Վարդանյանը հստակ ակնարկել է, որ Սերժ Սարգսյանը 2018-ին վարչապետ չի լինելու

Aghvan Hovsepyan

Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ուշագրավ հայտարարություն է արել ՀՅԴ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը: Լրագրողը «եթե»-ով հարց է տվել 2018-ին Սերժ Սարգսյանի վարչապետության հեռանկարի մասին, ինչին ի պատասխան Վարդանյանն ասել է. «Դուք նորից ասում եք եթե, «եթե»-ով հարցերին պատասխանելն ուղղակի լուրջ չէ: Կգա ժամանակը, և ես կարծում եմ՝ դուք այդ «եթե»-ների պատասխանները կիմանաք: Գուցե նաև կափսոսաք, որ այսքան ժամանակ այդ հարցը «եթե»-ներով եք տվել»:

Ընդ որում, Վարդանյանը հստակ ակնարկել է, որ Սերժ Սարգսյանը 2018-ին վարչապետ չի լինելու, որովհետև լրագրողի մյուս «եթե»-ն վերաբերել է նրան, որ Սարգսյանի երրորդ ժամկետով պաշտոնավարումը հակասում է ժողովրդավարության սկզբունքին: Դաշնակցական պատգամավորը հավելել է նաև, որ ինքը շատ բան գիտի: Այս հայտարարությունն ուշագրավ է հանրապետականների գրեթե միահամուռ պնդման ֆոնին, որ ապագա վարչապետի հարց չեն քննարկել և բոլոր հարցերի պատասխանները կտան միայն մյուս տարվա ապրիլին:

Ակնհայտորեն 2018-ի հարցը լարվածություն է ծնում կոալիցիայի ներսում, իսկ Աղվան Վարդանյանի այսօրվա երկիմաստ հայտարարությունը նույնիսկ անհարմար վիճակի մեջ է դնում ՀՀԿ հրապարակային գործիչներին, որովհետև ստացվում է` Սերժ Սարգսյանի կուսակցությունում ավելի քիչ են տեղյակ իրենց առաջնորդի ծրագրերից, քան` ՀՅԴ-ում: Տեսականորեն գուցե հենց այդպես էլ կա, որովհետև ՀՅԴ-ն Սարգսյանի «համազգային» ծրագրերի տեսանկյունից հիմա թերևս ավելի պահանջարկված է, քան` ՀՀԿ վերնախավը, որն առանց այդ էլ լրիվ «կապիտուլացվել» է Սարգսյանի առաջ և, ժողովրդական լեզվով ասած, նրա «գրպանում» է: Մյուս կողմից` շատ հնարավոր է, որ հենց ՀՅԴ-ն է ինչ-որ հարցերում անհանգստանում կամ իրեն «խաղից դուրս» է համարում և փորձել է Աղվան Վարդանյանի հայտարարության միջոցով որոշակի ինտրիգ հաղորդել իրավիճակին:

ՀՅԴ-ի պարագան ուշագրավ է ինքնին, որովհետև Կարեն Կարապետյանի և ավանդական կուսակցության հարաբերությունները, կարծես թե, այնքան էլ հարթ չեն: Դա երևում է անգամ այսբերգի վրա, երբ կառավարության նիստերի ժամանակ Կարապետյանը առիթը բաց չի թողնում դաշնակցական նախարարներ Արծվիկ Մինասյանին ու Լևոն Մկրտչյանին դիտողություն անելու համար: Իհարկե, օբյեկտիվորեն Կարեն Կարապետյանը կոալիցիոն ՀՅԴ-ի կարիքը չունի ոչ հիմա, ոչ էլ` առավել ևս 2018-ից հետո, եթե պահպանի վարչապետի պաշտոնը: Ավելին` Կարապետյանը թերևս ենթադրում է կամ վստահ է, որ կոալիցիա կոչվածը հենց Սերժ Սարգսյանի գործիքներից մեկն է, որի միջոցով նախագահը պահպանում է տոտալ վերահսկողությունը կառավարության նկատմամբ: Այնուամենայնիվ, ամեն բան այդքան պարզ ու միագիծ չէ, ինչպես կարող է թվալ: Անցած տարիների փորձը ՀՅԴ-ին սովորեցրել է ավելի ճկուն և, այսպես կոչված, կոմպլեմենտար քաղաքականություն վարել իշխանության ներսում: ՀՅԴ «անտարբերությունը» ապագա վարչապետի անձի հետ կապված բացատրվում է հենց այդ հանգամանքով: ՀՅԴ-ն, մի կողմից ասում է, որ վարչապետի հարցը որոշելու է ՀՀԿ-ն` հասկացնելով, որ դեմ չի լինի Սերժ Սարգսյանի վարչապետության հեռանկարին, մյուս կողմից` ակնարկում է, որ Սարգսյանի վարչապետության մասին հարցեր տալու համար լրագրողները հետո գուցե «ափսոսան»: ՀՅԴ-ն կոալիցիայում հայտնվել է Սերժ Սարգսյանի շնորհիվ, մյուս կողմից` այս կուսակցությունը Կարեն Կարապետյանի հենարան Սամվել Կարապետյանի հետ ակտիվ համագործակցության փորձ ունի, երբ 2015-ի փետրվարին համատեղ հաշտեցում էին Սերժ Սարգսյանին ու Գագիկ Ծառուկյանին:

Ո՞ւմ է վստահում Սերժ Սարգսյանը: Այսօր այս հարցը շատերին է հուզում, այն մարդկանց, ովքեր փորձում են ստանալ 2018-ի թնջուկի պատասխանը: Օրինակ` Գալուստ Սահակյանն անկեղծ խոստովանել է, որ Սերժ Սարգսյանը խուսափում է որևէ մեկի հետ խոսել 2018-ի մասին: Դրան հակառակ` Աղվան Վարդանյանն այսօր ասում է, որ շատ բան գիտի: Այդ «շատ բան իմանալ»-ը նշանակում է, որ Սերժ Սարգսյանը ՀՅԴ ղեկավարության ականջին ինչ-որ բան է ասել, որովհետև, անկախ ամեն ինչից, 2018-ի հարցում Սարգսյանը մնում է հիմնական որոշողը: Մնում է ենթադրել` Սերժ Սարգսյանը վստահո՞ւմ է ՀՅԴ-ին, թե՞ այլ բովանդակությամբ «շատ բան» ասել է նաև մյուսներին: Անկախ ամեն ինչից` 2018-ի հարցը կոալիցիայում լարվածության առիթ է դառնում` առայժմ փոխադարձ ակնարկների տեսքով:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20