«Ծառուկյան» դաշինքի պատգամավորների կարգախոսը կարող էր լինել՝ ձեռքներդ հեռու «Առինջ մոլից»

- in Կեղտոտ լվացք
106
Naira Zohrabyan

«Ծառուկյան» դաշինքը երեկ պաշտոնապես պատերազմ հայտարարեց Կարեն Կարապետյանի կառավարությանը: Պատերազմի հայտարարման ֆորմալ առիթը «Առինջ մոլի» առևտրականների բողոքն է:

Առևտրականները բողոքում են, որ հարկային տեսչության աշխատակիցները համատարած ստուգումներ են իրականացնում «Առինջ մոլի» տարածքում, տուգանում են առևտրականներին, խուզարկում են նրանց ավտոմեքենաներն ու նույնիսկ պայուսակները՝ չհայտարարագրված ապրանքներ հայտնաբերելու համար:

«Ծառուկյան» դաշինքի պատգամավորների կարգախոսը կարող էր լինել՝ ձեռքներդ հեռու «Առինջ մոլից», սակայն նրանք որոշել են չսահմանափակվել միայն մեկ մոլով, որպեսզի չստացվի, որ պաշտպանում են խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի բիզնես շահերը: Նրանք հայտարարում են, որ իրենց պայքարը հանուն փոքր և միջին ձեռներեցների իրավունքների պաշտպանության է՝ անկախ նրանից, թե որ տոնավաճառում են նրանք առևտուր անում: Ինչպես նշեցինք, առևտրականների իրավունքների համար պայքարը հակակառավարական պատերազմի միայն առիթն է, մինչդեռ իրական պատճառն ավելի պարզ է: «Ծառուկյան» դաշինքը ձգտում է բաժին ունենալ գործադիրում, իսկ դա կարող է տեղի ունենալ միայն նոր կառավարության ձևավորման դեպքում:

Երեկ առավոտյան ԱԺ հերթական նիստը սկսվեց «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների տեղատարափ ելույթներով: Դաշինքի անդամները, այդ թվում՝ ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը կառավարությանը մեղադրում էին փոքր և միջին ձեռներեցության դեմ հարկային տեռոր կազմակերպելու մեջ, որի արդյունքը լինելու է այն, որ առևտրականները ստիպված են լինելու բռնել արտագաղթի ճանապարհը: Բայց կառավարության գործունեության ընդհանրական գնահատականը տվեց Նաիրա Զոհրաբյանը. «Այս կառավարությունը սպառել է իրեն»: Հաջորդ քայլը երևի պետք է լիներ այն, որ «Ծառուկյան» դաշինքը պահանջեր իրեն սպառած կառավարության հրաժարականը, բայց հրաժարականի պահանջ երեկ չհնչեց: Պատերազմի օրենքներով ստրատեգիական նշանակության զինատեսակները գործի կդրվեն ամենավճռական պահին, երբ որոշում կկայացվի հասցնել կործանիչ հարվածը:

Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ եթե կառավարության անդամները իսկապես ուզում են ավելացնել բյուջեի մուտքերը, ապա դրա համար չպետք է անհանգստացնեն մանր առևտրականներին, այլ պետք է քննեն Մոնումենտում կառուցված գազային դղյակների սեփականատերերի նախկին և ներկա գործունեությունը: Զոհրաբյանը նկատի ուներ վարչապետ Կարեն Կարապետյանին և ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանին, ովքեր ղեկավարել են «Գազպրոմ Արմենիան», և այդ ընկերության ղեկավար աշխատած տարիներին հսկայական եկամուտներ կուտակել, իրենք հարստացել են, իսկ ընկերությունը կուտակել է պարտքեր և ի վերջո դարձել ռուսական սեփականություն:

ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն ավելացրեց, որ պետք է ստեղծել նոր Գազի հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի «Գազպրոմ Արմենիա» ընկերության գործունեությունը: Պետք է պարզվի, թե ուր է անհետանում այն 150 մլն խմ գազը, որը այս ընկերությունը ցույց է տալիս որպես կորուստ, ինչն է պատճառը, որ Հայաստան մատակարարվող և բնակարաններում օգտագործվող գազը համարյա օդ է, որովհետև թեև այն այրվում է, բայց չի ջերմացնում, ցածր կալորիականության պատճառով: Դաշինքի պատգամավորները վարչապետ Կարեն Կարապետյանին և ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանին ասում էին, որ պետք չի արդարության և օրինականության պաշտպանների դիմակով քողարկվել, քանի որ հասարակությանը հայտնի են ինչպես ձեր գործունեության տեսանելի կողմերը, այնպես էլ այդ գործունեության իրական արդյունքները:

