Հայաստանն իրեն չի կարող թույլ տալ այդպիսի տեսլական չունենալու շքեղություն

- in Վերլուծական
ETM

Հայաստանը հաջողությամբ համատեղում է անդամակցությունը ԵՏՄ-ին և մասնակցությունը ԵՄ ռազմավարությանը՝ հայտարարել է Սերժ Սարգսյանը Բրյուսելում նախօրեին տեղի ունեցած ԵԺԿ վեհաժողովի իր ելույթում:

ԵԺԿ վեհաժողովը ըստ էության նախերգանքն է այսօր սպասվող ավելի կարևոր՝ ԵՄ Արևելյան գործընկերության վեհաժողովի, որի շրջանակում էլ սպասվում է Հայաստանի համար հիրավի պատմական ակտի՝ ԵՄ հետ շրջանակային համաձայնագրի ստորագրումը:

Սերժ Սարգսյանի հայտարարությունը՝ ԵՏՄ անդամակցության ու ԵՄ ռազմավարության հաջողությամբ համատեղելու մասին, պարունակում է ուշագրավ տողատակ՝ այն իմաստով, որ Սարգսյանը փաստորեն ԵՏՄ-ն Հայաստանի համար դիտարկում է մարտավարական ուղղություն, իսկ ռազմավարականը՝ ԵՄ-ն: Սա, իհարկե, կարևոր մեսիջ է, եթե այն պարունակում է իսկապես խորքային տեսլական և ոչ թե իրավիճակային, կոնյունկտուրային արձանագրում:

Մյուս կողմից՝ Հայաստանը չունի այդպիսի տեսլական չունենալու հնարավորություն, Հայաստանն իրեն չի կարող թույլ տալ այդպիսի տեսլական չունենալու շքեղություն: Եվ դա ոչ միայն Հայաստանը, այլև գործնականում ԵՏՄ-ն ինքնին: Այլ կերպ ասած՝ ԵՏՄ-ն միայն Հայաստանի համար չէ մարտավարական նախագիծ, այլ նաև դրա թերևս բոլոր անդամների համար, ընդամենն այն պարզ պատճառով, որ ժամանակակից աշխարհում զարգացման ռազմավարության տեսանկյունից չկա եվրոպական մեխանիզմներին, եվրաատլանտյան մեխանիզմներին այլընտրանք: Դրանք համամարդկային մեխանիզմներ են, որոնց կիրառումը բերում է զարգացման, կամ որոնցից հրաժարումը բերում է լրջագույն խնդիրների: Ի վերջո, այդ բանաձևի վկայությունն են այնպիսի ասիական երկրներ, ինչպիսիք են Հարավային Կորեան, Ճապոնիան, Սինգապուրը, ինչպիսին մասնակիորեն կարող է դիտվել Չինաստանը: Վերջին հաշվով, ինչի՞ շնորհիվ է Չինաստանը հասել հաջողության, եթե ոչ եվրաատլանտյան մեխանիզմների թեկուզ մասնակի ներդրման, մասնավորապես ազատ ձեռներեցության իմաստով:

Այդ տեսանկյունից Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրը ստեղծում է իսկապես բացառիկ իրավիճակ, և դա է նաև պատճառը, որ շեշտվում է այդ առումով Հայաստանի բացառիկությունը՝ լինելով ԵՏՄ անդամ, Հայաստանը միակ պետությունն է, որ շրջանակային համաձայնագիր է ստորագրում ԵՄ-ի հետ:

Բանն այն է, որ Հայաստանը գործնականում դառնում է ԵՏՄ օդանցքը դեպի ռազմավարական զարգացում, եթե, իհարկե, ԵՏՄ անդամներն ունեն այդպիսի նպատակ: Խնդիրն այն է, որ ԵՏՄ-ն ինքնին անշուշտ անդամ երկրների ամբողջատիրական համակարգերի ինքնապահպանության բնազդի դրսևորումն է, մյուս կողմից, սակայն, նույն այդ բնազդը այդ անդամների համար չի թողնում արդիականացման այլընտրանք, քանի որ ժամանակակից և արագ փոխվող, տեխնոլոգիական գրեթե գերհեղափոխական ընթացք ունեցող աշխարհում նրանք ավելի ու ավելի մեծ թափով են հետ մնալու և դառնալու անմրցունակ և անկենսունակ:

Ահա այդ առումով իր եվրոպական մեխանիզմների, այսպես ասած, բազայով, որ ձեռք է բերում Հայաստանը շրջանակային համաձայնագրի շնորհիվ, Հայաստանը փաստացի կարող է դառնալ այն խողովակը, այն գուցե կաթիլային համակարգը, որով ցանկության դեպքում կարող են ոռոգվել ԵՏՄ մյուս անդամները՝ թեկուզ ընդօրինակելով Հայաստանի փորձը: Ինչ խոսք, մինչ այդ Հայաստանի գլխավոր մարտահրավերն անշուշտ ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի իմպլեմենտացիոն կայուն գործընթացի հաստատումն է, մեկնարկը, եթե, իհարկե, չդիտարկենք նաև ամենավատ երազի հավասարազոր տարբերակ, որ Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումը կարող է ինչ-որ խոչընդոտի հանդիպել վերջին վայրկյանին անգամ, թեև կարծես թե այդ իմաստով ամեն ինչ գնում է դեպի «լավ երազ»:

Այլ կերպ ասած՝ ԵՄ-ի հետ համաձայնագիրն ու կայուն իմպլեմենտացիոն գործընթացի արդյունավետությունը ռազմավարական հեռանկարում Հայաստանի դերը ԵՏՄ-ում կարող են շրջել գլխիվայր՝ Հայաստանի համար կործանարար թվացող ԵՏՄ նախագծում Հայաստանին վերապահելով ԵՏՄ-ն վերջնական ճահճացումից «բուժող» խողովակի հեռանկարային դերը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20