2 անչափահաս երեխաների հայրը «հաշիվ մաքրելու» պահին հարվածել է սիրուհու հորը ու զրկել նրան տեսողությունից

- in Իրավունք
82
cec

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սուրեն Մնոյանի նախագահությամբ ավարտվել է Գեղամ Տ.-ի գործի դատական քննությունը:

37-ամյա Գեղամին մեղադրանք էր առաջադրված տուժողի առողջությանը խուլիգանական դրդումներով ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով:

Տուժողը Գեղամի յոթ տարվա սիրուհու հայրն է…

Գեղամ Տ.-ն կալանքի տակ էր 2017 թվականի փետրվարի 2-ից:

Ըստ մեղադրանքի՝ Սուրբ Ծնունդի օրը՝ 2017 թվականի հունվարի 6-ին, ժամը 17-ի սահմաններում Գեղամը մեքենայով գնացել է իր սիրուհու տան մոտ ու սպասել է, որ սիրուհին դուրս գա ու բացատրի, թե ինչու չի պատասխանում իր հեռախոսազանգերին:

Սակայն տանից դուրս է եկել սիրուհու հայրը, ով նախկինում էլ խոսել ու արգելել էր Գեղամին՝ հանդիպել իր դստեր հետ: Բանն այն է, որ Գեղամն ընտանիքատեր մարդ է՝ երկու անչափահաս երեխաների հայր:

Սիրուհու հայրը դրսում չաղմկելու և հարևանների ուշադրությունը չգրավելու նպատակով Գեղամին կանչել է տուն, պահանջել է, որ նա այլևս գործ չունենա իր դստեր հետ:

Այդ հարցի շուրջ վիճաբանության ժամանակ ոգելից խմիչքի ազդեցության տակ գտնվող Գեղամը մեկ անգամ հարվածել է սիրուհու հոր ձախ աչքին, ինչի հետևանքով առաջացրել է այդ աչքի տեսողության կորուստ և տուժողի առողջությանը պատճառել է ծանր վնաս:

Ամբաստանյալ Գեղամ Տ.-ն իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն: Նա հայտնել է, թե տաքսի է վարում: Շուրջ 7 տարի սիրային հարաբերությունների մեջ է եղել Զոյա Ս.-ի (անունը փոխված է) հետ:

Քանի որ ինքն ամուսնացած է, երեխաներ ունի, իր ու Զոյայի հանդիպումները հիմնականում գաղտնի են եղել: Սակայն Զոյայի հայրն իմացել է իր ու դստեր սիրային կապի մասին, հանդիպել է իրեն ու պահանջել է խզել կապը: Ինքը նրան խոստացել է, որ այլևս չեն հանդիպի: Բայց ինքն ու Զոյան սիրում էին միմյանց ու շարունակում էին գաղտնի հանդիպել:

Դեպքից շուրջ 20 օր առաջ Զոյան իրեն ասել է, թե ուզում է ամուսնանալ, կյանքը դասավորել: Իրենք որոշել են չհանդիպել ու մինչև դեպքի օրը չեն շփվել:

Ընթացքում ինքը հետաքրքրվել է Զոյայով, իմացել է, թե նա ինչ է անում, ինչով է զբաղվում՝ ինքը նրան շարունակում էր սիրել:

Սուրբ Ծնունդի օրը՝ 2017 թվականի հունվարի 6-ին, ինքը մի քանի բաժակ խմել ու որոշել է զանգել, խոսել Զոյայի հետ: Ժամը 17-ի սահմաններում մի քանի անգամ զանգել է, բայց նա իր զանգերին չի պատասխանել:

Ինքն անհանգստացել է, որոշել է գնալ նրանց տուն և իմանալ՝ ինչ է պատահել: Մտածել է՝ իր մեքենան բակում տեսնելով՝ Զոյան գաղտնի դուրս կգա, կհանդիպեն:

Գնացել է Զոյայի գյուղ, մեքենան կանգնեցրել է նրանց տան մոտ: Նորից զանգել է Զոյային, բայց պատասխանել է Զոյայի հայրը: Նա հարցրել է, թե ինքն ի՞նչ գործ ունի տան մոտ: Ինքն էլ անկեղծորեն ասել է, որ ուզում է Զոյային տեսնել:

