«Անհրաժեշտության դեպքում արյուն կթափվի, մարդիկ կզոհվեն»

- in Իրավունք
222
Banda

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ շարունակվեց Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատական քննությունը՝ ըստ մեղադրանքի՝ «ՀՀ իշխանությունը յուրացնելու, զավթելու նպատակով ստեղծված հանցավոր համագործակցության» 20 անդամների՝ Արթուր Վարդանյանի, Վահան Շիրխանյանի, Անտոն Դիկրան Թոթոնջյանի, Գառնիկ Մարգարյանի, Վլադիմիր Առաքելյանի, Խաչիկ Ավետիսյանի, Ավետիս Բարեյանի, Վաղինակ Ստեփանյանի, Արթուր Եղիազարյանի, Վահագն Սալնազարյանի, Արման Հայրապետյանի, Էդվարդ Ներսիսյանի, Հարություն Սարիբեկյանի, Արա Պողոսյանի, Տիգրան Բոյաջյանի, Գևորգ Ջնդոյանի, Արկադի Մարդոյանի, Ասյա Մկրտչյանի, Մարինե Կաթանյանի, Նելլի Մինասյանի վերաբերյալ:

Դատարանը ապացույցների հետազոտման փուլում է:

Այս դատական նիստին հետազոտվեցին քրեական գործի 3-ից 7-րդ հատորներում տեղ գտած փաստաթղթերը:

Նիստը սկսվեց բավական ուշացումով:

Նիստից առաջ անսպասելի պոռթկում ունեցավ ամբաստանյալ Էդվարդ Ներսիսյանը՝ «Ապարը», ով սովորաբար նիստերի ընթացքում լուռ է լինում: Նա դահլիճ մտավ արդեն իսկ բորբոքված, ոչ սովորականի նման ու միանգամից, նայելով իր հետ նույն շարքում նստող Արթուր Վարդանյանի ուղղությամբ՝ սկսեց անանուն արտահայտություններ անել. «Կապիկլամիշ եք ըլնում», «Բոզություն մի արեք» և այլն: Տարեց ամբաստանյալը չէր հանգստանում, նրան դահլիճից դուրս բերեցին, րոպեներ անց նա վերադարձավ համեմատաբար ավելի հանգիստ վիճակում: Նրա շահերի պաշտպան, փաստաբան Կարմեն Պողոսյանն իր պաշտպանյալի պոռթկումը պայմանավորեց նրա առողջական վատ վիճակով:

Դատական նիստի ժամանակ, երբ հրապարակվում էին այս գործով մեղադրյալի կարգավիճակ ստացածների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու՝ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի որոշումները, Վահան Շիրխանյանի շահերի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը հանդես եկավ հայտարարությամբ: Նա նկատեց, որ դատական հիշյալ որոշումների մի մասը կայացրել է նախագահող դատավոր Ա. Բեկթաշյանը: Որոշման առաջին պարբերության մեջ նշվել է՝ «ըստ բերված միջնորդության…», սակայն հետագա՝ երկրորդ, երրորդ պարբերությունները չեն սկսվում՝ «Ըստ բերված միջնորդության» արտահայտությամբ, ու ստացվել է, թե դատավոր Բեկթաշյանն իր անունից կարծես թե հաստատված է գնահատել մեղադրյալներին՝ նախաքննական մարմնի կողմից առաջադրված մեղադրանքը՝ «հանցավոր համագործակցության մեջ այդ անձանց ներգրավվածությունը»:

Հայկ Ալումյանը, դիմելով նախագահողին, հայտարարեց. «Գուցե դուք սեփական համոզվածությո՞ւնն ունեք այս գործով»:

Նախագահողը արձագանքեց. «Դա ձեր սուբյեկտիվ կարծիքն է… Ներկայացնում եք՝ ոնց որ ձեզ է հարմար»:

Հայկ Ալումյանը հակադարձեց. «Ես հրավիրված եմ իմ և իմ պաշտպանյալի սուբյեկտիվ կարծիքը այստեղ հայտնելու համար»…

Քրեական գործի 4-րդ հատորի փաստաթղթերի հրապարակման ժամանակ Հայկ Ալումյանը ևս մեկ հայտարարություն արեց՝ ամբաստանյալներ Արթուր Վարդանյանի ու Հայր Անտոնի միջև շահերի հակասության վերաբերյալ:

Ըստ Հ. Ալումյանի՝ նախաքննության սկզբնական շրջանում է առաջացել այդ հակասությունը, բայց դա նախաքննական մարմնին չի խանգարել, որ երկու ամբաստանյալների շահերի պաշտպանության համար ներգրավեն նույն փաստաբանին՝ Լևոն Բաղդասարյանին:

Հայկ Ալումյանի մատնանշած հակասությունը մասնավորպես վերաբերում էր այն բանին, որ Հայր Անտոնն իր սկզբնական ցուցմունքներում նշել է, թե Արթուր Վարդանյանի խոսքերով՝ անհրաժեշտության դեպքում արյուն կթափվի, մարդիկ կզոհվեն: Արթուր Վարդանյանն այդ նույն ժամանակ տված ցուցմունքներով պնդել է, թե ինքը նման բաներ չի ասել ու չի նախատեսել:

Հայկ Ալումյանը նշեց՝ եթե նախաքննական մարմնի մեղքով երկու ամբաստանյալների՝ ում շահերի միջև հակասություն էր առկա, պաշտպանության համար ներգրավվել է նույն փաստաբանը, ապա դրանից հետո նախաքննական մարմնի կատարած բոլոր գործողությունները պիտի ապօրինի գործողություններ համարվեն, տվյալ պաշտպանի ներկայությամբ նրա պաշտպանյալների տված ցուցմունքները պիտի համարվեն անթույլատրելի ապացույց: Առաջացած հակասության պայմաններում Վարդանյանն ու Թոթոնջյանը պիտի առերես հարցաքննվեին, բայց չեն հարցաքննվել: Իսկ եթե, այնուամենայնիվ, հարցաքննվեին, ի՞նչ պիտի աներ երկուսի համար նշանակված նույն պաշտպանը…

Արթուր Վարդանյանի շահերի պաշտպան Լևոն Բաղդասարյանը հակադարձեց. «Իմ հարգարժան գործընկերը խեղաթյուրում է փաստերը… Վարդանյանի և Թոթոնջյանի շահերի ու ցուցմունքների մեջ բացարձակ հակասություն չկա… Իմ գործընկերը կարող է իր կարծիքը հայտնել, ոչ թե ցուցում տալ… Այստեղ բոլորս հավասար ենք՝ նստում ենք նույն հարթության վրա, իսկ Հայկ Ալումյանը նստած է նախագահողի հետ նույն հարթության վրա, նրա պահվածքում էլ է դա նկատվում…»: Փաստաբանը նկատի ուներ այն, որ Վահան Շիրխանյանն ու նրա կողքին՝ Հայկ Ալումյանը, նստած են դահլիճի՝ ավելի բարձրադիր հատվածում՝ այդ տեղը հարմար է Վահան Շիրխանյանին նստեցնելու համար…

Հայկ Ալումյանն ի պատասխան նշեց, թե Վարդանյանի ու Թոթոնջյանի շահերի պաշտպաններն ամեն ինչ անում են, որ իր հիշատակած անթույլատրելի ապացույցները չճանաչվեն անթույլատրելի. «Ես հեռուն գնացող ու պարզ երևացող հետևություններ կարող եմ անել, բայց նման հրապարակայնության պայմաններում ձեռնպահ եմ մնում»:

Քրեական գործի 3-րդ և 4-րդ հատորներում առկա որոշ փաստաթղթերի վերաբերյալ Հայկ Ալումյանը հայտարարեց՝ Հրապարակվեցին մեղադրյալներին պաշտպան ունենալու իրավունքը բացատրելու արձանագրություններ: Որոշ մեղադրյալներ հրաժարվել էին պաշտպան ունենալուց ու, պաշտպանի բացակայությամբ, հայտնել էին, թե իրենք կիրականացնեն իրենց պաշտպանությունը: Սակայն, ըստ Հ. Ալումյանի, այդ գործողության ժամանակ օրենքով պարտադիր է պաշտպանի ներկայությունը, մեղադրյալների հիշյալ հայտարարություններն ընդունվել են օրենքի խախտումով, հետևաբար այդ և դրանց հաջորդող գործողությունները ապօրինի են…

Հրապարակվեց արձանագրություն այն մասին, որ Արթուր Վարդանյանի վարձակալած առանձնատան սեփականատիրուհին, այն առանձնատան, որտեղ վնասազերծվել էր խումբը, ու մեծ քանակությամբ զենք-զինամթերք էր հայտնաբերվել, հետագայում, տունը կարգի բերելիս գտել է խմբին պատկանող զինամթերք, առարկաներ, փաստաթղթեր, որոնք հանձնել է վարույթն իրականացնող մարմնին: Տանտիրուհու ներկայացրած առարկաների մեջ էին՝ տրոտիլանման նյութ, փամփուշտներ, Արթուր Վարդանյանի ու Տիգրան Բոյաջյանի անձնագրերը, երեք սրվակ՝ սպիտակավուն նյութով ու մեկ հատ ՀՀ դրոշ…

