Վարչապետի թեկնածու իրացնելը ՀՀԿ-ինն է. Աղվան Վարդանյանը «շատ բան գիտի»

- in Կարծիք
29
Aghvan Hovsepyan

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանից այսօր խորհրդարանում լրագրողները հետաքրքրվեցին, թե ընդդիմադիր գործիչները հայտարարում են, որ 2018 թվականին ով ուզում է լինել վարչապետ, թող լինի, բայց ոչ Սերժ Սարգսյանը, քանի որ Հայաստանը մեկ քայլ հետ կկատարի ժողովրդավարությունից:

«Միշտ խուսափել եմ «եթե»-ով հարցերին պատասխանելուց,  կգա օրը, եւ այդ հարցերի պատասխանները  մենք կունենանք: Կա օրենսդրություն, կա ՀՀԿ, որին պատկանում է, ըստ մեր համաձայնագրի, վարչապետի թեկնածու առաջադրելու իրավունքը, երբ այդ իրավունքը իրացվի, մենք կներկայացնենք մեր տեսակետը»,- ասաց Վարդանյանը, հավելելով, որ գուցե գա ժամանակը, եւ լրագրողներն ընկալեն, որ այսքան ժամանակ անիմաստ են «եթե»-ներով հարցեր ուղղել: Դիտարկմանը, թե փաստորեն ինքն ավելին գիտի, Վարդանյանն ասաց, թե չափից դուրս ավելին գիտի:

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանից լրագրողները այսօր խորհրդարանում հետաքրքրվեցին, թե ՀՅԴ-ն մասնակցելո՞ւ է արդյոք նոյեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին, Վարդանյանն ասաց, որ մի շարք համայնքներում թեկնածուներ առաջադրել են, սակայն հիմնական մասնակցությունը լինելու է ավագանիների ընտրությանը:

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն ուրախ է, որ ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը, չդիմանալով ճնշումներին, ինքնակամ հրաժարական է տվել: «Սա մեկ կամ երկու օրվա պատմություն չէ: Ուզում եմ նշել մեր հաջորդական պատվիրակությունների հետեւողական աշխատանքի, միջազգային մամուլի անդրադարձի մասին»,- ասաց պատգամավորը՝ համոզված լինելով, որ հաջորդ նախագահը  հետեւություններ կանի:

Անդրադառնալով Ադրբեջանի՝ Եվրոպական խորհրդից դուրս գալու հավանականությանը՝ Աղվան Վարդանյանը նշեց. «Դա մեզ համար ոչ սառն է, ոչ տաք: Ինչ կանի Ադրբեջանը, իր խնդիրն է, իսկ Հայաստանն ունի պարտավորություններ, որոնք պիտի կատարի»:

Հոկտեմբերի 6-ին Եվրոպայի  խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտը հրաժարական է տվել:  ԵԽԽՎ-ն պաշտոնապես հաստատել է նրա հրաժարականը։ Ագրամունտի շուրջ սկանդալը ծավալվել էր ԵԽԽՎ ապրիլյան նստաշրջանի ընթացքում, երբ եվրախորհրդարանականներն սկսեցին Վեհաժողովի ղեկավարին քննադատել մարտին Սիրիա նրա կատարած ուղեւորության համար: Ագրամունտի անվան հետ են կապվում նաև ադրբեջանական «խավիարային դիվանագիտության» որոշ բացահայտումներ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20