Վարդևան Գրիգորյան. Համայնքների խոշորացման համար ոչ ձևավորված մշակույթ, ոչ էլ համապատասխան միջոցներ ունենք

- in Կարծիք

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդևան Գրիգորյանի  աշխատանքը  խորհրդարանում ծանրաբեռնված է լինելու: Պատգամավորը մոտակա հինգ տարում աշխատելու է կուսակցական ծրագրերը առաջխաղացնելու,  հանձնաժողովի գործունեությունը կառավարելու, ինչպես նաև Շիրակի մարզի առանձնահատուկ խնդիրները լուծելու ուղղությամբ: Թե ինչպես է պատգամավորը կատարելու իր իսկ ստանձնած առաքելությունները և արդարացնելու ընտրողների վստահությունը, փորձեց պարզել Mitk.am-ի թղթակիցը:

Պարոն Գրիգորյան, լինելով համապատասխան հանձնաժողովի նախագահ, թեռևս առավել հետաքրքրված կլինեք մունիցիպալ կառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության ոլորտներով: Այնուամենայնիվ, քաղաքական աշնանը խորհրդարանում ինչպիսի՞ գործունեություն եք ծավալելու, ո՞ր օրինագծերն են հատկապես հետաքրքրում Ձեզ: 

Ներկայումս  և առաջիկայում հանձնաժողովի աշխատանքը ահագին ծանրաբեռնված է լինելու, քանի որ կարճ ժամանակահատվածում, մենք՝ որպես գլխադասային հանձնաժողով, քննարկելու ենք տասից ավելի հարցեր ու նախագծեր: Դրանց մի մասը նախատեսում է գործող օրենսդրության լուրջ փոփոխություններ:

Վերջին շրջանում մեր աշխատանքը առավել սևեռված էր համայնքների խոշորացման գործընթացի վրա: Այժմ այդ գործընթացը երրորդ փուլում է: Առաջին փուլում պիլոտային ծրագրով երեք համայնք է խոշորացվել Սյունիքում, Լոռիում և Դիլիջանում: Երկրորդ փուլում առաջացել Է 18 խոշորացված համայնք, իսկ երրորդ փուլում 323 համայնք խոշորացվել է 34-ի մեջ:

Մյուս կարևորագույնը  Սևանա լճից  հավելյալ 100 մլն խորանարդ մետր ջուր բաց թողնելու խնդիրն է. մի կողմից ջրբացթողումով էկոլոգիական վնաս է հասցվում լճին, կողմից այն լուծում է 130 հազար գյուղացիական տնտեսությունններին ոռոգման ջրով ապահովելու հարցը: Ինչպես հայտնի է, այս տարին չորային էր, և անգամ լրացուցիչ 100 մլն. խորանարդ մետր ջրբացթողումը չկարողացավ բավարարել ոռոգման ջրի պահանջը  Արարատյան դաշտում:

Ընտրողների հետ հանդիպումներ ունենո՞ւմ եք, և նրանք հիմնականում ինչպիսի՞ հարցերով են դիմում Ձեզ՝ անձնական, սոցիալական, թե՞ երկրին, համայնքին վերաբերող:

Բնակիչների հետ հանդիպումները անցկացվում են երկու տարբերակով: Դրանց մի մասը կազմակերպվում է Հանձնաժողովի կողմից, իսկ մյուս դեպքերում ամեն շաբաթ ես անձամբ եմ հանդիպում Գյումրու բնակիչների հետ:  Այդ հանդիպումների ընթացքում քաղաքացիները հիմնականում բարձրացնում են սոցիալական բնույթի հարցեր. մարդիկ գումար են խնդրում վիրահատության, երեխաների ուսման վարձավճարի, դեղորայք, ընդհուպ մինչև հաց գնելու համար: Հանդիպումները կազմակերպում են դեռ միայն գյումրեցիների հետ, հետո՝ այլ խոշոր բնակարավայրերում կանցկացվեն: Իհարկե՝ երբեմն  այդ հանդիպումներին մասնակցում են այլ խոշորացված կամ գյուղական համայնքների բնակիչները:

Հիշեցնեմ, որ վերջերս իմ կողմից բարձրացվեց Սարապատ խոշորացված համայնքը խմելու ջրով ապահովելու հարցը: Այդ խնդրի մասին ես տեղեկացել եմ  հենց բնակիչների դիմումներից:   

Յուրաքանչյուր ընտրություններում, երբ թեկնածու էիք, որոշակի խոստումներ եք տվել ընտրողներին, դրանց ո՞ր մասն եք հասցրել կատարել, արդեն աշխատանքները սկսե՞լ եք:

