Քաղաքականությունն այնքան կենցաղայնացված է, որ իջեցված է ռամիկի ականջին հաճո մակարդակին

Eduard Sharmazanov

Միշտ էլ կան այլընտրանքներ, բայց եթե այլընտրանքները մեզ ձեռնտու չեն, պետք է ընտրենք այն այլընտրանքը, որը բխում է մեր շահերից, ներկա այլընտրանքները վատն են: Այս մասին երեկ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո հայտարարել է կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նրա գնահատմամբ՝ իշխանությունները կարողացել են օգտագործել այդ ռազմական ռեսուրսը, որը բխում է ՀՀ շահերից:

Ավելին՝ նա կարծում է, որ տարածաշրջանում կա 2 բանակ՝ ռուսական ու թուրքական, իսկ ՀՀ պետք է դաշնակից լինի այդ երկուսից մեկին: Խնդիրը Շարմազանովի անձը չէ, նույնիսկ կարելի է պնդել, որ նա Հանրապետականի կրթված և մտածող ներկայացուցիչներից մեկն է: Ողբերգությունն այն է, որ անվտանգության, այլընտրանքի, մեծ հաշվով` քաղաքականության դիվերսիֆիկացման մասին այս պրիմիտիվ դատողությունները բնութագրական են Հայաստանի ողջ վերնախավի, չնչին բացառություններով` ամբողջ քաղաքական համակարգի համար:

Քաղաքականությունն այնքան կենցաղայնացված է, որ իջեցված է ռամիկի ականջին հաճո «Ռուսաստան-Թուրքիա» կեղծ դիլեմայի մակարդակին: Ավելորդ է ասել, որ բլոկային այս մտածողությունը` չնայած Ռուսաստանի և Արևմուտքի այսօրվա հակադրություններին, վաղուց պատմության գրքերի սեփականություն է, իսկ ռեալ պոլիտիկը թելադրում է ոչ թե պատմությունը ռեստավրացնել, այլ պետության շահերի հիման վրա սթափ քաղաքականություն իրականացնել:

Եթե անգամ աշխարհում այսօր կան բլոկային բաժանումներ, ապա դրանց սահմանն անցնում է քաղաքակրթական հատկանիշով: Պետությունների տեղն ու դերը հետևանք են դառնում նրանց քաղաքակրթական ընտրության, արժեքային կողմնորոշման: Այս հարթության վրա այսօրվա Ռուսաստանն ու Թուրքիան դաշնակիցներ են, ինչն արտահայտվում է անգամ պրակտիկ քաղաքականության մեջ: Եթե մենք էլ շատ խորամուխ չլինենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային գործընթացների մեջ, կարող ենք սահմանափակվել ընդամենը մեկ օրինակով, որը, սակայն, ոչ թե մտացածին է, բերված է պատմության խորքերից, այլ արտացոլում է այսօրվա քաղաքականությունը, ռուս-թուրքական մերձեցման բարձր մակարդակը: Թուրքիան միակ երկիրն է, որը Ռուսաստանից ստացել է C-400 տեսակի հակաօդային պաշտպանության համակարգեր:

Առհասարակ` վտանգավոր է աշխարհն այնքան փոքրացնել, նեղացնել, որ Հայաստանի զարգացումը հնարավոր լինի դիտարկել բացառապես «Ռուսաստանի-Թուրքիա» դիլեմայի կաղապարում, որովհետև այդ դեպքում Հայաստանն իսկապես զրկվում է այլընտրանքից. հնարավոր չէ ընտրություն կատարել բիրտ սուլթանատի և նենգ ցարիզմի, Ադրբեջանի էթնիկ գծով «ավագ եղբայր» Թուրքիայի և սպառազինության մատակարարման հարցում «ավագ եղբայր» Ռուսաստանի միջև:

Առավել ևս` ոչ մի պարագայում չի կարելի սեփական քաղաքականության սնանկությունը քողարկելու նպատակով` նույնացնել Թուրքիան և ՆԱՏՕ-ն` դրանով բացատրելով Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին:

Այստեղ գործ ունենք կեղծիքի առնվազն երկու մակարդակի հետ, որովհետև Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին նույնիսկ ոչ թե Երևանի, այլ Մոսկվայի որոշումն է, որը որևէ աղերս չունի ոչ թուրքական գործոնի և ոչ էլ` հայկական շահերի հետ: Մյուս կողմից` այսօրվա Թուրքիան, քաղաքական դիրքորոշումների, քաղաքակրթական մեկուսացվածության հարթություններում, նույնանում է ոչ թե ՆՍՏՕ-ի, այլ հենց Ռուսաստանի հետ: Պատմության մեջ բազմաթիվ են օրինակները, երբ Ռուսաստանն ու Թուրքիան տարածաշրջանն, այդ թվում` Հայաստանը կիսել են` բաժանելով ազդեցության գոտիների:

Հենց սա է Հայաստանին սպառնացող հիմնական մարտահրավերը` ռուս-թուրքական նոր դավադիր համաձայնությունն, ինչի հետևանքով կարող են վտանգվել Հայաստանի, Արցախի անվտանգությունը:

Ի դեպ, տարածաշրջանը վերաձևելու ռուս-թուրքական ցանկությունը գուցե վաղուց իրականություն դարձած լիներ, եթե չլիներ արևմտյան աշխարհի, այդ թվում` ՆԱՏՕ-ի հակազդեցությունը: Անվտանգության, ԼՂ հարցերում Հայաստանի բնական դաշնակիցը հենց Արևմուտքն է և այդ իրականությունը կարող է տեսնել ցանկացած բանական մարդ, ով դուրս է ռուս-թուրքական կեղծ դիլեմայի բարդույթից:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20