Կառավարությանը հայտարարված պատերազմը իր շարունակությունը ստացավ ԱԺ վերջին նիստում, որի ժամանակ պատգամավորները հնարավորություն ունեն հանդես գալու հայտարարությամբ: «Ծառուկյան» խմբակցության միանգամից 10 պատգամավորներ հերթագրվեցին և իրենց բողոքի ու ցասման խոսքն ասացին առ անարդար ու անօրեն կառավարություն: Մենք չեն պատրաստվում ներկայացնել բոլոր այն մեղադրանքները, որ հնչեցին «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների կողմից, բայց միայն դրանց մի մասը բավական է պատկերը պարզ ընկալելու համար: Տիգրան Ուրիխանյանը հայտարարեց, որ ՀՀԿ-ի Անվտանգություն և առաջընթաց կարգախոսը իրական կյանքում արտահայտվում է հարկային ռեկետի, ապօրինությունների, հանցագործությունների, մարդկանց կաշիները քերթելու տեսքով: Գևորգ Պետրոսյանն անդրադառնալով այն տեղեկություններին, ըստ որոնց առաջիկայում կառավարությունը պատրաստվում է կրճատել 5 հազար 560 հանրային ծառայության ոլորտում ներգրավված աշխատողների, այն պատճառաբանությամբ, որ նրանք անպիտան են կամ ունեն ցածր արտադրողականություն, կառավարությանը խորհուրդ տվեց առաջին հերթին աշխատանքից ազատել իրենց գործից անտեղյակ նախարարներին, հարկային բռնարարներին և դիվանագիտությունը զբոսաշրջության հետ շփոթած դիվանագետներին: Նաիրա Զոհրաբյանը, ով առավոտյան հայտարարում էր, որ կառավարության գործունեության արդյունքում «Զվարթնոց» օդանավակայանը դարձել է Հայաստանի ամենամարդաշատ վայրը, երեկոյան նույն թեմայի շրջանակներում հայտարարեց, որ երկրում աղքատությունը և արտագաղթը խփել են բոլոր օլիմպիական ռեկորդները: Սերգեյ Բագրատյանը հղում անելով Համաշխարհային բանկին՝ հայտնեց, որ մեկ տարվա ընթացքում Հայաստանը Doing Business-ի վարկանիշային աղյուսակում հետընթաց է ապրել 9 նիշով՝ այն դեպքում, երբ կառավարության առաջ խնդիր էր դրվել երկրի դիրքերը բարելավել 10 կետով: Ըստ Բագրատյանի՝ այս նահանջը նշանակում է, որ մենք հետընթաց ենք ունեցել տնտեսության բոլոր ոլորտներում, որ կառավարությունը փոխանակ սպասարկելու մանր և միջին ձեռներեցության շահերը, զբաղված է խոշոր բիզնեսի շահերի սպասարկմամբ:

Այսօրվանից ԱԺ-ում սկսվում է 2018թ. բյուջեի նախագծի քննարկումը, և կարելի է չկասկածել, որ «Ծառուկյան» դաշինքը շարունակելու է գրոհը, որը կավարտվի բյուջեի նախագծի դեմ քվեարկությամբ: Որովհետև եթե կառավարությունը սպառել է իրեն, ապա այդ կառավարությունից պետք է ազատվել հնարավորինս շուտ, և ոչ թե թույլ տալ, որ նա շարունակի գործել նաև 2018թ: Հետաքրքիրն այն է, որ ՀՀԿ-ականները որևէ կերպ չփորձեցին պաշտպանել կառավարությանը, ինչպես դա արվում է սովորաբար: Հանրապետականներն էլ են պարզ հասկացնում, որ իրենք այլևս Կարեն Կարապետյանին չեն դիտարկում որպես վարչապետ, գիտեն, որ նրա օրերը հաշված են, ուղղակի չգիտեն՝ այդ հաշվարկի ճշգրիտ թիվը:

Կարեն Կարապետյանը և նրա ղեկավարած կառավարությունը դարձել են ազգային համաձայնությանը խոչընդոտող լուրջ գործոն, և միայն դրա հեռացման դեպքում է հնարավոր դառնում ազգային համաձայնության և համերաշխության իշխանության ձևավորումը, ինչի մասին Սերժ Սարգսյանը հայտարարել էր դեռևս անցյալ տարվա օգոստոսին:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20