Ինչո՞վ է պայմանավորված Ծառուկյան դաշինքի դիրքորոշման կտրուկ փոփոխությունը

- in Հրապարակ
143
Gagik Carukyan

«Ծառուկյան» դաշինքը նախօրեին կտրուկ կոշտացրել է դիրքորոշումը ՊԵԿ-ի եւ կառավարության նկատմամբ՝ մեղադրելով նրանց տոնավաճառների աշխատակիցների դեմ հարկային տեռորի համար եւ սպառնալով անել անվանական բացահայտումներ, եթե դա չդադարեցվի:

Ինչո՞վ է պայմանավորված դաշինքի դիրքորոշման կտրուկ փոփոխությունը՝ միայն այն հանգամանքով, որ Գագիկ Ծառուկյանի տոնավաճառները հայտնվել են հարկայինի ուշադրության կենտրոնո՞ւմ, թե՞ քաղաքական իրավիճակի փոփոխության պատճառով, ինչի արդյունքում են գուցե տոնավաճառները հայտնվել հարկայինի ուշադրության կենտրոնում:

ՊԵԿ-ը հայտարարում է, որ ամեն ինչ անում է օրենքով: Մյուս կողմից, սակայն, Հայաստանում կա, այսպես ասած, երկու օրենք՝ մեկը պետականը, որ գրված է թղթի վրա, իսկ մյուսը՝ ներհամակարգային օրենքը, որը գուցե դարձյալ ինչ-որ տեղ կա գրված, սակայն ոչ լայն հրապարակային կիրառման համար: Եվ ըստ այդմ՝ հարցն այն է, թե ՊԵԿ գործողությունները որքանով են համապատասխանում հենց այդ՝ ներհամակարգային օրենքին, որովհետեւ Հայաստանում իշխանության գործողությունները կառուցվում են առաջին հերթին հենց այդ օրենքների վրա եւ հենց այդ օրենքները խախտող սուբյեկտների դեմ:

Ըստ այդմ, հարց է առաջանում՝ Գագիկ Ծառուկյա՞նն է խախտել ներհամակարգային «օրենսդրությունը», թե՞ ՊԵԿ-ը կամ կառավարությունն են խախտում այն՝ պետական գրված օրենքը Ծառուկյանի դեմ կիրառելով ընտրովի:

Խնդիրը, սակայն, Ծառուկյան-Պեկ կամ Ծառուկյան-կառավարություն հարաբերություններում, այսպես ասած, իրավացին ու անիրավը չեն, այլ իշխանության ներսում ծավալվող զարգացումները, որոնք, փաստորեն, բերել են մի իրավիճակի, երբ Գագիկ Ծառուկյանը վերստին կանգնում է, այսպես ասած, արմատական ընդդիմադիր դիրքորոշման ճանապարհին, որից հետդարձը այս անգամ նրա համար դառնալու է անհնար:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20