«Ելքը» շանս է տվել Կարեն Կարապետյանին

- in Ընտրություններ
karen-karapetyan

«Ելք» դաշինքը և մասնավորապես «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կառավարությանն առաջարկում են հիմք ընդունել ՍԴ որոշումը և իրականացնել «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 69-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով իրեն վերապահված լիազորությունները, մասնավորապես՝ վաղաժամկետ դադարեցնել Վանաձոր քաղաքի գործող ավագանու լիազորությունները և միաժամանակ նշանակել ավագանու արտահերթ ընտրություններ:

Եթե չլիներ ՀՀԿ-ի և «Հայկական վերածնունդ» կուսակցության նախօրեի, ըստ էության, կրիմինալ համաձայնագիրը, որով փորձ է արվում լեգիտիմացնել մեկ տարուց ավելի հակասահմանադրական ռեժիմում գործող Վանաձորի ավագանին ու քաղաքապետին, հարցը գուցե նման սրությամբ չդրվեր: Բայց հիմա իրավիճակը կտրուկ փոխվել է, Վանաձորի հարցը դուրս է եկել տեղային մասշտաբից և դարձել է լակմուսի թուղթ, որը բացահայտում է քաղաքական սուբյեկտներից յուրաքանչյուրի վերաբերմունքը սահմանադրականության հարցին:

Գնդակը գտնվում է Կարեն Կարապետյանի դաշտում և հարցի արժեքը նրա համար չափազանց մեծ է, եթե հաշվի առնենք նաև 2018-ի համատեքստը: Ինչ-որ իմաստով«Ելքը» նույնիսկ բացառիկ շանս է տվել Կարեն Կարապետյանին, ով հնարավորություն է ստացել ապացուցելու, որ սահմանադրականությունը կարևորում է իշխանության շահից: Եթե նույնիսկ խնդիրը վերաբերում է մեկ քաղաքի, Կարեն Կարապետյանը կարող է ցույց տալ, որ քրեաօլիգարխիկ մտածողության կրող չէ, եթե Վանաձորում նշանակի արտահերթ ընտրություններ: Մեկ տարի առաջ Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանին ներկայացնում էր որպես իշխանության, ՀՀԿ-ի «նոր ոգի»:

«Ելքը» շանս է տվել, որպեսզի Կարեն Կարապետյանը գործնականում ապացուցի, որ 2018-ի ապրիլին, ըստ էության, նոր իշխանության հիմք է դնելու, եթե պահպանի վարչապետի պաշտոնը:

Վանաձորի հարցում Կարեն Կարապետյանը նաև անձնական խնդիր ունի, որովհետև բարձրաստիճան պաշտոնյաներից միակն է, որ քաղաքի տարեդարձի օրը պատվեց Վանաձորի սկանդալային քաղաքապետին:

Հիմա Կարեն Կարապետյանը շանս ունի ապացուցել, որ տեղի ունեցածը թյուրիմացություն է կամ, որ Մամիկոն Ասլանյանի հետ շփվել է միայն ի պաշտոնենպատակ չունենալով միջամտել նրա ու ընդդիմության վեճին, առավել ևս լեգիտիմացնել Վանաձորի գործող քաղաքապետին:

Եթե Կարեն Կարապետյանը հակադրվի ՍԴ որոշման տրամաբանությանը կամ մերժի «Ելքի» դիմումը, ապա ոչ միայն ամբողջովին նույնանում է քրեաօլիգարխիայի հետ, այլ նաև հասկացնում է, որ 2018-ի խնդրի լուծումը պատկերացնում է միայն համակարգի ներսում` կամուրջներ այրելով ընդդիմության և հասարակական ակտիվ խմբերի հետ:

Դա, ըստ էության, նույնն է, որ Կարեն Կարապետյանը հրաժարվում է վարչապետական հայտից կամ իրեն ամբողջովին դնում է համակարգային տրամաբանության մեջ` չդառնսլով ինքնուրույն քաղաքական գործոն, եթե անգամ 2018-ի ապրիլին կարճ ժամանակով զբաղեցնի վարչապետի պաշտոնը: Նաև ժամանակագրորեն սա Կարեն Կարապետյանի վերջին շանսն է:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20