Հայաստանում կոռուպցիայի գագաթնակետը համարվում են 100-200 դոլար կաշառք վերցրած դատավորները

- in Սոցիալական
188
dat

«Կոռուպցիան» այն բառն է, որն ամենից ավելի լավ է ամփոփում Բրազիլիայի՝ 2017 թվականի արդյունքները: Այս եզրակացությանն են եկել հարցման մասնակիցները, որը երկրի բնակիչների շրջանում կազմակերպվել էր Cause կոնսալտինգային ընկերության կողմից:

Հետազոտությունն անցկացվել է երեք փուլով: Արդյունքում՝ առաջին տեղը բաժին է հասել «կոռուպցիային». այդ բառն իրականությանն առավել համապատասխանող է համարել հարցվածների 37 տոկոսը: Վարկանիշի երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրել են «ամոթը» եւ «ճգնաժամը» (համապատասխանաբար՝ 26 տոկոս և 18 տոկոս):

Բրազիլիան, Հայաստանի թշվառության ֆոնին, նույնիսկ կարող է բարեկեցիկ երկիր համարվել, սակայն այդ երկրի հասարակության ակնկալիքներն օբյեկտիվորեն բարձր են, ըստ այդմավելի խտացված նրա գնահատականները: Եթե նման հարցում անցկացվեր Հայաստանում, ապա գրեթե նույն պատկերը կստանայինք թերևս այն տարբերությամբ, որ հայաստանցիների մեծամասնությունը «ամոթի» փոխարեն կնշեր «անամոթությունը», որը Հայաստանի իշխանության գլխավոր հատկությունն է:

Կոռուպցիա կա աշխարհի բոլոր երկրներում, այդ թվումբարեկեցիկ, սակայն դրանցում գործում են նաև կոռուպցիայի կանխարգելման և բացահայտման կոնկրետ օրենսդրական մեխանիզմներ, նաև քաղաքական համակարգերն են ձևավորում հակակոռուպցիոն մշակույթ: Նույն Բրազիլիայում նախկին նախագահ Դիլմա Ռուսեֆը պաշտոնանկ արվեց հենց կոռուպցիոն սկանդալի հետևանքով: Նման բան Հայաստանում պատկերացնելն ուղղակի անհնար է, երբ նույնիսկ իրազեկ մարդիկ պնդում են, որ, օրինակ, Ռոբերտ Քոչարյանը ԼՂՀ-ից Հայաստան էր եկել մի քանի վերնաշապիկով, սակայն նախագահի պաշտոնից հեռացավ, ըստ միջազգային մամուլի պնդումների, չորս միլիարդ դոլարի կարողությամբ: Կամ ինչպե՞ս պատահեց, որ Սերժ Սարգսյանի իշխանության վերելքին զուգահեռ «բացահայտվեց» նրա ազգուտակի բիզնես «տաղանդը»: Կամ նույն Բրազիլիայի Petrobras պետական էներգետիկ ընկերության ղեկավար Պաուլու Ռոբերտո Կոստան հայտնվել էր մեծ սկանդալի կիզակետում, որովհետև իր տան լողավազանը ձևափոխել է գումար պահելու համար նախատեսված վայրի: Հայաստանի պաշտոնյաների ոչ միայն լողավազաններն, այլ շքեղ դղյակները ծայրից ծայր կոռուպցիայի դրսևորում են:

Քրեական օրենսգիրքն, օրինակ, կարող է «արտասվել» Մոնումենտի այգու «ցեղասպանության» հետևանքով վեր խոյացած դղյակների սեփականատեր պաշտոնյաների, այդ թվումնախկին և ներկա վարչապետներ Հովիկ Աբրահամյանի և Կարեն Կարապետյանի համար: Սակայն Հայաստանում կոռուպցիայի գագաթնակետը համարվում են 100-200 դոլար կաշառք վերցրած դատավորները, որոնց պաշտոնական քարոզչությունը «փչացնում» է, կոռուպցիայի «հայրեր» է որակում թքած ունենալով անգամ անմեղության կանխավարկածի վրա: Երբ հասարակական դժգոհությունը շատ մեծ է լինում, գուցե զոհաբերեն Վազգեն Խաչիկյանի նման միջին կալիբրի քավորության նոխազի` թեև ակնհայտ է, որ «մեռած հոգիները» միայն նրան չէին «մուծվել» կամ նրա միջոցով «մուծվել» էին երկրի առաջին դեմքերին: Հայաստանում պաշտոնը նույնանում է թալանի ու կոռուպցիայի հետ:

Ինչքան բարձր է պաշտոնն, այնքան բարձր է դրա գինն ու տիրոջ «յուղոտ» պատառը: Ահա, այս ֆոնին, երբ կալանավորվում է «100 դոլարանոց» դատավոր, հասարակությունն ակամայից մտածում է, որ իշխանություններն այնքան անամոթ են, որ դատավորին պատժում են` կաշառք ստացած 100 դոլարից իրենց փայը չտալու համար: Ճգնաժամ էլ պատահում է բոլոր տնտեսությունների հետ, բայց այդ դեպքերում, օրինակ, հասարակությանը հաշվետու պատասխանատու կառավարությունը դնում է իր վստահության հարցը կամ կրճատում է բարձրագույն իշխանության սպասարկման և պահպանության ճոխ ծախսերը:

Հայաստանում նման բան չկա ու անամոթությունը հասել է այն մակարդակին, որ վարչապետի ծառայողական մեքենայի մեկ անիվի պահպանության տարեկան ծախսը կարող է գերազանցել մանկավարժի մեկ տարվա աշխատավարձը: Կամ պարզվում է, որ ճգնաժամի «մեղավորները» բժիշկներն ու ուսուցիչներն են. նրանք են օպտիմալացվում` մեր կյանքն ու առողջությունը «օպտպմալացրած» անտաղանդ, ցմփոր ու հաստավիզ պաշտոնյաների փոխարեն: Անամոթությունը հատկանիշ է, որը միավորում է երկիրը ճգնաժամի հասցրած Հայաստանի կոռումպացված պաշտոնյաներին:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20