Վիճաբանություն՝ Անդրիաս Ղուկասյանի գործով դատավորի և լրագրողի միջև

- in Իրավունք
Andreas Ghukasyan

Երևանի էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Անդրիաս Ղուկասյանի գործով դատական նիստը: Նիստի ընթացքում վիճաբանություն սկսվեց գործով դատավորի և լրագրողի միջև:

Անդրիաս Ղուկասյանը մեղադրվում է 2016 թվականի հուլիսի 29-ին Սարի թաղում զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ։

Անդրիաս Ղուկասյանը չի ընդունում մեղադրանքները՝ պնդելով, որ իր արարքներում հանցակազմ չկա:

Անդրիաս Ղուկասյանը հանդես եկավ իր նկատմամբ գրավ կիրառելու միջնորդությամբ: Նա ասաց, որ ավելի քան 1 տարի երկու ամիս գտնվում է կալանքի տակ, և գործի փաստական տվյալներով՝  չկան հիմքեր, որ կարող են կատարել այնպիսի գործողություններ, որոնք անթույլատրելի կհամարեն գրավի կիրառումը. «Ես չեմ խուսափի քննությունից, չեմ խոչընդոտի քննությանը, այլ հակահասարակական արարք չեմ կատարի: Ես ՀՀ քաղաքացի եմ, մշտական բնակության վայր ունեմ, խնամքիս տակ է անչափահաս երեխաս և 79 տարեկան մայրս: Երկու բարձրագույն կրթություն ունեմ, երկու ՍՊԸ-ի տնօրեն եմ, հասարակական-քաղաքական գործիչ, 2013 թվի նախագահական ընտրություններում եղել եմ նախագահի թեկնածու»:

Անդրիաս Ղուկասյանը խնդրեց իր նկատմամբ որպես գրավ կիրառել 1.5 մլն դրամ կամ դատարանի կողմից ողջամիտ համարվող այլ չափով գրավ: Դատախազ Պետրոս Պետրոսյանը առարկեց միջնորդության դեմ: Ամբաստանյալի շահերի պաշտպան Կարեն Մեջլումյանը միացավ պաշտպանյալի միջնորդությանը և ասաց, որ Եվրոպական դատարանը Անդրիաս Ղուկասյանին կալանքի տակ պահելու գործը վարույթ է ընդունել և առաջնահերթություն է տվել:

Նախագահող Վարդան Գրիգորյանը  հայտարարեց, որ դատարանը պետք է պատճառաբանված որոշում կայացնի, մեկ անգամ ևս ուսումնասիրի ՀՀ Վճռաբեկ դատարանի, ինչպես նաև Եվրոպական դատարանի նախադեպային որոշումները: Հնարավոր է, որ մինչև աշխատանքային օրվա ավարտ դատարանը չհասցնի որոշում կայացնել: Որոշման հրապարակման մասին կհայտնվի լրացուցիչ: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20