Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը որոշել ակնարկել հեռանալու մասին

- in Կեղտոտ լվացք
242
Serj Sargsyan

Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել ժողովրդագրական խնդիրների վերաբերյալ՝ դրա ընթացքում անդրադառնալով մայիսի 18-ին խորհրդարանում իր ծրագրային ելույթում հնչեցրած նպատակին՝ 2040 թվականին ունենալ 4 միլիոն բնակչությամբ Հայաստան:

Մայիսի 18-ի այդ ելույթի հանրային արձագանքի գերակշռող մեծամասնությունն այն էր, որ դա ոչ թե հեռացող, այլ մնացող պաշտոնյայի ելույթ էր, որով Սերժ Սարգսյանը ցույց տվեց, թե ամենևին չունի իշխանության ղեկը թողնելու մտադրություն: Դրա վկայություն էր դիտարկվում այն, որ Սարգսյանը նոր խորհրդարանի առաջ բարձրաձայնում էր առաջիկա 23 տարիներին առնչվող հեռահար նպատակներ՝ ծրագրային շեշտադրումներով:

Նախօրեին տեղի ունեցած խորհրդակցությանն անդրադառնալով իր մայիսի 18-ի ելույթի, թերևս, առանցքային, թիրախային խնդրին՝ 4 միլիոն բնակչությամբ Հայաստանի տեսլականին, Սերժ Սարգսյանն արել է մի հայտարարություն, որն ունի բավականին ուշագրավ տողատակ նրա քաղաքական ծրագրերի կամ պլանների առումով: «Նախանշված թիրախային նպատակին հասնելը (Սարգսյանի համոզմամբ) պետք է լինի Հայաստանի բոլոր իշխանությունների խնդիրը, և 2040 թվականից հետո էլ ժողովրդագրական իրավիճակի շարունակական բարելավումը պետք է նույնչափ կարևորվի», ասված է նախագահական նստավայրի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ, որը պատմում է խորհրդակցության մասին:

Ի՞նչ է նշանակում «բոլոր իշխանություններ» արտահայտությունը: Այսինքն՝ Սերժ Սարգսյանը խոսում է կամ ակնարկում այն մասին, որ մինչև 2040 թվական նախանշված նպատակին հասնելու ճանապարհին Հայաստանում չի լինելու մեկ՝ անփոփոխ իշխանություն, այլ լինելու են «բոլոր իշխանություններ», այսինքն՝ մի քանի՞սը: Ինչ խոսք, զուտ տեսական և տրամաբանական դատողության շրջանակում դա ոչ միայն արտառոց, այլ միանգամայն բնական արձանագրում է, քանի որ 23 տարի անփոփոխ մեկ իշխանությունը պարզապես նոնսենս է ժողովրդավարական մոդելով պետությունների պարագայում: Իսկ Հայաստանը կարծես թե հավակնում է լինել այդպիսին՝ գոնե իշխանության խոսքով:

Հետևաբար՝ իշխանությունը չի կարող մի կողմից խոսել ժողովրդավարական մոդելով պետություն կառուցելու մտադրության մասին, մյուս կողմից՝ խոսել 23 տարի շարունակ ղեկը մեկ իշխանության ձեռքում պահելու մասին: Մյուս կողմից էլ թվում է, որ Հայաստանում կարծես թե 25 տարի շարունակ եղել է անփոփոխ իշխանություն, հետևաբար՝ ինչո՞ւ չի կարող լինել ևս 23 տարի: Այսինքն՝ զուտ հայաստանյան պրակտիկայի պայմաններում արդեն Սարգսյանի հայտարարությունը ստանում է որոշակի արտառոց երանգ, այն իմաստով, որ առաջիկա 23 տարիներին նա, այդուհանդերձ, գոնե տողատակում ենթադրում է իշխանափոխություն և թերևս՝ ոչ մեկ անգամ: Այստեղ է, որ Սարգսյանի հայտարարությունը ստանում է ուշագրավ երանգ:

Բանն այն է, որ թե՛ մայիսի 18-ի ելույթում, թե՛ ընդհանրապես իր վերջին շրջանի ելույթներում Սարգսյանը ոչ միայն չի կրկնել հեռանալու մտադրության մասին 2014 թվականի հայտնի խոսքը, այլ հակառակը՝ արել է բազմաթիվ թափանցիկ և մշուշոտ ակնարկներ, որ չի պատրաստվում թողնել իշխանության ղեկը, թողնել առաջին դեմքի կարգավիճակը: Եվ ահա, այդ հայտարարությունների ֆոնին, այսինքն՝ մնալու մտադրության մասին տարատեսակ ակնարկների ֆոնին, Սերժ Սարգսյանը հանկարծ ակնարկ է անում, որ Հայաստանում մինչև 2040 թվական կլինեն «բոլոր իշխանություններ», այսինքն՝ իշխանությունը չի լինի միայն ինքը: Այստեղ առաջանում է հարց իհարկե, թե ո՞ր պահից ինքն այլևս չի լինի իշխանություն՝ հենց 2018-ի ապրիլի՞ց, երբ վայր կդնի նախագահի լիազորությունը, թե՞ ավելի ուշ, երբ ինչ-որ մի օր այլևս վայր կդնի նաև վարչապետի լիազորությունը:

Միևնույն ժամանակ, ինքնին հետաքրքիր է այն, թե ինչո՞ւ է Սերժ Սարգսյանն ընդհանրապես որոշել ակնարկել, որ ինքն առնվազն մտադիր չէ մնալ իշխանություն մինչև 2040 թվականը: Ո՞ւմ համար է նրա այդ ազդակը, համակարգի ներսում գտնվողների՞, հանրությա՞ն, թե՞ արտաքին ուժային կենտրոնների: Թե՞ Սերժ Սարգսյանը համարել է, որ մնալու մտադրության մասին ակնարկները բավական շատ են հնչել, և ինքն այդ առումով այլևս սկսել է, այսպես ասած, կանխատեսելի դառնալ, ըստ այդմ՝ որոշել է, որ անկանխատեսելիության, այսպես ասած, համեմատական առավելությունը պահելու համար անհրաժեշտ է հրապարակ բերել որոշակիորեն այլ ազդակ, այսպես ասած՝ ապակողմնորոշող, այլ հետքի վրա տանող ազդակ:

Այդ իմաստով արժի, թերևս, թույլ տալ նաև այնպիսի հավանականություն, որ Սարգսյանն իրականում խոսելով «բոլոր իշխանությունների» մասին՝ իրականում քողարկում է ընդամենը իր մեկ ու միակ իշխանության նպատակը: Բացառելի չէ նաև այն, որ Սարգսյանն այդպիսով ցանկանում է ցույց տալ, որ 4 միլիոնի նպատակն իր համար իրականում քաղաքական քարոզչական հնարք չէ, այլ անկեղծ առաջնահերթություն, որ սահմանել է անկախ իր քաղաքական կարիերայից և պլաններից: Այդ խնդիրն, իհարկե, նրա համար չափազանց ծանր իրականանալի է, գուցե ավելի ծանր, քան, օրինակ, ամենաբարդն և ամենադժվարինը նրա հետնախագահական բոլոր սցենարներից:

Բանն այն է, որ Սարգսյանն անցկացրել է նախագահության մի այնպիսի տասնամյակ, որ հազիվ թե այդ տասնամյակին հետևած որևէ քաղաքացու հնարավորություն տա մտածել, թե նա իր իշխանության խնդրից բացի՝ մտածել է որևէ այլ խնդրի մասին:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20