Երրորդմասցի Լյովիկի սպանության գործով մեղադրողն իր ապացույցներն «ատամներով է պահում»

- in Իրավունք
177
Nubarashen

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ Երրորդմասցի Լյովիկի ու նրա երկու ուղեկիցների սպանության գործով դատական նիստը նորից «նվիրվեց» սպանությունը ենթադրաբար կատարողների մեքենայի զննության քննչական գործողությանը մասնակցած երկրորդ ընթերակայի անձին:

Ամբաստանյալների շահերի պաշտպան, փաստաբան Լուսինե Սահակյանի միջնորդությամբ դատարանը հրավիրել և հարցաքննել է հիշյալ քննչական գործողությանը մասնակցած երկու ընթերականերից մեկին: Երկրորդ ընթերական՝ «Յուրի Գալստյան» անուն-ազգանունով, դարձել է այս գործով վերջին մի քանի դատական նիստերի «անտես հերոսը»:

Դատարանը ՍԷԿՏ համակարգին հարցում էր կատարել, ստացել էր պատասխան, որ մեքենայի զննության արձանագրությունը ստորագրած անձի տվյալներով, 1956 թվականին ծնված որևէ մեկի վերաբերյալ համակարգում տեղեկություն չկա: Բայց տեղեկություն կա 1957 թվականին ծնված, նույն անուն-ազգանունով անձի մասին, ով հատել է ՀՀ սահմանը ու մեկնել է ՌԴ: Այս անձի ոչ միայն ծննդյան տարեթիվն էր ուրիշ, այլ նաև՝ բնակության վայրի հասցեն՝ երկու Յուրի Գալստյաններն էլ Նուբարաշենի խճուղում են բնակվում, բայց՝ տարբեր շենքերում: Պետռեգիստրում 1956 թվականին ծնված Յուրի Գալստյան հաշվառված չէ, բայց հենց ա՛յդ տվյալներով Յուրի Գալստյանն է, ըստ մեքենայի խուզարկության արձանագրության, որպես ընթերակա մասնակցել քննչական գործողությանը:

Դատարանը նախորդ նիստին մեղադրողի միջնորդությունը բավարարելով՝ որոշել էր մեկ անգամ ևս ՍԷԿՏ համակարգին հարցում կատարել, քանի որ այդ համակարգից նշված անձի վերաբերյալ տեղեկությունը ստացվել էր մեկուկես ամիս առաջ, միգուցե մարդը Ռուսաստանից վերադարձել է Հայաստա՞ն: Դատարանը որոշել էր նաև նորից ծանուցել քննչական գործողությանը մասնակցած Յուրի Գալստյանի հասցեով:

Նախագահողը հրապարակեց ՍԷԿՏ համակարգից ստացված պատասխանը, համաձայն որի՝ Յուրի Գալստյանը 2017 թվականի օգոստոսի 16-ին հատել է ՀՀ սահմանը ու մեկնել է ՌԴ:

Նախագահողը հրապարակեց նաև տեղեկանք, որը կազմվել էր Յուրի Գալստյանի բնակության հասցե մեկնած ոստիկանության աշխատակցի կողմից: Համաձայն այդ տեղեկանքի՝ Նուբարաշենի խճուղի 1 շենքն ու 5/1 շենքը՝ նույն շենքն է, 10 տարի առաջ հին հասցեն փոխվել է նորով: Այդ շենքի այն բնակարանի դուռը, որտեղ բնակվում է Յուրի Գալստյան անուն-ազգանունով անձը, փակ է եղել, հարևանները հայտնել են, որ տանտերը ամռանը մեկնել է Ռուսաստան՝ եղբոր մոտ:

Նախագահողը ընթերակայի՝ արդեն շատ ծեծված հարցը վերջապես փակված տեսնելու ցանկությամբ ասաց. «Այսպիսով, մեր ընթերակա Յուրի Գալստյանը բացակայում է Հայաստանից»:

