Աբովյանում ոստիկանության կապիտանը քաշելով պոկել է ամուսնու և երեխաների հետ քայլող կնոջ ոսկե շղթան

- in Իրավունք
145
Vostikan

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Ստեփանյանի նախագահությամբ ավարտվել է Արման Մացակյանի գործի դատական քննությունը:

35-ամյա Արման Մացակյանին մեղադրանք էր առաջադրված կողոպուտի փորձ կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-176 հոդվածի 1-ին մասով:

Այս գործն արտառոց չէր լինի, եթե բացահայտ հափշտակության փորձ կատարելու համար մեղադրվող Արման Մացակյանը՝ բարձրագույն կրթությամբ, չլիներ Կոտայքի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ, կոչումով՝ ոստիկանության… կապիտան…

Ըստ մեղադրանքի՝ «Արման Մացակյանը, աշխատելով որպես համայնքային ոստիկանության տեսուչ, ունենալով ոստիկանության կապիտանի կոչում, օժտված լինելով հանցագործություններն ու այլ իրավախախտումները կանխելու, հանցանք կատարած անձանց բերման ենթարկելու պարտականություններով, իր կողմից սպասարկվող տեղամասում կատարել է ուրիշի գույքի բացահայտ հափշտակության փորձ»:

2017 թվականի սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի օրը, ժամը 13-ի սահմաններում գտնվելով Աբովյան քաղաքի Ռոսիա փողոցի հարակից կանաչապատ գոտու հետիոտնային ճանապարհին, Արման Մացակյանը նկատել է իր ուղղությամբ քայլող՝ նույն քաղաքի բնակչուհի Աննա Հ.-ին, ով պարանոցին կրում էր ոսկե շղթա՝ կախազարդով:

Ոստիկանության կապիտանը, անտեսելով ոչ միայն իր ծառայությունն ու սպայական կոչումը, այլև այն, որ Աննա Հ.-ի հետ էին նրա ամուսինը, նաև՝ մանկահասակ երեխաներ, հայտնվելով կնոջ դիմաց՝ քաշելով պոկել է նրա պարանոցի շղթան՝ կախազարդով՝ 271 հազար 500 դրամ ընդհանուր արժողությամբ, և դիմել է փախուստի:

Կողոպտված կինը բարձրաձայն օգնություն է կանչել: Փախչող կողոպտիչին հետապնդել են քաղաքացիները՝ պատահական անցորդներ, նաև՝ կնոջ ամուսինը: Հարակից շենքի բակում բռնել են նրան, գրպանից հանել են հափշտակված ոսկե զարդերը, ինչպես նաև ոստիկանության ծառայողի վկայականը…

Արման Մացակյանը ներկայացել է ոստիկանություն…. Նրան առել են կալանքի տակ…

Դատարանում Արման Մացակյանն իրեն մեղավոր է ճանաչել, նրա միջնորդությամբ գործը քննվել է արագացված ընթացակարգով:

Տուժող կինը բողոք, պահանջ չի ներկայացրել: Դատարանը հաշվի է առել, որ Մացակյանն ընդունել է մեղքը, զղջացել է, 2017 թվականի նոյեմբերի 2-ին ծնվել է նրա առաջնեկը:

Ըստ համատիրության կողմից տրված բնութագրի՝ Արման Մացակյանը «մշտապես աչքի է ընկել կարգապահությամբ, պատասխանատվության բարձր զգացումով, հարևանների նկատմամբ հարգալից վերաբերմունքով ու զուսպ պահվածքով: Երբեք չի ցուցաբերել անբարյացակամ կամ ագրեսիվ վարք իր շրջապատում….»:

Դատարանը Արման Մացակյանին մեղավոր է ճանաչել կողոպուտի փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-176 հոդվածի 1-ին մասով, ու դատապարտել է 3 ամիս ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2017 թվականի սեպտեմբերի 4-ից:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20