Ադրբեջանի հերթական սադրանքը. Մոսկվան չի տիրապետում նաև համարժեք ռեսուրսների

- in Կարծիք
191
Putin Erdoghan

Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բարեկամավան գյուղի բնակիչներն «Առավոտին» հայտնել են, որ այսօր ժամը 17.50-ի սահմաններում ադրբեջանական զինուժը շուրջ 5 րոպե կրակել է Բարեկամավան գյուղի վրա: Ժամը 18.20-ից գյուղի գնդակոծությունը վերսկսվել է: Բարեկամավանցիների վկայությամբ` ադրբեջանական զինուժը կրակում է խոշոր տրամաչափի գնդացիրներից, ԱԳՍ-ից:

Բաքուն Հայաստանի տարածքի նկատմամբ ոտնձգություններ, որպես կանոն, անում է հայ-ադրբեջանական բարձր մակարդակի բանակցություններից առաջ կամ հետո` դրանց վրա ազդելու կամ շանտաժի նպատակով:

Առաջիկայում նախագահների հանդիպում չի սպասվում, առավելագույնը տարեվերջին հանդիպելու են Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը: Սակայն ուղղակի հանդիպումների բացակայությունը չի նշանակում, թե կարգավորման գործընթացում, ավելի ստույգ` դրա շուրջ զարգացումներ տեղի չեն ունենում:

Օրերս ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում ղարաբաղյան հարցի վերաբերյալ ելույթներում Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը շեշտադրել են խորհրդում ԱՄՆ ու ՌԴ ներկայացուցիչները: Եթե Վաշինգտոնի պարագայում դա նորություն չէ, որովհետև Վիեննայի օրակարգն, ըստ էության, ամերիկյան նախաձեռնության արդյունք է, ապա Մոսկվայի հստակ դիրքորոշումն ուշագրավ է, ինչը ենթադրում է, որ Պուտինը վաղը Սոչիում մտադիր չէ ԼՂ հարցը քննարկել Էրդողանի հետ, առնվազն` տեղի տալ թուրք-ադրբեջանական օրակարգին: Բաքուն և Անկարան մտադիր են վերակենդանացնել, այսպես կոչված, «Լավրովի պլանը» կամ վերականգնել այն ստատուս-քվոն, որ առկա էր 2016-ի ապրիլյան պատերազմին նախորդող ամիսներին:

Իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ միջազգային կոնյուկտուրան է տարբեր, ինչի հետևանքով Ռուսաստանն անհրաժեշտություն չունի գործընթաց գեներացնել Մինսկի խմբի ձևաչափից դուրս: Նաև ակնհայտ է, որ դրա համար Մոսկվան չի տիրապետում նաև համարժեք ռեսուրսների, եթե նույնիսկ երկարաժամկետ հեռանկարում չի հրաժարվել «Լավրովի պլանից»: Անկախ Էրդողանի հռետորաբանությունից` Ղարաբաղը, առավել ևս նրա շուրջ էսկալացիան այս պահին չեն տեղավորվում անգամ Անկարայի առաջնահերթությունների օրակարգում:

Այս լույսի ներքո Ադրբեջանի սադրանքը նույնիսկ ոչ այնքան Բաքվի վարած հոգեմաշ պատերազմի դրսևորում է, որքան` քաղաքականության ձախողման կամ ակնկալիքների տապալման հետևանք:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20