«Դանակը կոխելու եմ սիրտդ», «ինվալիդ եմ սարքելու». Ամուսինը խանդի հողի վրա խոշտանգել է ստրիպտիզ ակումբի պարուհի նախկին կնոջը

Danakaharutyun

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Վաչե Մարգարյանի նախագահությամբ ավարտվել է Հայրապետ Թ.-ի գործի դատական քննությունը:

36-ամյա Հայրապետին մեղադրանք էր առաջադրվել նախկին ընկերուհուն խոշտանգելու՝ ֆիզիկական ցավ ու հոգեկան տառապանք պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով:

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի հոկտեմբերի 27-ին, ժամը 19-ի սահմաններում Հայրապետը անակնկալ հայտնվել է Ներքին Շենգավիթում վարձակալությամբ ապրող նախկին ընկերուհու վարձակալած տան բակում: Նա հայտնվել է ընկերուհու՝ Թամարի (անունը փոխված է) առջև, իր մոտ գտնվող դանակը ցուցադրելով՝ մոտեցել, ոտքով հարվածել է Թամարի կրծքին: Թամարն ընկել է: Հայրապետն օգտվել է ընկած կնոջ անօգնական վիճակից, բռնել է նրա մազերից, քարշ է տվել գետնի վրայով՝ ընթացքում առանձին դաժանությամբ ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա դեմքին, գլխին, մարմնի այլ մասերին, մազերից բռնելով՝ գլուխը հարվածել է գետնին ընկած քարերին:

Թամարը կորցրել է գիտակցությունը:

Հայրապետը դանակով վնասել է Թամարի ականջախեցու հետնամասը, աջ ականջի բլթակի հատվածը, վնասել է պարանոցի աջ հատվածը: Տուժողի առողջությանը գանգուղեղային փակ վնասվածքի, մարմնի տարբեր մասերում արյունազեղումների, քերծվածքների ձևով պատճառել է վնասվածքներ՝ շուրջ 16 վնասվածք, պատճառել է նաև ֆիզիկական ցավ ու հոգեկան տառապանք՝ տուժող կնոջ մոտ առաջացել են վախի, տագնապի զգացողություններ, դեպքից հետո նա վնասված արտաքինով չի ցանկացել հասարակության մեջ երևալ…

Գործի նախաքննության ընթացքում Հայրապետը թաքնվել է քննությունից, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, գործի վարույթը կասեցվել ու շարունակվել է նրա հայտնաբերումից հետո՝ 2017 թվականի մարտի 7-ից, երբ Հայրապետը առնվել է կալանքի տակ:

Առաջադրված մեղադրանքում Հայրապետն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե 2012 թվականից փաստական ամուսնական հարաբերությունների մեջ է գտնվել Թամարի հետ: Միասին վարձով ապրել են Չարբախում:

2016 թվականի հոկտեմբերին խանդի հողի վրա իրենց միջև առաջացել են խնդիրներ: Թամարը թողել-գնացել է ու ապրել է իրեն անհայտ հասցեում:

Հոկտեմբերի 27-ին ինքն իմացել է Թամարի հասցեն, գնացել է նրան տեսնելու, իրենց հարաբերությունները պարզաբանելու: Այդ հանդիպման ժամանակ ինքն ու Թամարը նորից վիճել են: Ինքն ընդամենը երկու ապտակ է հասցրել Թամարին, վերջինս ընկել ու կարծես թե ուշաթափվել է: Ինքը վախեցել է, նրան թողնելով այդ վիճակում՝ հեռացել է:

Հայրապետն իրեն մեղավոր է ճանաչել Թամարին երկու անգամ ապտակելու համար: Նա ասել է, թե չգիտի՝ Թամարի մնացած վնասվածքներն ինչի արդյունքում են առաջացել: Ներկայումս հաշտվել է Թամարի հետ, նա ներել է իրեն: Ինքը Թամարին չի խոշտանգել, ուժեղ ֆիզիկական ցավ ու հոգեկան տառապանք չի պատճառել:

Տուժող կինը հայտնել է, թե Հայրապետի հետ 3-4 տարի ապրել է փաստական ամուսնական կյանքով: Նրանից բաժանվել է, քանի որ նա մտածում էր, թե ինքը դավաճանել է նրան, իսկ ինքը մտածում է, թե նա է դավաճանել իրեն:

Դեպքից մոտ երկու ամիս առաջ ինքը բնակություն էր հաստատել վարձով՝ իր դստեր ու ընկերուհու հետ: Այդ տան հասցեն Հայրապետը չգիտեր:

Դեպքի օրն ընկերուհին ու դուստրը տանը չէին: Մթնշաղ էր: Ինքը դուռը բացել է, որ դուրս գա ու լվացք փռի: Իր դիմաց անսպասելի հայտնվել է Հայրապետը: Նա ասել է. «Դու չես ապրելու, եթե իմ հետ չես… Ինձ դավաճանելն էդքան հե՞շտ ա»:

Ինքը պատասխանել է, որ չի դավաճանել, Հայրապետն է իրեն դավաճանել: Դրանից հետո Հայրապետը հարվածել է իր դեմքին՝ աչքի շրջանում, 3-4 հարված էլ է հասցրել, որոնցից ինքն ուշագնաց է եղել ու ընկել է բակի քարերի մեջ: Հայրապետն իր գլուխը հարվածել է քարերին ու ասել է. «Քեզ ինվալիդ եմ սարքելու»:

