Կարեն Կարապետյանը համոզված է 2018-ի իր վարչապետության հեռանկարի վրա

Karen Karapetyan

Երեկ խորհրդարանական հարցուպատասխանի ժամանակ Կարեն Կարապետյանն ըստ էության նահանջել է իր նախորդ՝ քիչ թե շատ հստակ պատասխաններից և այդպես էլ հստակ պատասխան չի տվել՝ արդյոք 2018թ.-ին առաջադրվելո՞ւ է վարչապետի պաշտոնում կամ դառնալո՞ւ է վարչապետ:

Ընդ որում, Նիկոլ Փաշինյանը հարցը ձևակերպել է հստակ, մի կողմից՝ ծաղրելով, մյուս կողմից՝ թասիբի գցելով Կարեն Կարապետյանին: «Մենք բոլորս, և նաև Սերժ Սարգսյանը մարդ է. համենայնդեպս, հինգ րոպե առաջվա տվյալներով Ազգային ժողովում դեռ շրջանառության մեջ դրված չէր Սերժ Սարգսյանին աստված հռչակելու օրենքի նախագիծը: Աստված բոլորին երկար կյանք տա, բայց եթե ինչ-որ բան պատահեց անփոխարինելի մարդուն, Դուք նկատի ունեք, որ «ազնիվ մեր ցեղը կորչելո՞ւ է զուր տեղը»: Երկրորդը՝ եթե Սերժ Սարգսյանն անփոխարինելի է, ինչպե՞ս եք Դուք ակնարկում, ակնարկում էիք համենայնդեպս, որ պատրաստ եք գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնում փոխարինել նրան: Արդյո՞ք սա Ձեր կողմից դավադրություն է ազնիվ մեր ցեղի նկատմամբ՝ հայ ժողովրդի նկատմամբ: Եվ երրորդը՝ սա չի՞ հիշեցնում Ձեզ մի հայտնի պատմություն, երբ որ հարևան երկրի հայտնի ղեկավարը, ցույց տալով Լեոնիդ Իլյիչ Բրեժնևի նկարը, ասում էր՝ Кто сказал, что Ильич умер? Вот он стоит перед вами»,- հարցրել է Փաշինյանը և ստացել Կարեն Կարապետյանի անորոշ, քաղաքական հարթության վրա անդեմ պատասխանը:

«Ինչ որ ասել եմ, ընթերցեցինք, ասածիս նույն կարծիքի եմ: Ինչ վերաբերում է հաջորդ առաջին դեմքին՝ վարչապետին, նույնպես էդ հարցազրույցի մեջ պատասխանել եմ, որ դա Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կորոշի: Երրորդը՝ Բրեժնևի վերաբերյալ, չգիտեմ՝ ինչ պատասխանեմ»,- պատասխանել է Կարեն Կարապետյանը: Վերջինս ընդդիմադիր խմբակցության ղեկավարի պարզաբանող հարցին նույնպես հստակ պատասխան չի տվել, փոխարենը հստակ ու միանշանակ արժևորել է Սերժ Սարգսյանին. «Հաստատում եմ նույնպես, որ մենք բոլորս գնահատում ենք իր փորձը և դերակատարումը էս ամեն ինչի մեջ»:

Հետաքրքիր օրինաչափությամբ Նիկոլ Փաշինյանը շաբաթների ընթացքում խորհրդարանում քաղաքական հարթության վրա, ըստ էության, ջախջախեց 2018-ի վարչապետության երկու պոտենցիալ թեկնածուներին՝ Կարեն Կարապետյանին և Վիգեն Սարգսյանին՝ ակամայից բացահայտելով, որ գոնե այս պահին Սերժ Սարգսյանն իսկապես այլընտրանք չունի:

Ուշագրավ է, որ Կարեն Կարապետյանը անցած երկու ամսվա ընթացքում առնվազն երկու անգամ՝ Հայաստան-Սփյուռք խորհրդաժողովի ու իր ասուլիսի ժամանակ, հստակ հայտարարել էր, թե ցանկություն ունի 2018-ի ապրիլից հետո ևս պահպանել իր պաշտոնը: Երեկ այդ հստակությունից որևէ հետք չէր մնացել, և խորհրդարանում ներկայանում էր Կարեն Կարապետյանը քաղաքական անմեղսունակության ամբողջ դրսևորումով:

ԶԼՄ-ներում հայտնված տեղեկատվությունը, թե ձեռք է բերվել «մեծ համաձայնություն», ըստ որի՝ ապագա վարչապետը լինելու է Սերժ Սարգսյանը, իսկ փոխվարչապետը՝ Կարեն Կարապետյանը, կարծես թե մոտ է իրականությանը՝ մանավանդ, որ Կարեն Կարապետյանի դիրքորոշումն արմատապես փոխվել է նրա տնտեսաքաղաքական հովանավոր Սամվել Կարապետյանի՝ օրերս Հայաստանում կատարած ներդրումային խոշոր հայտի ու «Ֆլորենս» հյուրանոցում Կարեն Կարապետյանի հետ ունեցած «խորհրդավոր ընթրիքի» համատեքստում:

Իհարկե, տեսականորեն չի բացառվում հակառակը՝ որ Կարեն Կարապետյանը համոզված է 2018-ի իր վարչապետության հեռանկարի վրա և երեկ, այսպես ասած, «ցրել» է Փաշինյանին: Սակայն սա քիչ հավանական է, որովհետև խորհրդարանական երեկվա հարցուպատասխանի ժամանակ Սերժ Սարգսյանին մերձավոր հանրապետական պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը Կարեն Կարապետյանին, ըստ էության, մեղադրել է ընտրակաշառքի և ստի մեջ: «Առիթից օգտվելով՝ ասեմ, որ Դուք նախընտրական հանդիպումների ժամանակ Սառնաղբյուր գյուղից մի մարդու խոստացաք սոնոգրաֆիկ ապարատ: Խնդրում եմ՝ տվեք»,- վարչապետին հիշեցրել է հանրապետական պատգամավորը՝ այնպիսի տպավորություն ստեղծելով, թե շտապում է լուծել իր ընտրողի հարցը, քանի դեռ Կարեն Կարապետյանը չի լքել պաշտոնը:

Երեկ Կարեն Կարապետյանը խորհրդարանում մշուշոտ դարձրեց ոչ միայն 2018-ի վարչապետության, այլև իր քաղաքական հեռանկարն առհասարակ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20