Հայաստանը կամուրջ է դառնալու ԵՄ-ի և ԵՏՄ-ի միջև

- in Հրապարակ
Hayastan EM

Հայաստան-Եվրամիություն Շրջանակային համաձայնագրի ստորագրման գործընթացն ուղեկցվում է պաշտոնական ցցուն քարոզչությամբ, թե Հայաստանը կամուրջ է դառնալու ԵՄ-ի և ԵՏՄ-ի միջև:

Առաջին հայացքից կարող է թվալ, թե այս գեղեցիկ ներկայացումը միայն Հայաստանի արտաքին քաղաքականության «և, և»-ի բովանդակային դրսևորումն է: Ըստ էության, այդպես էլ կա, սակայն «և, և»-ի և «կամրջի» թեզերը միայն պայմանականորեն կարելի է վերագրել Հայաստանի արտաքին քաղաքականությանը, որովհետև դրանց հետևում անթաքույց երևում է ռուսական օֆիցիոզ քարոզչության ձեռագիրը, որը թերևս նախապատրաստված է Հայաստանի համար:

ԵՄ-ն ու ԵՏՄ-ն, ավելի ճիշտ՝ Ռուսաստանը կամուրջների ու միջնորդների անհրաժեշտություն չունի: Անգամ այսօրվա բարդ, ըստ էության՝ անտագոնիստական հարաբերությունների պարագայում Մոսկվան ու Բրյուսելն ունեն հաղորդակցության բազմաթիվ հրապարակային և ներքին արդյունավետ կանալներ: Սակայն եթե նույնիսկ ապրիորի ընդունենք, որ ԵՄ-ն ու Ռուսաստանը կամրջվելու հարթակ են փնտրում, ապա այսօրվա Հայաստանը՝ իր հետամնաց ու կոռումպացված համակարգով, չի կարող այդ առաքելությունը կատարել: Նույնիսկ միանգամայն հնարավոր է հակառակ սցենարը՝ Հայաստանը կարող է հայտնվել Բրյուսելի ու Մոսկվայի հակադրությունների կիզակետում, եթե չկարողանա վարել ինքնաբավ ու ինքնիշխան արտաքին քաղաքականություն:

«Եվ, և»-ը, մեծ հաշվով, բլեֆ է, որովհետև երկարաժամկետ հեռանկարի իմաստով հնարավոր չէ եվրոպական երկիր կառուցել՝ եվրասիական մենթալիտետով, ավտորիտար մտածողությամբ ու համակարգով: «Եվ, և»-ն ընդամենը այսօրվա ստատուս քվոյի գեղեցիկ փաթեթավորումն է, որը բովանդակային առումով հար և նման է «մետության» բացառմանը և հանգում է, թեկուզ և անուղղակի, Հայաստանում ռուսական ազդեցության քաղաքական լեգիտիմացմանը:

Երբ Հայաստանի իշխանությունները ԵՄ-ի հետ ստորագրվելիք համաձայնագրի համատեքստում անընդհատ թմբկահարում են, թե Հայաստանը կամուրջ է լինելու ԵՄ-ի և ԵՏՄ-ի միջև, ըստ էության՝ ոչ թե մեր նոր առաքելությունն են շեշտադրում, այլ այն հանգամանքը, որ Հայաստանի եվրաինտեգրման ամբողջ գործընթացը, համաձայնագրի մինչև վերջին ստորակետը հանգամանալից համաձայնեցված են Մոսկվայի հետ:

Հայաստանի կամուրջ լինելու մասին հեքիաթները կլսենք այնքան ժամանակ՝ մինչև իրականությունը կթակի Հայաստանի դուռը՝ պահանջելով որոշակի, հստակ դիրքորոշումներ, կողմնորոշումներ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20