Լավրովի մենյուն՝ գողականների հետ եղնիկի միս Հայաստանում

Sergey Lavrov

Մինչ Երեւան գալը Բաքվում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բոլոր քայլերը բազմիցս քննարկվել են և արտացոլված են ԵԱՀԿ փաստաթղթերում: «Մենյուն սեղանին է», ասել էր Լավրովը:

Այդ մենյուից ու արդեն Երեւանում ՀՀ ԱԳ նախարար Նալբանդյանի ասուլիսից պարզ է դառնում, որ Հայաստանը կողմ է եղել ամեն ինչ քննարկելուն, իսկ Ադրբեջանը մերժել է:

Այդ պատճառով էլ մենյուն իրականություն չի դարձել: Իսկ դրանում առկա տարբեր «ճաշատեսակները» վերաբերվել են այս կամ այն ձեւով Արցախի տարածքները «խժռելուն», որը դիվանագիտորեն կոչվում է փոխզիջում:

Փաստորեն, ստացվում է, եւ Նալբանդյանն էլ է դա ասում, որ Ադրբեջանի դիրքորոշման արդյունքում կարգավորում չի ստացվում, որովհետեւ Բաքուն ուզում է ամբողջը եւ միանգամից: Իհարկե, իրականությունը քիչ ինչ այլ է, սակայն իմիտացիան հրապարակային ռեժիմում կերտվել է հայկական կողմի զիջողականության հաշվին, որը քիչ նշանակություն չունի:

Հիմա «կարգավորումը» մտնում է մի նոր փուլ, որտեղ կարծես թե առաջնային խնդիր է մնում ստատուս-քվոյի պահպանումն արդեն միջազգային վերահսկողական մեխանիզմների միջոցով: Դրանք դժվար թե տեղակայվեն, առավելագույնը՝ միակողմանի՝ հայկական կողմում, ինչն ըստ էության արդեն տեղի է ունեցել: Դժվար է ասել՝ ինչ է լինելու Լավրովի ասած մենյուի հետ՝ դա նույն ցիկլով շարունակելու է քննարկվե՞լ, թե փնտրվելու են նոր տարբերակներ:

Այդ առումով, կան պահեստային տարներակներ, բացի հետաքննության մեխանիզմների խնդրից, որոնցից ամենանշանակալին Ղարաբաղի ներկայությունն է «սեղանին»: Ոչ թե «ճաշացանկում», ինչպես եղել է բանակցային գործընթացում Ռուսաստանի ու Ադրբեջանի ջանքերով, ու նաեւ Հայաստանի իշխանության համաձայնությամբ, այլ սեղանի շուրջ:

Ղարաբաղցիները սեղանին շատ բան ունեն դնելու, ընդ որում՝ ամենատարբեր ու նույնիսկ անակնկալ բաներ: Բացի այդ, կարող են հենց իրենք կազմել «ճաշացանկը»՝ ցանկության ու կամքի, սեփական իրավունքներն ու հնարավորությունները գիտակցելու հարց է, ոչ ոք նրանց չի կարող խանգարել:

Հայ պաշտոնյաներից մեկը վերջերս ասել էր, թե ղարաբաղցիներին չի կարելի մեկուսացնել, դա լավ հետեւանքների չի հասցնի: Եվ իսկապես, երբ ղարաբաղցիներին մեկուսացնում են, դրա հետեւանքները ծանր են լինում: Դա զգացել են Ադրբեջանն ու Ռուսաստանը 1990-ականներին:

Իսկ մինչ այդ, ըստ հայկական ԶԼՄ-ների, Լավրովը Երեւանում Ղարաբաղի հարցը «փակելուց» հետո այցելել է Դոն Պիպոյի եղբորը: Ըստ ԶԼՄ-ների՝ սեղանին եղել է եղնիկի միս:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20