) հեղինակած առաջարկներին, որոնք կոչ են անում ղարաբաղյան շփման գծից հետ քաշել դիպուկահարներին, այնտեղ մեծացնել դիտորդների թիվը, հրադադարի խախտումները հայտնաբերող համակարգեր տեղադրել:

Թիլերսոնն այսպիսով արձագանքել է Բրեդ Շերմանի և Դեյվիդ Սիսըլինիի հարցերին, որ դեմոկրատ կոնգրեսականները պետքարտուղարին էին ուղղել հունիսին Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում:

Նրա գրավոր պատասխանները հասանելի են դարձել այս շաբաթ: Վերահաստատելով, որ մարդասիրական ականազերծման աշխատանքները շարունակում են մնալ ԱՄՆ-ի առաջնահերթությունը՝ Ղարաբաղին աջակցության տրամադրման տեսանկյունից, պետքարտուղարը հաստատել է, որ ավելի քան 45 միլիոն դոլար է տրամադրվել ղարաբաղյան հակամարտության հետևանքով տուժածներին: Պետքարտուղարությունը աջակցում է շփման գծից ու հայ-ադրբեջանական սահմանից դիպուկահարների հետքաշման, ԵԱՀԿ-ի հետաքննող մեխանիզմների և դիտարկման մեխանիզմների ներդրման առաջարկությանը:

Թիլերսոնի պատասխանները Կոնգրեսին, ըստ էության, բացահայտում են Վաշինգտոնի ղարաբաղյան, տարածաշրջանային քաղաքականության առաջնահերթությունները: Կարևոր է հատկապես արձանագրել, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններն, որոնք, ըստ էության, ձևավորվել էին Վաշինգտոնի առաջարկությունների հիմքով, առաջնահերթություն են մնում ԱՄՆ-ի համար:

Այս համատեքստում մի փոքր տարակուսելի են, իհարկե, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարության շեշտադրումները, որտեղ կարևորվել էր բովանդակային բանակցությունների վերսկսման անհրաժեշտությունը` շրջանցելով Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները: Այս ամենին կարող է երկու բացատրություն տրվել: Մեկն այն է, ինչը բնորոշ է Թրամփի արտաքին քաղաքականությանը` գլոբալ առումով: Դա հստակ կոնցեպցիայի, հետևողականության բացակայությունն է, կոնյուկտուրայի մեծ ազդեցությունը կայացվող որոշումների վրա: Մյուս կողմից` շատ հնարավոր է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության վերջին հայտարարությունը, որն, ի դեպ, կոչված է Սերժ Սարգսյան – Իլհամ Ալիև հանդիպման նախապատրաստմանը, բնույթով կոմպրոմիսային է, որովհետև միջնորդները` հենց նույն խաղաղության հրամայականով թելադրված, ավելի շատ կարևորում են նախագահների բուն հանդիպումը` պակաս նշանակություն տալով դրա օրակարգին:

Կոնգրեսին ուղարկված Թիլերսոնի պատասխանի մյուս ուշագրավ հանգամանքն ամերիկյան քաղաքականության հումանիստական բնույթի շեշտադրումն է` կապված Արցախի ականազերծման աշխատանքներին Վաշինգտոնի աջակցության պատրաստակամության հետ: Հենց այստեղ էլ բացահայտվում է ամերիկյան և ռուսական քաղաքականությունների կոնտրաստը: Վաշինգտոնը Արցախում մարդկային կյանքեր է փրկում` աջակցելով ականազերծման աշխատանքներին, Մոսկվան նոր «ականներ» է տեղադրում մարդկային կյանքեր տակ` մահաբեր սպառազինություն մատակարարելով հակամարտության կողմերին, հատկապես` Ադրբեջանին:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20