«Ծառուկյան» խմբակցության թեկնածուները  հանդես են եկել նախընտրական փուլում 15 կետերից բաղկացած կուսակցական ծրագրով: Այս հինգ տարիների ընթացքում մենք անելու ենք հանարավորինս ամեն ինչ՝ այդ կետերը կյանքի կոչելու համար, բայց, ինչպես գիտեք, ժողովուրդն ընդամենը 31 պատգամավորի ԱԺ-ում աշխատելու հնարավորություն տվեց, իսկ 31 պատգամավորով ազդել ՀՀԿ և ՀՅԴ կոալիցիոն խմբակցությունների վրա, կարծում եմ դժվար է: Բայց դա չի նշանակում, որ մենք ոչինչ չպետք է անենք: Ընդհակառակը՝ մենք պետք է կարողանանք հիմնավորել, համոզել մեր մյուս գործընկերներին այս կամ այն ծրագիրը կամ օրինագիծը կյանքի կոչելու համար:

Անդրադառնալով համայնքների խոշորացման գործընթացին, որն իրականացվելու է նոյեմբերի 5-ին, յուրաքանչյուր ռեյտինգային ընտրաձևով թեկնածուի ընտրատարածքն ընդգրկող համայնքներում: Ինքներդ ինչպե՞ս եք վերաբերվում դրան և ձեր մարզում քանի՞ փունջ խոշորացումներ են լինելու, որո՞նք են կենտրոնները:

Այդ խոշորացման նկատմամբ, և’ որպես պատգամավոր, և’ որպես հանձնաժողովի նախագահ՝ դեմ եմ եղել նման ձևով խոշորացմանը: Շատ թույլ է հասարակության իրազեկվածությունը գործընթացի վերաբերյալ, ինչը լուրջ բացթողում է: Ոչ հավուր պատշաճի բացատրական աշխատանք տանելու պատճառով մարդիկ չեն ուզում, որ իրենց բնակավայրը ընդգրկվի այս կամ այն խոշորացված համայնքում: Նախընտրական շրջանում շատ  եմ այցելել Շիրակի մարզի խոշորացված համայնքներ և որևէ տարբերություն չեմ տեսել խոշորացվածի և ոչ խոշորացվածի միջև. Ամասիայի, Բերդաշենի, Աշոցքի բնակիչները նույն ծանր կացության մեջ են: Խոշորացման հիմնական նպատակն է համայնքներում համաչափ զարգացման ապահովումը:

Մենք այս հարցում հեղափոխական մոտեցում ենք դրսևորում, իսկ ցանկացած հեղափոխության համար հարկավոր են միջոցներ: Հիմա մենք չունենք այդ միջոցները: Պարզվում է, որ ներկայիս սոցիալական և ֆինանսական վիճակում անհնար է համայնքներում հավասարաչափ զարգացման խնդիր դնել ու այն ապահովել: Ավելի մեծ համայնքները ունենում են ավելի մեծ խնդիրներ, որոնց լուծելու համար պահանջվում են ավելի մեծ գումարներ: Կառավարությունը մի կողմից ասում է, որ խոշորացումը հնարավորություն է տալիս որոշակի ֆինանսական միջոցներ տնտեսել, մյուս կողմից նշում է, որ  շատ քիչ գումարներ են տնտեսվում: Նաև՝ ասում են, որ կառավարման ավելի արդյունավետ համակարգ է ներդրվում, սակայն դրա արդյունավետությունը տեսնելու համար ժամանակ է հարկավոր, քանի որ ներկայումս դեռևս ձևավորված չէ համապատասխան մշակույթ, որի համար անհրաժեշտ են տարիներ: Այսինքն, համայնքների խոշորացման համար ոչ ունենք ձևավորված մշակույթ, ոչ էլ համապատասխան միջոցներ:

Շիրակի մարզում Ամասիայում եղել է երկու փունջ խոշորացում, Աշոցքում՝ երկու փունջ: Երեք փունջ է լինելու Շիրակում՝ Մարալիկինը, Ախուրյանինը և Մարմարաշենինը:

Ինչպես եք վերաբերվում Ելք դաշինքի կողմից նախաձեռնված ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնությանը:

Մենք արդեն հայտնեցինք մեր դիրքորոշումը, մասնավորապես դեմ ենք, որովհետև որևէ հիմնավորում չկար, որը կարող էր մեզ համոզել, որ կողմ քվեարկենք այդ նախաձեռնությանը: Նույնիսկ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելուն դեմ քվեարկեցինք:  Դա և՛ խմբակցության, և՛ իմ սեփական դիրքորոշումն է: Առայժմ մեզ անդամակցության ավելի լավ տարբերակներ չեն առաջարկել, որպեսզի մեր արտաքին քաղաքականության վեկտորը փոխենք:

ՀՀ կառավարության հետ աշխատո՞ւմ եք, որքանո՞վ արդյունավետ, որպեսզի կարողանաք օգնել Ձեր ընտրատարածքի ազգաբնակչությանը:

Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ բարձրացվել են Շիրակի մարզին հուզող հարցեր: Առաջին հարց ու պատասխանի ժամանակ, ինչպես նշեցի, բարձրացվել էր Սարապատ համայնքի խմելու ջրի հարցը, երկրորդ անգամ՝ վթարային շենքերի հարցն էր. Գյումրիում 88 բնակելի շենք վթարային է, որոնցից 20-նն արդեն 4-րդ կարգին են մոտեցել, այսինքն՝ այնտեղ ամեն օր փլուզում են սպասում: Որոշակի խոստումներ եղան ՀՀ կառավարության կողմից: Նշվեց, որ բնակարանային ռեսուրսների ճիշտ օգտագործման դեպքում որոշ բնակիչներին հնարավոր կլինի բնակարաններ հատկացնել:  Հավաստիացնում եմ, որ այն խնդիրները, որոնց մասին ես արդեն տեղյակ եմ կամ՝ կտեղեկանամ հետո, ես անպայման կբարձրացնեմ և դրանց լուծման հարցում հետևողական կլինեմ:

Իսկ համայնքապետերի, որոնց անմիջական ղեկավարությամբ են այն համայնքները, որտեղ Ձեր ընտրողներն են: 

Շիրակի մարզի գրեթե բոլոր համայնքների ղեկավարների հետ անձամբ ծանոթ եմ: Պայմանավորվածություն կա, որ Գյումրիում իմ խոսնակի հետ իրենք կապի մեջ լինեն և նրա միջոցով ինձ տեղյակ պահեն առկա խնդիրների մասին:

Ինքներդ երբեմնի բիզնեսները թերևս կառավարման եք հանձնել հարազատներին: Պատգամավորությունն օգնո՞ւմ է բիզնես առաջադիմության հարցում:

Ես երբևիցե բիզնեսով չեմ զբաղվել և չունեմ բիզնեսի  կառավարման համար անհրաժեշտ փորձ և գիտելիքներ: Հիմնականում իմ տղաներն են զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, բայց ամենայն ազնվությամբ ասեմ, որ որևէ միջամտություն իմ կողմից նրանց գործերին չի եղել: Իմ միջամտությունն ընտանիքիս անդամների կամ այլ անձանց բիզնեսին կլինի այն դեպքում, երբ նրանց գործունեության համար ստեղծվեն արհեստական դժվարություններ: Իմ միջամտությունը կենթադրի բարձրաձայնել  հարցի մասին և  այն տեղափոխել օրինական դաշտ:

Մեր ընտրատարածքի գործարարների խնդիրը,  որոնց մասին նրանք խոսում են, բանկերի առջև հարկային պարտավորություններն են: Գիտեք, որ գյուղական համայնքների բնակիչների գրեթե 90 տոկոսը վարկառու են և ունեն վարկի հետվերադարձման խնդիր:

ՀՀ նախագահի Հրատապ ծրագրի շրջանակներում վերջին մեկ տարում ի՞նչ աշխատանքներ են իրականացվել Ձեր ընտրատարածքի սահմաններում:

 Վերջին մեկ տարում խոշոր ծրագրեր չեն իրականացվել: Ներկայումս ՀՀ կառավարությունը, որպես Գյումրու տնտեսության զարգացման գերակա ուղղություն, վերցրել է զբոսաշրջությունը:  Քաղաքը զբոսաշրջիկների համար ավելի գրավիչ դարձնելու համար պլանավորված է վերականգնել Կումայրի արգելոցը, սկսվել են հին ճարտարապետական արժեք ունեցող տների վերակաանգնումը: Սակայն խոշոր ծրագրեր, որոնք կարող են մեծ քանակով աշխատատեղեր ստեղծել, դեռ չեն իրականացվում:

Մեր հարցերն այսքանն էին, ինչի՞ մասին ինքներդ կցանկանայիք խոսել, բայց հարց չտրվեց:

Գյումրին և ընդհանուր Շիրակի մարզըի առաձնակի ուշադրության կարիք ունի: Ասում եմ որպես տարածքի ներկայացուցիչ, չնայած չեմ ուզում հանդես գալ մուրացկանի հոգեբանությամբ, բայց իսկապես վիճակը ծանր է: Ինչքան շուտ կարողանանք գտնել ժողովրդի գոնե նվազագույն սոցիալական կարիքները բավարարելու ուղիները, այնքան ավելի շուտ կկարողանանք նվազեցնել արտագաղթի ծավալները, այլապես արտագաղթը ավելի կմեծանա: Իսկ դրա այսօրվա չափերը արդեն սպառնալիք են պետական անվտանգության համար

Զրուցեց՝ Գայանե Իսահակյանը

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20