Հայաստանի ներդրումային հեռանկարը կախված է «Դուինգ Բիզնես»-ից

- in Տնտեսական
230
Davit Harutyunyan

Նոյեմբերի 2-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում անդրադառնալով «Դուինգ Բիզնես» գործարարության և ներդրումային միջավայրի մասին համաշխարհային հեղինակավոր զեկույցում Հայաստանի 9 հորիզոնականով նահանջին՝ վարչապետ Կարեն Կարապետյանն արել է բավականին ուշագրավ ակնարկ:

2018 թվականի գործարարության համար հրապարակված տարեկան զեկույցում Հայաստանը, ինչպես հայտնի է, 38-րդ հորիզոնականից իջել է 47-րդ հորիզոնական՝ նահանջելով 9 կետով: Դա այն դեպքում, երբ Կարեն Կարապետյանը իր կառավարության առաջ դրել էր Հայաստանի դիրքերը բարելավելու և ցանկում ավելի վեր բարձրանալու խնդիր:

Այստեղ, իհարկե, հարցը ամենևին այն չէ, որ Հայաստանի ներդրումային հեռանկարը կախված է «Դուինգ Բիզնես»-ից: Ի վերջո, Հայաստանը վերջին մի քանի տարիներին այստեղ արձանագրում էր անշեղ առաջընթաց, բայց դրանից ներդրումները ոչ թե ավելանում էին, այլ նվազում: Հայաստանի ներդրումային գրավչության խնդիրը պայմանավորված է մի շարք լրջագույն համակարգային-քաղաքական բաղադրիչներով, որոնք կապ չունեն «Դուինգ Բիզնես»-ի չափանիշների հետ: Այդ զեկույցը բիզնեսի մեկնարկային պայմանների մասին է և այդ իմաստով ավելի շատ ունի խորհրդանշական ինդիկատորային դեր: Իհարկե, դա չի նշանակում, որ դրանում հորիզոնականը անկարևոր բան է, որին չարժե ուշադրություն դարձնել: Սակայն եթե երկրում լուծված չեն առավել խորքային բիզնեսվարման խնդիրները, բիզնես սկսելու նպաստավոր պայմանները քիչ բան են փոխում, քանի որ ներքին ու արտաքին ներդրողները հիանալի գիտեն, թե ինչ խնդիրներ կան սկսելուց հետո:

Այդուհանդերձ, այն, որ տարիներ շարունակ միայն աճ արձանագրող Հայաստանը ներկայիս կառավարության գործունեության արդյունքում նվազում է արձանագրել, ստանում է ուշագրավ ներքաղաքական երանգ: Եվ այդ երանգը խորացնում է նաև Կարեն Կարապետյանը՝ ասելով, որ ընդհանուր առմամբ Հայաստանը բարելավել է իր ցուցանիշը 0.5, այսպես ասած, աստիճանով, սակայն ցուցակի հարևան երկրները աճել, առաջ են գնացել ավելի, և Հայաստանը մնացել է հետ:

Ամենահետաքրքիրը, իհարկե, Կարապետյանի բացատրությունն է Հայաստանի նահանջի կամ դանդաղ աճի խնդիրների, պատճառների մասին: Նրա խոսքով՝ մենք ունենք դատական համակարգի և բանկերի վարկերի տրամադրման գործընթացի հետ կապված խնդիր, որը թույլ չի տալիս արագ առաջընթաց ապահովել «Դուինգ Բիզնես»-ում: Այլ կերպ ասած՝ Կարեն Կարապետյանը սլաքն ուղղում է արդարադատության ոլորտի կողմը, որտեղ ներկայումս ու թերևս միշտ պատասխանավությունը գտնվել է Դավիթ Հարությունյանի տիրույթում՝ թե՛ որպես արդարադատության նախարար, թե՛ որպես ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ և հիմա նույնպես արդարադատության նախարար:

Միևնույն ժամանակ արդարադատության, դատաիրավական համակարգում քաղաքականության մշակման, իրականացման համար ներկայումս բավական մեծ դեր է ստանում ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի ներկայիս ղեկավար, արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը: Թե՛ Թովմասյանը, թե՛ Դավիթ Հարությունյանը իշխանության այն թևի ներկայացուցիչները չեն, որը կարող է համարվել Կարեն Կարապետյանի հենարան: Իհարկե, Հարությունյանն ու Թովմասյանը թերևս նույն թիմն էլ չեն, նրանք իշխանական համակարգում ունեն տարբեր կշիռներ և տարբեր դիրքավորումներ, սակայն իրենց դերի և Կարեն Կարապետյանի համար հենարան չլինելու հարաբերակցության մասով վարչապետի համար դառնում են ներիշխանական լուրջ մրցակիցներ:

Վարչապետ Կարեն Կարապետյանը փաստորեն հայտարարում է, որ Հայաստանի՝ «Դուինգ Բիզնես» համաշխարհային հեղինակավոր զեկույցում նահանջի համար պատասխանատու են արդարադատության, դատաիրավական ռեֆորմների ոլորտում առանցքային դերակատարում ունեցող Դավիթ Հարությունյանն ու Հրայր Թովմասյանը: Ընդ որում, այդ հանգամանքը բավականին հետաքրքիր է դիտվում նաև այն ֆոնին, որ առկա է իշխանության ներսում «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագծի մասով: Այդ նախագծի պատասխանատու Դավիթ Հարությունյանը բախվել է հենց ՀՀԿ դիմադրությանը, ընդ որում՝ այնպիսի, որ ստիպված է խոստովանել այդ մասին: Այդ դիմադրության հետևում, իհարկե, Կարեն Կարապետյանը չէ, սակայն վարչապետն ըստ երևույթին փորձում է ներկայումս օգտագործել հարմար պահը և քաղաքական հարված հասցնել Հարությունյանին, որի վերադարձը նախարարի պաշտոնին ակնհայտորեն Կարապետյանի համար ցանկալի չէր: Ավելին, դեռևս ապրիլի 2-ի ընտրության նախընտրական շրջանում նա հանդիպումներից մեկում հայտարարել էր, ավելի շուտ հանգստացրել հարց տվող քաղաքացիներին, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը մնալու է իր պաշտոնում:

Ըստ այդմ պետք է եզրակացնել, որ Կարեն Կարապետյանի համար Հարությունյանի նշանակումը եղել է անակնկալ և թերևս ոչ հաճելի անակնկալ: Ընդ որում, այստեղ թերևս նկատելի է վարչապետական քրոնիկ խնդիր՝ այն իմաստով, որ Դավիթ Հարությունյանի հանդեպ խոր անվստահությունն առկա էր նաև Հովիկ Աբրահամյանի վարչապետության շրջանում:

Ակնհայտ է, որ այստեղ, իհարկե, խնդիրը լոկ անձնական համակրանք-հակակրանքի դաշտում չէ, այլ համակարգային բալանսի, որտեղ Հարությունյանը անկասկած ծանրքաշայիններից է, ըստ այդմ՝ եթե նա որևէ մեկի հետ չէ, ապա նրա դեմ է:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20