Ամբաստանյալների շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը նախագահողի արտահայտությանն անմիջապես արձագանքեց. «Որ «մեր ընթերական է»՝ դեռ հարց է՝ զննության արձանագրությունը ստորագրած, 1956 թվականին ծնված Յուրի Գալստյանի վերաբերյալ տեղեկություն է ստացվել, որ այդպիսի մարդ գոյություն չունի, իսկ հիշյալ հասցեում բնակվում է 1957 թվականին ծնված Յուրի Գալստյանը… Հրապարակեք տվյալներ, որ արձանագրության մեջ նշված Յուրի Գալստյանին գտել եք, որտե՞ղ է, ի՞նչ տվյալների հիման վրա եք գտել, և այն անձը, որը Ռուսաստան է մեկնել, արդյո՞ք նույն անձն է, որը ստորագրել է արձանագրությունը…»:

Մեղադրող Ա. Արամյանը կարծիք հայտնեց. «Միգուցե ընթերակայի ծննդյան տարեթվի մեջ տպագրական սխալ է եղել…

Պաշտպանական կողմի բարձրացրած հարցերը արդեն դատական վիճաբանությունների փուլում քննարկվելիք հարցեր են… Դատարանը բավարար միջոցներ է ձեռնարկել ընթերակային գտնելու և դատարանում հարցաքննելու ուղղությամբ, բոլոր միջոցները սպառվել են, դատարանի տրամադրության տակ են համապատասխան փաստաթղթեր…»:

Փաստաբան Լուսինե Սահակյանը այլ կարծիքի էր. «Եթե գոյություն ունի Յուրի Գալստյան անձը, թող գա ու հարցաքննվի, բայց այդպիսի անձ՝ այդ տարեթվին ծնված, գոյություն չունի… Հիշյալ արձանագրությունը մեղադրողի ապացույցն է, պարզ է, որ ինքն իր ապացույցը պիտի «ատամներով պահի»: Բայց որպեսզի այդ ապացույցը ապացուցողական նշանակություն ունենա, այդ ընթերական պետք է ներկայանա ու հարցաքննվի: Իսկ եթե չկա այդ անձը, պետք է փաստենք, որ զննության գործողությանը մեկ ընթերակա է մասնակցել, այդ ընթերակային լսել ենք ու կարող ենք ասել, որ ընդհանրապես այդ գործողությանը ընթերակայի մասնակցությունը խիստ հարաբերական է…»:

Փաստաբանը պնդեց, որ մեկ ընթերակայի մասնակցությամբ կատարված զննությունը օրենքի խախտմամբ կատարված գործողություն է, այդ գործողության արձանագրությունը չի կարող ապացուցողական նշանակություն ունենալ:

Մեղադրողը նշեց. «Պաշտպանական կողմը մի դիրքորոշում ունի, պաշտպանական կողմը՝ մեկ այլ: Որևէ այլ գործողություն անելու չեմ տեսնում: Փաստում եմ՝ ընթերական կա, բայց այստեղ չի»:

Փաստաբան Լուսինե Սահակյանը հայտարարեց, որ միջնորդություններ ունի՝ ապացույցների անթույլատրելիության վերաբերյալ, հնարավոր է՝ միջնորդություններ լինեն նաև նոր ապացույցներ ձեռք բերելու վերաբերյալ: Այդ միջնորդություններին պատրաստվելու համար փաստաբանը ժամանակ խնդրեց:

Դատական նիստը հետաձգվեց մեկ շաբաթով:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի մարտի 4-ին, ժամը 13-ն անց 50-ի սահմաններում «Գաստիկ» մականունով Վահան Հակոբյանը, «Տլե» մականունով Սարգիս Հախանումյանը և «Ծգըլ» մականունով Սարգիս Գրիգորյանը նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինաբար պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող 3 ինքնաձիգներից կրակահերթ են արձակել «Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության գնացող Լևոն Ղազարյանի՝ Երրորդմասցի Լևոնի, ինչպես նաև Դրաստամատ Թադևոսյանի ու Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ, ինչի հետևանքով Մեսրոպ Նազարյանցը տեղում մահացել է, իսկ Լևոն Ղազարյանն ու Դրաստամատ Թադևոսյանը մահացել են Էրեբունի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին:

Երեք ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրվել նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված սպանության ու ապօրինի հրազեն ձեռք բերելու, պահելու, կրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ կետերով և 235 հոդվածի 1-ին մասով:

Երեք ամբաստանյալներն էլ իրենց մեղավոր չեն ճանաչում և արդարացման դատավճիռ են ակնկալում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20