Տեսնես՝ ռուսներն ու թուրքերն այս նյութը կարդան, ի՞նչ կասեն

- in Հրապարակ
AJ

Խորհրդարանում այսօր անկախականների ու ԵԱՏՄ-ականների բազմակարծության ռինգ էր: Առայժմ առանց միջամտության կարդացեք արտահայտված կարծիքները, մերը՝ հաջորդիվ, վերլուծությունում:

ԱԺ արտաքին հաաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հիշեցրեց, որ հանձնաժողովը 1 կողմ, 10 դեմ ձայներով նպատակահարմար չի համարել ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու խնդրի քննարկումը ԱԺ օրակարգում:

Նրա խոսքով՝ Փաշինյանը օգտվեց սահմանադրական փոփոխություններով ընդդիմությանը տրված գործիքներից, այն է՝ խմբակցության կողմից խորհրդարանական լսումներ հրավիրելու փաստը. «Ես ողջունում եմ այդ նախաձեռնությունը զուտ այն իմաստով, որ քաղաքական մշակույթի մեջ մենք ունենալու ենք առաջին խորհրդարանական լսումները, որոնք նախաձեռնվել են քաղաքական խմբակցության կողմից»:

Արմեն Աշոտյանը Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց, որ ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովը քննարկելու էր 2 հարց՝ ոչ միայն ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու, այլև բուն հայտարարության հարցը, որի քննարկումը հետաձգվեց Էդմոն Մարուքյանի ֆիզիկական բացակայության պատճառով. «Ե՞րբ եք մոտավոր նախատեսում այդ հայտարարության նախագծի վերադարձը Ազգային ժողովի օրակարգ»:

Ի պատասխան՝ Փաշինյանն ասաց, որ այդ հարցը օրակարգում է, ոչ ոք այն չի հանել օրակարգից. «ԱԺ օրակարգում այդպիսի հարց կա, իսկ ՀՀ քաղաքական օրակարգում այդպիսի հարց լինելու է: Եվ ձեզնից որևէ մեկը ի զորու չէ այդ հարցը հանել օրակարգից»:

«Մենք ուզում ենք նաև հանրությունը մասնակցի քննարկումներին և տեսնի՝ կա՞ն արդյոք մեր փաստարկներին հակափաստարկներ: Ձեր հանձնաժողովը հարցը քննարկել է 2 ժամ, մենք առաջարկում ենք ստեղծել հանձնաժողով, որը 2 ամիս կքննարկի հարցը: Արդյոք ձեր հանձնաժողովը պատրա՞ստ է առաջիկայում կազմակերպել այդ ուսումնասիրությունը և ներկայացնել եզրակացություն՝ ի՞նչ ենք մենք շահել և ի՞նչ ենք կորցրել ԵԱՏՄ-ին անդամակցելով»,- «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի հարցն ուղղված էր ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանին:

Ի պատասխան՝ Աշոտյանն ասաց, որ 2 ժամ քննարկվել է ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը, իսկ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը մեր օրակարգում դրված էր և կքննարկվեր, եթե պարոն Մարուքյանը ֆիզիկապես ներկա լիներ. «Փաստացի դուք եք տակտիկական հնարքներով հետաձգել հարցի քննարկումը»:

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը նշեց, որ ոչ մի լուրջ պատճառ ԱԺ-ում չհնչեց, թե ինչու չպետք է ստեղծվի ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցով ժամանակավոր հանձնաժողով, թե ինչու պետք է Հայաստանը մնա ԵԱՏՄ համակարգում. «Ի՞նչ ենք մենք ուզում ստանալ ԵԱՏՄ-ից՝ մենք ուզո՞ւմ ենք այդ տոտալիտար համակարգը բերել և մեր երկիրը դարձնել Ադրբեջա՞ն, թե՞ Ղազախստան կամ Բելառուս: Այդպիսի՞ն եք ուզում տեսնել ձեր զավակների ապագան»:

«Արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ապացուցեց՝ ով չի ուզում տեսնել, կեսօրին էլ կասի՝ մութ գիշեր է: Փաստացի մենք այսօր պատասխանում ենք հարցին՝ ինչ Հայաստան ենք ուզում ունենալ: Ինչպես 2013-ի սեպտեմբերի 3-ից հետո՝ դուք այսօր կարող եք փառաբանել աշխարհի եվրասիական հատվածը, որտեղ երկրային դրախտ է, որի դուռը միայն ձեզ համար արդարացված, իմաստուն, գիշերային որոշումով բացվեց ՀՀ-ի առաջ»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը: Նրա խոսքով՝ իրենք ցույց են տալիս հնարավորությունների տեղը, իսկ նրանք շարունակում են անլիարժեքության բարդույթ զարգացնել. «Հայաստանի Հանրապետությունը երբեք չի լինի անկախ՝ ունենալով կախյալ իշխանություն, որի երազանքների գագաթնակետը Ռուսաստանի անվան Հայաստանի Հանրապետություն դառնալն է: Մեր անկախությունն ավարտվեց 1999 սեպտեմբերի 21-ին՝ Հանրապետության հրապարակի շքերթում եղբորս հպարտության արցունքներով, և Հոկտեմբերի 27-ին՝ այս դահլիճում կատարված սպանություններով»:

«ԵԱՏՄ-ից դուրս գանք, մնանք միայնակ մի պետությո՞ւն, թե՞ ենթադրում եք, որ պետք է մտնել մեկ այլ, ձեր կարծիքով՝ նախընտրելի տնտեսական-քաղաքական ինչ-որ միավորի մեջ: Ուզում եմ հասկանալ, թե ձեր քաղաքական վերջնական նպատակը որն է»,- «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց Խոսրով Հարությունյանը:

Ի պատասխան՝ Փաշինյանը նշեց, որ իրենց նպատակը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը պաշտպանելն է, քանզի ԵՏՄ-ին անդամակցությամբ ՀՀ ինքնիշխանությունը ստացել է շատ լուրջ հարվածներ, և բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ այդ պրոցեսը շարունակվելու է. «Եվ իքս պահից դա դառնալու է մեզ համար անվերահսկելի, եթե արդեն չի դարձել»:

Փաշինյանի խոսքով՝ իրենք շատ կարևորում են ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի և Խորը ու համապարպակ ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրումը՝ որպես ՀՀ ինքնիշխանությունը պահպանող հակակշիռ:

«Ինքս այդ պաուզան պահել եմ 2013թ., երբ նախատեսվում էր Ասոցացման համաձայնագրի ստորագրումը, և կարծել եմ, թե խորհրդարանում այդ թեմայի պակաս արծարծումը կարող է պրոցեսների վրա պոզիտիվ ազդեցություն ունենալ»,- ասաց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան նույնանուն խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի հարցի, թե որքանո՞վ կազդի ԵՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսելը ԵՄ-ի հետ ստորագրվելիք համաձայնագրի ճակատագրի վրա: Փաշինյանի խոսքով՝ նույնն էր նաև չորսօրյա պատերազմից առաջ. «Այ, հարցերը, բանակի պրոբլեմները չքննարկենք, որ թուրքը չլսի-չիմանա: Բայց քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ դա սխալ մեթոդաբանություն է: Հարցերի դեպքում բոլոր փաստարկները և հակափաստարկները պետք է անպայման բարձրաձայնվեն»:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը կոչ արեց նման քննարկումների ժամանակ զերծ մնալ քսենոֆոբիկ հայտարարություններից. «Չի կարելի արհամարհանքով խոսել որևէ այլ պետության մասին»:

Նրա խոսքով՝ այս քննարկումներին պաթոսն էր խանգարում. «Իրականում սա անկախության հարց չէ, և ոչ ոք չի կարող խոսել ապաշնորհ քաղաքականության մասին»:

Նա նաև խնդրեց քննարկումը չվերածել Ռուսաստան, թե Արևմուտք հարցին. դա կարող է կործանել հայկական պետականությունը. «Ես հավատում եմ, որ հնարավոր է կառուցել եվրոպական տիպի երկիր եվրասիական տարածքում, եթե մենք ինքներս ունենք այդ արժեքները՝ որպես գերակայություն»:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը ներկայացրեց մակրոտնտեսական ցուցանիշներ, ըստ որոնց՝ ԵԱՏՄ-ին անդամակցությունից հետո աճել են ՀՀ ՀՆԱ-ն, արտահանումը և այլն: Պատգամավորի տպավորությամբ՝ «Ելք»-ում մի մասը շատ հստակ կողմ է ԵԱՏՄ-ից դուրս գալուն, իսկ մյուս մասը դեմ է դրան. «Կողմնորոշվե՛ք՝ արժե՞, թե՞ չարժե»:

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը կարծում է, որ «Ելք»-ի առաջարկը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի կողմից ռազմավարական նշանակության շրջադարձ: Նրա խոսքով՝ այդ փաստաթուղթը, սակայն, շատ թերի է, մինչդեռ մենք պետք է հասկանայինք դրա կենսական անհրաժեշտությունը. «Ամեն ինչ պետք է պայմանավորված լինի անվտանգության խնդիրներով: Չի ասվում՝ եթե մենք կտրենք այդ հարաբերությունները, դրանից հետո մեր տնտեսությունը ինչպիսի՞ վիճակում կհայտնվի: Բացակայում է նաև ռազմական բաղադրիչը»:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը հայտարարեց, որ ՀՀ տնտեսվարողները բոլորը շատ գոհ են ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից, և «Ելք» խմբակցությանն առաջարկեց խորհրդարանական լսումներին հրավիրել նաև նրանց: «Մենք ՀԱՊԿ անդամ երկիր ենք, ՆԱՏՕ-ի հետ ունենք լավ գործընկերային հարաբերություններ, ԵԱՏՄ անդամ պետություն ենք, ԵՄ-ի հետ ունենք արտոնյալ առևտրի ռեժիմ, նոյեմբերին կունենանք ստորագրված փաստաթուղթ: Միևնույն ժամանակ փայլուն հարաբերություններ ունենք Իրանի հետ: Խոշորացույցով ման եկեք՝ նման ավելի հաջող արտաքին քաղաքականության օրինակ ժամանակակից աշխարհում չեք գտնի»:

«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը ՀՀԿ մեծամասնության հակափաստարկին հակափաստարկ ներկայացրեց՝ ասելով, որ չգիտի մի որևէ երկիր, որը օտար երկրում տեղակայված ռազմաբազայի համար չի վճարում: Նրա խոսքով՝ ընտրությունները կայանում են կամքի ազատ ձևավորման և ազատորեն ձևավորված կամքի ճշգրիտ արտացոլման հիման վրա. «Եթե մենք չունենք դատական ճշմարտություն, որ կամքի ազատ արտահայտումը տեղի չի ունեցել, ապա համընդհանուր համոզմունք է, որ կամքը ազատորեն չի ձևավորվել Հայաստանում: Հայաստանում ընտրությունները ազատ չեն եղել, և այդ օրինակը, թե մեզ ձայն է տվել 93 տոկոսը, տեղին չէ»: Պատգամավորը անդրադառնալով հակափաստարկին, թե՝ հանձնաժողովը ձևական է, ասաց. «Այսինքն՝ Սահմանադրության մեջ, կանոնակարգի մեջ բուտաֆորիկ ինչ-որ կառո՞ւյց են գրել, հա՞»:

«Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը հիշեցրեց, որ ընդամենը 2 շաբաթ ՀՀ-ում նշվում էր Անկախության տոնը, որն անցավ ինչպես շատ սովորական օր, ինչպես «մի մեռելոց», որը, սակայն, նրա խոսքով՝ հետևանքն է այն քաղաքականության, որ ՀՀԿ-ն տարիներ շարունակ իրականացնում է: Պատգամավորը հիշատակեց այն հանգրվանային փաստերը, առանցքային տարեթվերը, երբ մենք զիջեցինք մեր անկախությունը և ինքնիշխանությունը:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը հայտարարեց, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանում գազի գները կհավասարեցվեն ԱՊՀ մնացած երկրների, դիցուք՝ Մոլդովայի գներին՝ 1000 խմ-ի համար 339 դոլար, այսինքն՝ 360 մլն դոլար ավելի կվճարենք գազի համար: Արտաշես Գեղամյանը հերթով ներկայացրեց ԵԱՏՄ-ից դուրս գալու բոլոր բացասական հետևանքները: Նրա խոսքով, սակայն, այս ամենում դրական երանգ կա, այն է. «Մենք մեզ համար մեկ անգամ ևս պարզեցինք, որ Հայաստանը ԵԱՏՄ-ում լիարժեքորեն չի օգտագործում այն վիթխարի պոտենցիալը, որ կա այդ տնտեսության ներսում»:

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հարցը համարում է արհեստական. «Ընտրությունների ժամանակ յուրաքանչյուր թիմ ներկայացնում է իր քաղաքական առաջնահերթությունները և ըստ այդմ ստանում ժողովրդի վստահությունը կամ ոչ»: Նրա խոսքով՝ պառլամենտում ներկայացված 4 քաղաքական ուժերից առնվազն 3-ը կողմ են արտահայտվել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը. ««Ելք» դաշինքն էլ չեմ հիշում, որ այդ ընտրությունների ժամանակ բացահայտ խոսել է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին: Էդ հլը հարց է, որ հայտարարեիք ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ 7 տոկոսը կհաղթահարեի՞ք, թե՞ չէ»:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարեց, որ իրենք ներկայացնում են կոնկրետ թվեր, հայտնում, թե ինչ ախտանշաններ ունի Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցությունը, Հանրապետական մեծամասնությունն ասում է՝ դե լավ է, ի՞նչ ախտանշաններ: «Եթե մենք էս ախտանշանների խորը արմատները չգիտենք, ուրեմն պետք է «յամեռ» իրականացնենք, որ տեսնենք՝ էս ախտանշաններն ինչից են, իմանանք՝ հիվանդ ա, վարակ ա, ինչ ա՞: Պիտի հետազոտենք, իսկ դա հանձնաժողովն է: Իսկ Հանրապետական մեծամասնությունն ասում ա՝ այ ախպեր, ինչ «յամեռ», ինչ բան, թող քրտնի, մալինայի մուրաբայով չայ խմի, քարաբաղնիս կանենք, կքրտնի՝ կչորանա, կանցնի»:

«Ինչքան բարձր ենք գոռում ժողովրդավարության մասին, այնքան ավելի ինտենսիվ այդ բոլոր գործիքները վերացնում ենք»,- ԱԺ քննարկմանը հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցության հանրաքվեի իրավունքը ընդամենը գործիք էր, որ կարող էր ունենալ ընդդիմադիր խմբակցությունը: Պատգամավորը ցանկանում է բացատրություն ստանալ, թե «ինչու ենք քափ-քրտինքի մեջ մտած հնարավոր բոլոր գործիքները հավաքում ընդդիմադիր խմբակցություններից»: Նրա խոսքով՝ ժողովրդավարական երկիր դարձնելը հո ասելով չի՞: «Էս ա ժողովրդավարության մասին ձեր պատկերացումը: Օրանգուտան կապիկի և մարդ արարածի տարբերությունը ընդամենը 2 տոկոս է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ կոչ անելով, որ մեր շիմպանզե համակարգը չդարձնեն մակակիի մակարդակի:

Մերի Իսահակյան

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20