Զոյայի հայրը դուրս է եկել տանից, մոտեցել է իրեն ու առաջարկել է տուն գնալ և խոսել:

Գնացել են տուն: Խոսել են խոհանոցում: Ինքը խոստովանել է, որ չնայած խոստացել էր Զոյայի հետ չհանդիպել, բայց իրենք շարունակել են գաղտնի հանդիպել: Հիմա էլ անհանգստացել է, որ Զոյան չի պատասխանում իր զանգերին, ու եկել է նրան տեսնելու, իմանալու, թե ոնց է:

Զոյայի հայրը նորից պահանջել է, որ ինքը դադարեցնի շփումը աղջկա հետ: Խոսակցության ընթացքում Զոյան մտել է խոհանոց, ինքը նրան տեսել, զայրացել, հայհոյանքներ է տվել վիճաբանության առիթ ստեղծելու համար:

Զոյայի հայրը սպառնացել է ոստիկանություն դիմել: Ինքն ավելի է բորբոքվել, չի տիրապետել իրեն, մեկ անգամ աջ ձեռքի բաց ափով հարվածել է նրա դեմքին: Նա ցավից գոռացել է, ինքը հասկացել է, որ հարվածը դիպել է աչքին: Անմիջապես սթափվել ու հանդարտվել է: Ինքն ու տուժողը տանից դուրս են եկել, մեքենայի մեջ խոսել են, հետո ինքը հեռացել է: Հաջորդ օրը ինքը տուժողին տարել է Երևանի Մալայանի անվան ակնաբուժական կլինիկա, նրան բուժօգնություն են ցուցաբերել, հետագայում վիրահատել են:

Գեղամ Տ.-ն զղջացել է կատարածի համար, ասել է, թե երբևէ չի ցանկացել Զոյայի հորը վնաս պատճառել: Նա ընդունել է, որ իր հարվածի հետևանքով է վնասվել տուժողի աչքը, տեսողության կորուստ է եղել, բայց չի ընդունել, որ արարքը կատարել է խուլիգանական դրդումներով:

Տուժողը հայտնել է, թե ներել է Գեղամին, նրա դեմ բողոք, պահանջ չունի, իրենք պայմանավորվել են բուժման ծախսերի հատուցման վերաբերյալ, այնպես որ՝ խնդրում է Գեղամի նկատմամբ մեղմ պատիժ նշանակել:

Տուժողի դուստր Զոյան հայտնել է, որ հոր աչքին հարվածելուց ու հոր գոռոցը լսելուց հետո Գեղամն անմիջապես զղջացել է, ձեռքերով բռնել է գլուխն ու ասել է. «Էս ի՞նչ արեցի»…

Դատարանը հաշվի է առել, որ Գեղամ Տ.-ի խնամքին են անչափահաս երկու երեխաները՝ 13 և 16 տարեկան:

Դատարանը եզրակացրել է, որ Գեղամ Տ.-ի արարքը պետք է ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետից վերաորակել նույն՝112 հոդվածի ավելի մեղմ՝ 1-ին մասով, այսինքն՝ գործով ապացուցված չի համարվել, որ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցվել է խուլիգանական դրդումներով: Գեղամ Տ.-ն կոպիտ կերպով չի խախտել հասարակական կարգը, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք չի դրսևորել, չի ընդգծել սեփական անձի առավելությունները, այլ արարքը կատարել է անձնական հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ:

Դատարանը հաշվի է առել նաև հանցագործությունից հետո Գեղամ Տ.-ի դրսևորած վարքագիծը՝ նա անմիջապես զղջացել է, հաջորդ օրը տուժողին տարել է հիվանդանոց, գործողություններ է կատարել տուժողի բուժման ծախսերը հարթելու ուղղությամբ:

Որպես պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք՝ հաշվի է առնվել հանցավոր արարքը ալկոհոլի ազդեցության տակ կատարելը:

Գեղամ Տ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով և դատապարտվել է 3 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2017 թվականի փետրվարի 2-ից:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20