Առայժմ Սերժ Սարգսյանի «չորս միլիոնանոց Հայաստանի» թեզը նման է փուչիկի

- in Կեղտոտ լվացք
111
Serj Sargsyan

Սերժ Սարգսյանը ժողովրդագրական խնդիրն ըստ էության դրել է կառավարության գործունեության գնահատման չափանիշների շարքում՝ վերջին խորհրդակցության ժամանակ համապատասխան հանձնարարականներ տալով պատկան մարմիններին: Սակայն այդ հանձնարարականների կիրառական նշանակությունը զրոյանում է, կամ դրանք մնում են PR-ի ու ներհամակարգային պայքարի գործիքի մակարդակում, երբ բախվում ենք իրականությանը կոնկրետ դրսևորումներով և փաստերով:

2017-ին սոցիալական, մշակութային, այդ թվում նաև առողջապահության ոլորտներին հատկացվել էր բյուջեի 47,7%-ը: 2018-ի բյուջեի նախագծով այս տողերին բաժին է հասել բյուջեի 43,9%-ը, այսինքն՝ չորս տոկոսային կետով այս ուղղությունների հատկացումները կրճատվում են։ Բնականաբար, այս պարագայում աղքատությունը միայն խորանում է՝ հանգեցնելով սոցիալական բևեռացման, անհուսության, ինչն էլ իր հերթին ծնում է արտագաղթ: Եթե Հայաստանը լքում են հազարավոր մարդիկ՝ նույնիսկ արտերկրում առանց բարեկեցիկ կյանքի երաշխիքների, ապա դժվար է ակնկալել, որ Հայաստան կվերադառնան Սփյուռքի մեր հայրենակիցները՝ իրենց կյանքը դժոխքի վերածելու հեռանկարով: Ժողովրդագրական քաղաքականությունը էթնիկական զեղումներ չի սիրում:

Ավելին, Հայաստանը մտնում է ժողովրդագրական ճգնաժամի շրջան, ծնունդների ամենաքիչ թիվը գրանցվել է 2001-03 թվականներին, երբ ծնվող երեխաների թիվը նվազել է մինչև 30 հազար։ 2017-18 թվականներին էլ քիչ ծնված երեխաների սերունդն է մտնում զորակոչային, կրթական, նաև վերարտադրողական տարիք։ Առաջիկա տարիներին դեմոգրաֆիական ճգնաժամի ռիսկերը չափազանց մեծ են. ակնհայտ է, որ ամուսնությունների թիվն է կրճատվելու, ծնվող երեխաների թիվը, որն ալիքաձև տարածվելու է մի քանի տասնամյակների վրա: Այս տարվա ինը ամիսների կտրվածքով ծնելիության նվազումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 7,4%, մահացության աճը՝ 0,7%։ Տնտեսագետ Բագրատ Ասատրյանի տվյալներով՝ Տավուշում և Լոռիում արդեն ունենք բնական աճի բացասական ցուցանիշ՝ մահացությունը գերազանցում է ծնելիությանը, իսկ ծնելիության ամենացածր ցուցանիշը Սյունիքում է։

Սա իսկապես աղետ է Հայաստանի համար, որը մարտահրավեր է դառնում Հայաստանի անվտանգությանը: Որևէ մեկը լուրջ չի կարող ընդունել Սերժ Սարգսյանի խոստումը՝ մինչև 2040-ը ունենալ չորս միլիոնանոց Հայաստան, քանի դեռ արտագաղթը շարունակվում է:

Միայն սոցիալական խնդիրները չեն, որ մարդկանց ստիպում են հեռանալ երկրից: Ամեն հաջորդ ընտրություն ավելի է ամրապնդում քաղաքական և տնտեսական մենաշնորհները, ինչը խթանում է կոռուպցիայի զարգացումը՝ խեղդելով մարդկանց ինքնադրսևորման հնարավորությունները: Մարդիկ գնում են երկրներ, որտեղ կգնահատվի իրենց տաղանդը, աշխատասիրությունը:

Հայաստանի առնվազն վերջին երկու իշխանությունների փիլիսոփայության հիմքում հարևան երկրների հետ հակադրության մոդելն է, համենայնդեպս՝ տեսանելի չէ, որ Սերժ Սարգսյանը ԼՂ խնդիրը կարգավորելու քաղաքական խիզախություն ունի: Մարդիկ չեն ուզում ապրել մի երկրում, որտեղ վտանգված է իրենց որդիների կյանքը, իսկ իշխանություններն ավելի են սրում իրավիճակը՝ տարկետման վերացման չմտածված նախաձեռնություններով:

Առայժմ Սերժ Սարգսյանի «չորս միլիոնանոց Հայաստանի» թեզը նման է փուչիկի՝ նախագահության տասնամյակի նրա մյուս տապալված մեգանախագծերի օրինակով:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20