Ինչո՞ւ է պետք սևացնել Եվրամիությանը

- in Կեղտոտ լվացք
267
Ashot Manucharyan

«Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանն այսօր անդրադարձել է քառամյա վաղեմության իրադարձություններին և, ըստ էության, Բրյուսելին է մեղադրել այն հարցում, որ 2013թ-ին Հայաստանն ու Եվրամիությունը չստորագրեցին Ասոցացման համաձայնագիրը:

«Երբևէ ԵՏՄ-ի կողմից որևէ առարկություն չի եղել ԵՄ-ի հետ կապված։ Բոլորն ասում են՝ Ռուսաստանը արգելեց Հայաստանին 2013թ. ստորագրել Ասոցացման համաձայնագիրը։ ԵՄ-ի կողմից եղավ «կամ-կամ»-ը, Ռուսաստանն ասում էր՝ ի՞նչ է եղել որ, թող «և՛-և՛» լինի, միմյանց հետ կհամագործակցենք։ Երբ պնդեցին «կամ-կամ»-ը, Ռուսաստանն ասաց՝ Սերժ Սարգսյան, ստորագրում ես սա, և սեպտեմբերի 3-ին եղավ այդ ստորագրությունը»,- ասել է նա:

Մանուչարյանը Հայաստանի ամենափորձառու և ինտելեկտուալ գործիչներից մեկն է, և այսօրվա բացահայտ կեղծիքը թույլ է տվել ոչ թե չիմացության հետևանքով, այլևակնհայտորեն քաղաքական նպատակներով: Մանուչարյանի համար ակնհայտ է, որ Հայաստանը միաժամանակ չէր կարող լինել երկու մաքսային միության անդամ և բացի այդ նա քաջատեղյակ է, թե Եվրամիության հետ ասոցացումը կանխելու նպատակով Մոսկվան ինչպիսի ճնշումների է դիմել ոչ միայն Հայաստանի իշխանությունների հանդեպ, այլ նաև առաջին հերթին ու հատկապես Ուկրաինայում: Ամբողջ խնդիրն այն է, որ Մանուչարյանը, որը հայտնի է իր ռուսական կողմնորոշմամբ, մանիպուլյացիայի է դիմում Հայաստանի և Եվրամիության միջև շրջանակային նոր համաձայնագրի ստորագրումից ընդամենը շաբաթներ առաջ` թերևս հեռահար նպատակով:

Բանն այն է, որ գոնե արտաքուստ Մոսկվան այս անգամ չի խոչընդոտում Հայաստանի և ԵՄ-ի միջև համաձայնագրի ստորագրմանը, սակայն հիմա որոշակի խնդիրներ կան հենց Եվրոպայում, Եվրամիության կառույցներում: Հարցն, իհարկե, չի վերաբերվում համաձայնագրին, որի ստորագրման հարցում Երևանում և Բրյուսելում, կարծես թե, տարաձայնություններ չկան: Սակայն համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում, և այս լույսի ներքո առանցքային քաղաքական նշանակություն է ձեռք բերում գագաթնաժողովի եզրափակիչ հռչակագիրը, որտեղ անդրադարձ է լինելու նաև հակամարտություններին, այդ թվում` ԼՂ խնդրին:

Կատալոնիայի շուրջ ծավալվող իրադարձությունները Եվրոպայում նպաստել են տարածքային ամբողջականության սկզբունքի կողմնակիցների կոնսոլիդացիային և կա վտանգ, որ դա իր արտացոլումը կգտնի նաև Արևելյան գործընկերության գագաթնաժողովի բանաձևում: Հենց այստեղ է, որ Մոսկվան կարող է «թասիբի» գցել Երևանին, որպեսզի վերջինս, «հանուն» Արցախի, Բրյուսելում դիմի տոտալ դեմարշի, այսինքն` հրաժարվի որևէ փաստաթուղթ ստորագրել Եվրամիության հետ, որն «անտեսում» է Արցախի ինքնորոշման իրավունքը: Նման սցենարը քիչ հավանական է, սակայն չի կարելի այն ընդհանրապես անտեսել, ու թերևս այդ նպատակին է ծառայում «չար Եվրամիության» մոտիվներով հանրային կարծիքի ձևավորումը, ինչի ուղղությամբ այսօր գործնական քայլ է կատարել Աշոտ Մանուչարյանը:

Ի վերջո, Հայաստանի իշխանությունները մեկ անգամ չէ, որ իրենց արտաքին քաղաքական շրջադարձերը, ռուսական ճնշումները քողարկել են պսևդոհայրենասիրական կարգախոսներով կամ Արցախի հարցի շահարկումով:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20