Իշխանության ներսում գոյություն չունի կոնցեպտուալ վեճ, տեսակետների ու դիրքորոշումների բախում

- in Կեղտոտ լվացք
193
Sezh Karen

Ուսանողական դասադուլի երրորդ օրը կուլմինացիոն դարձավ թե՛ շարժման համար և թե՛ իշխանության բովանդակությունը հասկանալու տեսանկյունից:

Այսօր ուսանողները երթով շարժվել են կառավարություն և նրանցից հինգն անգամ արժանացել է վարչապետի ընդունելությանը: Որոշ փորձագետների մոտ տեսական հույսեր կային, որ Կարեն Կարապետյանը կարող է անգամ լոյալ գտնվել ուսանողական հուզումների, դասադուլի հանդեպ, որովհետև ի վերջո դրանց թիրախը պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն է, որը 2018-ի կամ նույնիսկ ավելի գլոբալ համատեքստում գործող վարչապետի համակարգային մրցակիցն է: Սակայն ավտորիտար իշխանության էությունը, ըստ ամենայնի, մինչև վերջ գիտակցված չէ անգամ փորձագիտական շրջանակներում, որովհետև ընդդիմության կամ քաղաքացիական հասարակության հետ հարաբերություններում համակարգն արագ կոնսոլիդացվում է` անկախ ներքին հակասություններից:

Կարեն Կարապետյանն այսօր արտաքուստ ընդառաջել է ուսանողության պահանջին և ընդունել է դասադուլի կազմակերպիչներին, սակայն, ըստ էության, դիմել է նույն մանիպուլյացիաներին, խորամանկություններին, որոնցով նախօրեին աչքի էր ընկել Վիգեն Սարգսյանը, երբ ուսանողները մերժել էին նրա հետ հանդիպման առաջարկը: Կարեն Կարապետյանը խախտել է հանդիպման ձևաչափի պայմանավորվածությունը և ուսանողական շարժման ղեկավարների հետ հանդիպմանը ներկայացել է «զորքով»Վիգեն Սարգսյանի ու Լևոն Մկրտչյանի ընկերակցությամբ, որպեսզի իշխանության «ոչ»-ն ավելի միասնական ու հաստատուն հնչի: Ավելին երբ Կարեն Կարապետյանը մի ձեռքով բարևում էր «ըմբոստ» ուսանողներին, մյուսով հրահանգում էր ԵՊՀ ռեկտորատին` համաձայնության արժանացնել «Զինապարտության մասին» օրենքի նախագիծը:

Ակնհայտ է, որ ԵՊՀ ռեկտորատը կուսակցություն կամ ՀԿ չէ ու, ըստ էության, անհրաժեշտություն չունի որոշում կայացնել ԱԺ-ում քննարկվող այս կամ այն օրինագծի վերաբերյալ: Սակայն ԵՊՀ ռեկտորատն այսօր հայտնվել է նման պարտադրանքի առջև, որպեսզի բոլորի համար ակնհայտ լինիայսօրվա համալսարանն առանձնահատուկ է ոչ թե դիրքորոշումների բազմազանությամբ, այլ քրեաօլիգարխիայի կցորդի իր նվաստացուցիչ կարգավիճակով: Առաջիկա օրերին ուսանողական շարժումն անկում է ապրելու, որովհետև Կարեն Կարապետյանի հետ հանդիպումն ուսանողների վերջին «փամփուշտն» էր, և «անզեն» շարժումն ի վիճակի չի լինելու դիմակայել իշխանության տարբեր մակարդակի ճնշումներին, ավտորիտար բուրգին, մանավանդ, որ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնող խումբը իրեն կաշկանդել է լոկալ միջավայրում` չբարձրացնելով հարցեր, որոնք վերաբերում են քաղաքական և քաղաքացիական ազատություններին, բուհական ինքնավարությանն ու կոռուպցիային:

Համակարգի ներսում գուցե հակասություններ կամ ինտրիգներ կան 2018-ի վերաբերյալ, սակայն իշխանության բոլոր սեգմենտները կոնսոլիդացվում են, երբ պետք է արմատախիլ արվի այլակարծությունը, քաղաքական կամ քաղաքացիական դիրքորոշումը, ընդդիմախոսությունը: Այս հարցում մեկ միասնական թիմ են քրեաօլիգարխիայի կոնսենսուս Սերժ Սարգսյանը, «կրեատիվ» Կարեն Կարապետյանը և արևմտյան դիմանկար ունեցող Վիգեն Սարգսյանը: Ինչո՞ւ Կարեն Կարապետյանը պետք է պաշտպաներ ուսանողների տարկետման իրավունքը, երբ նրա կառավարությունը հետևողականորեն կրճատում է գիտության և կրթության ծախսերը:

Իշխանության ներսում գոյություն չունի կոնցեպտուալ վեճ, տեսակետների ու դիրքորոշումների բախում: Համակարգային տարբեր սեգմենտներ կարող են բախվել, երբ խնդիրը վերաբերվում է փայերի ու ազդեցության գոտիների բաժանմանը, սակայն նույն համակարգը կոնսոլիդացվում է, երբ պետք է «կոտրել» մի քանի հարյուր ջահելների: Նույն հետևողականությամբ համակարգը խորհրդարանական ընտրություններում «հաղթել» է հասարակությանը և 2018-ի ապրիլին մտադիր է յուրայինների մեջ բաժանել հաղթանակի ավարը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20