Վարչապետի հարցը դարձել է զուտ ներիշխանական հարց

Sezh Karen

Կգա ժամանակը, և կխոսենք այդ մասին, ու կտրվի հարցի պատասխանը, թե ով է լինելու վարչապետը 2018 թվականի ապրիլից հետո: Այդ ստանդարտ պատասխանը տրվում է ի պատասխան բոլոր հարցադրումների, որ ուղղվում են իշխանությանը՝ կապված 2018-ի խնդրի հետ:

Մեծ հաշվով, հարց է առաջանում, թե ի՞նչ է անելու հանրությունը, եթե իրեն չբավարարի այն պատասխանը, որ տրվելու է վարչապետի մասով: Կամ՝ ի՞նչ իմաստ ունի այժմ պարզել, թե ով է լինելու վարչապետը: Իմաստ, բացի, իհարկե, մարզական հետաքրքրությունից՝ գուցե ոմանք գրազ են եկել այս կամ այն անվան վրա, պարզ մարդկային հետաքրքրասիրությունից բացի:

Կա տեսակետ կամ մտայնություն, որ անցանկալի անձի դեպքում ընդդիմությունը կկոնսոլիդացնի, այսպես ասած, հասարակական հսկա զանգված և կսկսի պայքար դրա դեմ: Տեսականում արդեն երկու տասնամյակ թմբկահարվող և տրորվող այդ մեխանիզմը գործնականում իր սնանկությունը ցույց է տվել արդեն տարիներ առաջ, բայց խնդիրն այստեղ լոկ այն չէ, որ նմանօրինակ կոնսոլիդացիայի փորձերում միշտ էլ ի հայտ են գալիս իշխանության ականներ և այլն:

Խնդիրն այն է, որ 2018-ից հետո, ավելի շուտ՝ արդեն այսօր, անձի դեմ պայքարի կոնսոլիդացիան ինքնին այլևս դառնում է ապարդյուն և անիմաստ մի գործընթաց, որովհետև Հայաստանում իշխանությունն այլևս հիմնված է, այսպես ասած, ինստիտուցիոնալ մեխանիզմի վրա, հավաքականության դե յուրե սկզբունքի: Հետևաբար անձի դեմ պայքարն այլևս ոչ միայն խնդիր չի առաջացնելու իշխանության համար, այլև գործնականում օգնելու է լուծել մի շարք այլ խնդիրներ, ըստ այդմ՝ ամրանալով: Հենց այստեղ է իշխանության բանաձևը, որ դրել է Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխությունների և կառավարման մոդելի փոփոխության հիմքում:

Վարչապետի հարցը դարձել է զուտ ներիշխանական հարց, որովհետև հանրության մասնակցություն ենթադրվում է միայն խորհրդարանի ձևավորման գործընթացում: Ինքնին հասկանալի է, որ այս դեպքում էլ հարցն առավելապես ֆորմալ մասնակցության մասին է, սակայն թեկուզ այդ ֆորմալությունը, իհարկե՝ հասարակությանը տալով որոշակի դերակատարում, իշխանությանը ստիպում է իհարկե լուծումներ մշակելիս հաշվի առնել այդ ֆորմալ դերակատարման խնդիրը և դրան էլ տալ որոշակի լուծում, հանրությանն անել որոշակի առաջարկ, թեկուզ տասը հազար դրամի՝ որքան էլ ցինիկ ու տարօրինակ չհնչի դա:

Վարչապետի հարցում հանրության ֆորմալ դերակատարում նախատեսված չէ, ըստ այդմ՝ իշխանությունը չունի այդ թեկուզ ֆորմալությունը որևէ կերպ հաշվի առնելու և դրա հանդեպ վերաբերմունք ձևավորելու անհրաժեշտություն: Հանրությունն այդպիսով մղվում է անորոշ, իռացիոնալ նպատակակետի դաշտ, երբ կա որոշված, այսպես ասած, թիրախ, սակայն չկա այդ թիրախին հասնելու գոնե ֆորմալ ճանապարհ:

Այդպիսով՝ ճանապարհը մնում է միտինգայինը, որը տանում է ուղիղ դեպի փակուղի, քանի որ այդ ճանապարհին հանրային հնարավոր վարքագծային տարբերակները իշխանությունը ուսումնասիրել և հակազդման միջոցները մշակել է գրեթե կատարելության աստիճան:

Այդպիսով, հանրային ռեսուրսների ռացիոնալ տնօրինման հրամայականը պահանջում է դուրս գալ մարզական հետաքրքրության կամ պարզ հետաքրքրասիրության շրջանակից և կենտրոնանալ հանրության առաջիկա քիչ թե շատ ռացիոնալ միակ խնդրի վրա՝ պատրաստվել 2022 թվականի ընտրությանն ու մինչ այդ կարողանալ ձևավորել իշխանության ինստիտուցիոնալ համակարգին մրցակցելու, հակազդելու քիչ թե շատ համարժեք ինստիտուցիոնալ համակարգ, որը եթե չի կարող իշխանությանը հեռացնել, ապա կարող է գոնե ստիպել հաշվի առնել իր գոյությունն ու վճարել գոնե ավելի շատ՝ տվյալ դեպքում զգալիորեն, ու նաև որակապես ավելի շատ, քան 10 հազար դրամը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20