Քրեական գործի 5-րդ հատորում որոշումներ էին՝ առգրավված համակարգչային տեխնիկայի համակարգչատեխնիկական փորձաքննություն, առգրավված զենքի և այլ առարկաների դատագենետիկական փորձաքննություն, առգրավված զենք-զինամթերքի դատաձգաբանական, պայթյունատեխնիկական և այլ փորձաքննություններ նշանակելու մասին:

«Աբովյան» ՔԿՀ-ում գտնվող մեղադրյալ Մարինե Կաթանյանի մոտ հայտնաբերվել էր քսիվ՝ «ծածկանամակ», որը սկսվում էր. «Արթուր ջան» բառերով:

Քրեական գործի 7-րդ հատորում առկա փաստաթղթերի ու լուսանկարների հետազոտումը դատական նիստի մթնոլորտը շիկացրեց: Նախ՝ հրապարակվեց գրություն, համաձայն որի՝ ըստ օպերատիվ տեղեկությունների՝ Հարություն Սարիբեկյանն էր Արթուր Վարդանյանին տվել նռնականետ: Հարություն Սարիբեկյանին ձերբակալել, ապա կալանքի տակ են առել, նրա բնակավայրում՝ Արմավիրի մարզի Արևաշատ գյուղում, կատարվել է խուզարկություն:

Հրապարակվեց քննչական փորձարարության արձանագրություն: Փորձարարությունը կատարվել էր «Զվարթնոց« օդանավակայանից ոչ հեռու գտնվող Արևաշատ գյուղում, մասնավորապես՝ Հարություն Սարիբեկյանի բնակավայրի տարածքում, որպեսզի ստուգվի թռչող ու վայրէջք կատարող ինքնաթիռների հեռավորությունը տվյալ վայրից: Արձանագրվել է, որ Արևաշատ համայնքի ամենամոտ հատվածը օդանավակայանի թռիչքուղուն՝ այդ թռիչքուղուց հեռու է 200 մետր: Այնտեղ պահակակետ չկա, համայնքի բնակիչներն ազատ տեղաշարժվում են այդ տարածքով:

Ինչ վերաբերում է Սարբեկյանի բնակավայրի ու թռիչքուղու հեռավորությանը, ապա այն կազմել է 500-600 մետր: Այնտեղից տեսանելի են եղել միայն օդում թռչող ինքնաթիռները, թռիչքուղին տեսանելի չի եղել…

Այս «փորձարարության» պատճառն այն էր, որ հանցախմբին վերագրվել էր նաև հանրապետության նախագահի ինքնաթիռը կործանելու դիտավորություն:

Այս փաստաթղթի հրապարակումից հետո իր դժգոհությունն արտահայտեց ամբաստանյալ Հարություն Սարիբեկյանը: Նա մեղադրողին կոչ արեց. «Պահանջում եմ՝ նորից փորձարարություն արեք, որ դու էլ լինես իմ տանը ու տեսնես՝ իմ տան միջից ինչքան է թռիչքուղու հեռավորությունը… Եթե ենթադրել են՝ «Մուխայով» պիտի ինքնաթիռ խփվեր, թող կարդան՝ էդ զենքի կպնելիությունն ինչքա՞ն ա…»:

Փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարեց, որ ըստ հրապարակված փաստաթղթի՝ կատարվել է «քննչական փորձարարություն», բայց իրականում փորձարարություն չի կատարվել: Քննչական փորձարարության ժամանակ վերականգնվում են դեպքի հանգամանքներն ու պարագաները, ի՞նչ հանգամանքներ ու պարագաներ են վերականգնվել այս գործողության ժամանակ. «Սա ավելի նման է տեղանքի զննության, որը, սակայն, կատարվել է ուրիշ գործողության անվան տակ»:

Հրապարակվեց «Հայոց վահան» կազմակերպության երդման տեքստը, որը հայտնաբերվել ու առգրավվել էր խուզարկության ժամանակ: Երդումը սկսվում էր՝ Աստծո անունով երդվում եմ ոչինչ չխնայել պաշտպանելու համար ազգս ու Հայրենիքս… Երդումն ավարտվում էր՝ Եթե դրժեմ՝ թող համարվեմ Ազգիս դավաճան ու պատժվեմ հանուն Ազգիս…

Մեղադրողը սկսեց հետազոտել նույն խուզարկության ժամանակ առգրավված լուսանկարները: Դրանցից մեկի վերաբերյալ նա ասաց, թե պատկերված է Արթուր Վարդանյանը՝ Եռաբլուրում… Հետո մեղադրողը սխալ ուղղում կատարեց՝ Արթուր Վարդանյանը՝ Ծիծեռնակաբերդում «ինչ-որ անձնավորության»՝ «Շռամ Վալերիկի» գերեզմանի մոտ:

Արթուր Վարդանյանը անմիջապես բորբոքվեց ու մեղադրողի վրա գոռաց. «Ինչ-որ անձնավորությունը դու ես… Ամեն ինչ բացահայտեցիք, էս մի բանը չկարեցա՞ք բացահայտել… Եթե իմ հայրանունը «Վալերիկի» է, ուրեմն ես հորս գերեզմանի մոտ եմ, ոչ թե «ինչ-որ անձնավորության», իմ հայրը «ինչ-որ անձնավորություն» չէր…»:

Արթուր Վարդանյանը խոսքի ընթացքում ձեռքերը զարկեց իրար, նախագահողը, որ անընդհատ սաստում էր նրան, պահանջում էր տեղից առանց թույլտվության չխոսել, զայրացավ. «Մի՛ ծափ տուր դատարանի դահլիճում… Վերջին անգամ եմ նախազգուշացնում…»: Նախագահողը դիտողություն արեց, որ Վարդանյանն իրեն սխալ է պահում, իսկ Արթուր Վարդանյանը դատարանին հակադարձեց. «Դուք չեք ասելու՝ ես սխալ եմ, թե ոչ»:

Նախագահողը Վարդանյանի նկատմամբ սանկցիա կիրառեց անմիջապես՝ նրան մեկ ժամով հեռացրեց դատարանի դահլիճից: Վարդանյանը դահլիճից դուրս բերվելու ընթացքում շարունակեց զայրանալ մեղադրողի վրա, վերջինս նույնպես զայրացավ ու ասաց՝ ականջներդ կկտրեմ…

Արթուր Վարդանյանի հեռանալուց հետո նրա շահերի պաշտպան Լևոն Բաղդասարյանը հայտարարեց, թե մարդկանց ծանրագույն մեղադրանքներ են առաջադրված: Նրանց անձնական կյանքին վերաբերող արտահայտություններում պետք է ավելի զգույշ լինել, իր պաշտպանյալը համարում է, որ առաջադրված մեղադրանքները «հնարովի» են, դատարանը պետք է նրա ռեպլիկներին «ըմբռնումով մոտենա»: Տվյալ դեպքում խոսքը վերաբերեց անձի պատվին ու արժանապատվությանը՝ նրա հոր գերեզմանին…

Մեղադրողը պատասխանեց, որ ընդամենը հրապարակել է քրեական գործում առկա լուսանկարը, «որևէ վիրավորման միտում չի կարող լինել»:

Նախագահողը Արթուր Վարդանյանի շահերի պաշտպանին զգուշացրեց՝ ձեր պաշտպանյալը յուրաքանչյուր նիստում խանգարում է, տեղից հայտարարություններ, ռեպլիկներ է անում… Մինչև հիմա դատարանը սանկցիա չի կիրառել՝ դատական նիստերը չձգձգելու միտումով…

Այնուամենայնիվ, դատական նիստը չշարունակվեց. Վահան Շիրխանյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը հայտարարեց, որ իր պաշտպանյալը այլևս չի կարող նստած մնալ, նա շատ վատ է զգում, պետք է դիրքը փոխի…

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 17-ին:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ հանցավոր «համագործակցությունը, կազմակերպված խումբը» ստեղծել ու ղեկավարել է Արթուր Վարդանյանը:

Խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք են բերվել զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, սարքեր՝ ՀՀ իշխանությունը բռնությամբ զավթելու նպատակով, սակայն 2015 թվականի նոյեմբերի 25-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները վնասազերծել են բացահայտված խմբի անդամներին:

Հայր Անտոնը՝ «Ռադիո Մարիամ» մշակութային հիմնադրամի տնօրեն, Գյումրու Կաթոլիկե եկեղեցու քահանա, ՀՀ և Ավստրալիայի քաղաքացի Անտոն Դիկար Թոթոնջյանը, ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի ապրիլից «անձնապես» ծանոթացել է Իսպանիայից Հայաստան ժամանած Արթուր Վարդանյանի հետ, մասնակցել է վերջինիս ստեղծած հանցավոր «համագործակցությանը»՝ ֆինանսավորելով այն:

Ըստ մեղադրանքի՝ Վահան Շիրխանյանը 2015 թվականի մայիսից «անձնապես» ծանոթանալով Հայր Անտոնի, Իսպանիայից ժամանած Արթուր Վարդանյանի հետ, նրանց առաջարկությամբ ստանձնել է մասնակցել վերջինիս ստեղծած հանցավոր համագործակցությանը…

Ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 223 հոդվածի 2-րդ, 235 հոդվածի 3-րդ, 35-300 հոդվածի 1-ին մասերով:

20 ամբաստանյալներից կալանքի տակ է 12-ը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20