Փուլայի՞ն, թե` փաթեթային տարբերակով տեղի կունենա Հայաստանի «առումը»

- in Կեղտոտ լվացք
Ser Kar

Ավարտված շաբաթը Հայաստանի ներքաղաքական կյանքում ինդիկատորային եղավ: Այն ավելի շատ բացահայտեց, հստակեցրեց, սահմանազատեց քաղաքական դաշտը, քան նույնիսկ` խորհրդարանական ընտրությունները, որոնց ընթացքում, մեծ հաշվով, դիսկուրս չկայացավ Հայաստանի զարգացման, պաշտպանության և անվտանգության հարցերի շուրջ, անգամ խորքային քննարկումների մակարդակում շրջանցվեց 2018-ի թեման:

Եվ սա այն դեպքում, որ նոր Սահմանադրության համաձայն` խորհրդարանական ընտրությունները մնացել են միակը, որ երկրում ձևավորում են քաղաքական իշխանություն: Խորհրդարանական վերջին քառօրյայում տրվեցին շատ հարցերի պատասխաններ: Ակամայից այնպես էր ստացվել, որ նույն քառօրյայի օրակարգում` իշխանության և ընդդիմության առանձին նախաձեռնություններով, հայտնվել էր հայ-ռուսական հարաբերությունների հարցը` ԵԱՏՄ խնդրով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու և հայ-ռուսական միացյալ զորախմբին վերաբերող հարցերի տեսքով:

Երկու հարցերի քննարկումները բացահայտեցին ավելի իրական մեծամասնություն, քան այն էր, ինչ պաշտոնապես հայտարարվել էր ընտրություններից հետո` դրանց արդյունքների հիման վրա: Հայ- ռուսական հարաբերությունները, դրանց վերաբերյալ դիրքորոշումները դարձան այն բաժանարար գիծը, որը Հայաստանի այսօրվա իշխանությանը տարանջատում է ընդդիմությունից: Այս առումով խորհրդարանական նոր` քաղաքական տեսանկյունից ֆորմալիզացված մեծամասնությունը շատ ավելի տարողունակ միավոր է, քան` ՀՀԿ-ն, կամ նույնիսկ` նրա կոալիցիան ՀՅԴ-ի հետ:

Իշխանության կամ քրեաօլիգարխիկ համակարգի մաս է նաև «Ծառուկյան» խմբակցությունը կամ ԲՀԿ-ն: Վերջինս այդպիսին եղել կամ ընկալվել է վաղուց` իր ծագումնաբանության, քաղաքական և կազմակերպչական կառուցվածքի, մենթալիտետի հետևանքով: Սակայն խորհրդարանական վերջին նիստերում ձևակերպեց ՀՀԿ-ՀՅԴ-ԲՀԿ ֆորմալ կամ ոչ ֆորմալ կոալիցիայի, այսպես կոչված, գաղափարա-քաղաքական հիմքը` եվրասիական կոնսենսուսը: Սկզբունքորեն այնքան էլ էական չէ, թե այս կուսակցությունների համագործակցությունը փաստաթղթային ինչ ձևակերպում կստանա 2018-ի ապրիլից հետո, որովհետև միևնույն է` նոր իշխանությունը ծնվելու է հենց այս «խմորից»: Հատկանշական է, որ քաղաքական դաշտի նոր կոնֆիգուրացիան, ըստ էության, բովանդակազրկում է նաև 2018-ի հարցը, անկարևոր դարձնում ապագա վարչապետի անձը, որովհետև ապագա իշխանությունն` անկախ դերակատարներից, ռուսական անզուսպ օկուպացիայի դրսևորում է լինելու:

Սերժ Սարգսյանի պարագայում` կպահպանվի այսօրվա ստատուս-քվոն, երբ Մոսկվայում հանդուրժում են Հայաստանի իշխանության գոնե ֆորմալ անկախությունը, Կարեն Կարապետյանի պարագայում` գործ կունենանք Մոսկվայի, ըստ էության, ուղղակի կառավարման հետ: Բովանդակային տարբերությունը մեծ չէ, որովհետև, մեծ իմաստով, այնքան էլ էական չէ` փուլայի՞ն, թե՞ փաթեթային տարբերակով տեղի կունենա Հայաստանի «առումը»:

Սակայն Հայաստանի քաղաքական համակարգի ամենամեծ մարտահրավերն այսպիսի խորհրդարան ունենալը չէ, այլ այն, որ քաղաքականության մեջ իսպառ բացակայում է հանրային կարծիքի, հասարակության դերակատարության, մասնակցության գործոնը: Չկա, բացակայում է հանրային գործոնն ինքնին` որպես գնահատման համակարգ, քաղաքականության սուբյեկտ, օրակարգ թելադրող: Կան, գոյություն ունեն հասարակական առանձին շերտեր, ինքնաբավ, արժեքային կողմնորոշում ունեցող խմբեր, պատկերավոր ասած` այն կղզին, որի հիմքով հնարավոր է սկսել ապագաղութացման շարժում, պայքար:

Սակայն գոնե առայժմ գտնված չէ այս խմբերին կոնսոլիդացնելու ճանապարհը: «Ելքը» գաղափարա-քաղաքական հատկանիշով սահմանազատված է համակարգից, սակայն քաղաքական կոմֆորմիզմը կաշկանդում է դաշինքին: Այստեղ սպասում են հասարակությունից եկող ազդակների, սակայն դրանք երբեք չեն լինելու, քանի դեռ «Ելքն» իմիտացնում է, թե այս խորհրդարանը քաղաքական փոփոխությունների գործիք է: Չկա նման բան ու չի կարող որևէ պատրանք լինել նաև 2018-ի հետ կապված, եթե նույնիսկ Սերժ Սարգսյանը հեռանա: Անցած շաբաթ հենց «Ելքի» շնորհիվ տեղի է ունեցել լուստրացիա, որի հետևանքով գործող խորհրդարանը վերածվել է քաղաքական աղբի: «Ելքն» այն հեռացնելու խնդիր ունի: Ապագաղութացման հարցը և այս խնդիրը փոխկապակցված են ու ամբողջացնում են այն օրակարգը, որը պետք է լինի «Ելքի» և հասարակության առաջադեմ հատվածի նոր կոնսենսուսի հիմքում: Միայն այս պարագայում է մոտիվացված և արդարացված փոքրաթիվ ընդդիմության ակտիվությունը խորհրդարանում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20