Իրեն թվացել է՝ Հայրապետի ձեռքին դանակ կա, բայց չգիտի՝ նա իրեն դանակով հարվածել է, թե ոչ: Ինքն ուշքի է եկել, մտել է տուն: Ընկերուհին զանգել է շտապօգնություն, իրեն տարել են հիվանդանոց: Նույն օրը դուրս է գրվել: Դեպքից հետո սպիներ չեն մնացել:

Տուժողն ասել է, թե դեպքից հետո Հայրապետին չի տեսել:

Թամարը նշել է, թե Հայրապետը լավ հայր է, նրա միակ թերությունը խմելն էր: Հայրապետի աղջիկները հաճախ են եկել իրենց տուն, ինքն իր դստեր հետ գնացել է Հայրապետի մոր տուն: Նրա հարազատները ճանաչել ու ընդունել են իրեն:

Տուժողը իր նկատմամբ Հայրապետի գործողությունները «վատ» է գնահատել: Նա նշել է, թե ցավ զգացել է, բայց ոչ՝ շատ ուժեղ, վախ էլ է զգացել, բայց հոգեկան տառապանքներ չեն եղել: Վախեցել է, թե Հայրապետն իրեն կհամոզի նորից միասին ապրել, ինչն ինքը չէր ուզում: Չգիտի՝ ինչից են առաջացել ականջի վնասվածքները: Դեպքից հետո փոխել է բնակության վայրը, քանի որ չէր ցանկանում այդ տան հետ կապված հիշողությունները վերապրել: Հայրապետի գործողությունների արդյունքում իրեն նվաստացած է զգացել, բայց իր արժանապատվությունը չի վիրավորվել, քանի որ Հայրապետն իր… ամուսինն էր… Հայրապետի ասածները որպես սպառնալիք չի ընկալել: Դեպքից հետո նրա հետ հաշտվել է, ապրում է նրա մայրիկի տանը, ցանկանում է, որ ինքն ու Հայրապետը միանան ու նորից միասին ապրեն: Հայրապետի հարազատների կողմից իր վրա ճնշում չի գործադրվել, որ փոխի ցուցմունքները:

Էական հակասությունների պատճառով հրապարակվել են Թամարի նախաքննական ցուցմունքները: Նա հայտնել էր, թե Հայրապետին ճանաչել է ակումբներից մեկում որպես պարուհի աշխատած ժամանակից: Հայրապետն այցելում էր այդ ակումբ: Իրենք մտերմացել են, որոշ ժամանակ ապրել են իրար հետ: Բայց Հայրապետը չարաշահել է խմիչքը, ոչ մի տեղ չի աշխատել, վիճաբանել է իր հետ, ընկերություն է արել ուրիշ աղջկա հետ: Ինքը բաժանվել է նրանից: Հայրապետը մշտապես իրեն անհանգստացրել է:

Դեպքի օրվա վերաբերյալ Թամարը հայտնել է, թե իր առաջ անսպասելի հայտնվելով՝ Հայրապետը բացել է ծալովի դանակը, ուղղել է իր վրա ու ասել է. «Դանակը կոխելու եմ սիրտդ, ինձանից գնալը էդքան հե՞շտ ա»:

Նա ոտքով խփել է իր կրծքին, ինքն ընկել է: Հայրապետը բռնել է իր մազերից, սկսել է բակով մեկ քարշ տալ ու հարվածներ հասցնել ձեռքերով ու ոտքերով: Մազերից բռնած՝ գլուխը հարվածել է բակի քարերին, ասել է, թե ինքը պիտի մեռնի: Ինքը կորցրել է գիտակցությունը, դրանից հետո ոչինչ չի հիշում: Կարծում է՝ երբ ուշագնաց է եղել, Հայրապետը դանակով կտրել է իր ականջի հետնամասը, վնասել է ականջի բլթակը, պարանոցը: Ինքն ուշքի է եկել մրսելուց, չի հասկացել՝ որտեղ է: Հետո տեսել է ընկերուհուն, նորից կորցրել է գիտակցությունը, հետո ուշքի է եկել հիվանդանոցում:

Տուժողը նշել է, թե Հայրապետը տաքարյուն է, կռվարար, կոնֆլիկտային… Տուժողը հայտնել է, թե Հայրապետը «Օդնոկլասնիկով» ինչ-որ աղջկա հաղորդագրություններ է գրել՝ նշելով. «Մի մարդ կար, իրեն լավ չէր պահում, անջատել եմ իրարից, Թեմոյին բռնել, սաղ ջարդել եմ, լավ եմ արել, ինքը կյանքում լավ օր չի ունենալու, էտի իրան ասել եմ»…

Դատարանը հաստատված է գնահատել Հայրապետ Թ.-ի մեղավորությունը մեղսագրված արարքի համար: Հաշվի է առել, որ Հայրապետի խնամքին են 13 և 10 տարեկան դուստրերը:

Հայրապետ Թ.-ն ՀՀ քրեական օրենսգրքի 119 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով մեղավոր է ճանաչվել ու դատապարտվել է 3 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2017 թվականի մարտի 7-ից:

Spread the love