Հայաստանում տեղական ընտրություններն իջեցված են թաղային խուժանի հաշիվներ մաքրելու մակարդակին

- in Ընտրություններ
187
Armenia Georgia

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին այսօր հայտարարել է երկրի կառավարության կազմում սպասվող կառուցվածքային փոփոխությունների մասին: Կվիրիկաշվիլիի խոսքերով՝ լուծարվում են չորս նախարարություններ: Կվիրիկաշվիլին այսօր լրագրողներին տեղեկացրել է նաև կառավարության կազմում իրականացված կադրային փոխատեղումների մասին:

Պաշտոնանկ է արվել ներքին գործերի նախարար Գիորգի Մգեբրիշվիլին: Այսուհետ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը կղեկավարի էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Գիորգի Գախարիան: Նա այդ պաշտոնը կհամատեղի փոխվարչապետի պարտականությունների կատարման հետ:

Ուշագրավ է, որ Վրաստանի կառավարության կադրային փոփոխությունները հաջորդեցին տեղական ընտրություններին և սա չնայած այն հանգամանքին, որ դրանցում կառավարող «Վրացական երազանք» կոալիցիան ջախջախիչ հաղթանակ էր տարելոչ մի քաղաքում չզիջելով ընդդիմությանը: Գուցե տեղական ընտրություններն ուղղակի ազդեցություն չունեն Վրաստանի կառավարությունում այսօր տեղի ունեցած արմատական փոփոխությունների վրա, այնուամենայնիվ արդեն այն հանգամանքը, որ ռեֆորմը հաջորդել է մունիցիպալ ընտրություններինհուշում է, որ հարևան երկրում քաղաքական համակարգը կենդանի օրգանիզմ է ու արձագանքում է հասարակությունից եկող ազդակներին պատասխանատվության և հաշվետվողականության շրջանակներում:

Տրամագծորեն այլ իրավիճակ է Հայաստանում, որտեղ տեղական ընտրություններն իջեցված են թաղային խուժանի հաշիվներ մաքրելու մակարդակին: Սակայն ուշագրավ է այն հանգամանքը, որ նույնիսկ խորհրդարանական ընտրություններն որևէ կադրային փոփոխություն չառաջացրեցին Հայաստանի կառավարության կազմում, նույն կերպ անփոփոխ մնաց Երևանի քաղաքային իշխանության անհատական կազմը Երևանի ավագանու ընտրություններից հետո: Եթե նույնիսկ ՀՀԿ-ն դրանցում ջախջախիչ հաղթանակ է տարել, միևնույն է, անցած չորս-հինգ տարում հասարակության առաջնահերթություններն են փոխվել, որոնք չեն կարող խմբագրումներ չառաջացնել կառավարության քաղաքականության մեջիրենց հետ բերելով կադրային անխուսափելի փոփոխություններ: Եթե դրանք Հայաստանում տեղի չեն ունեցել, ուրեմն ընտրությունները մեզանում իմիտացիա են կամ տոտալ կեղծվում են, երկու դեպքում էլ իշխանությունները թքած ունեն հասարակության և նրա կարծիքի վրա:

Հայաստանի իշխանությունները, հատկապես Կարեն Կարապետյանը, վրացիներից սովորելու այլ բան էլ ունի, որովհետև Գիորգի Կվիրիկաշվիլին այսօր ցույց է տվել, թե ինչպես են իրականացնում օպտիմալացումը` թիրախավորելով առաջին հերթին կառավարության ավելորդ ֆունկցիաներն ու նախարարական չորս պաշտոն: Իսկ Կարեն Կարապետյանի օպտիմալացումից այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե կառավարության գործունեության արդյունավետությանը խանգարում են մանկավարժներն ու բժիշկները:

Վրացական այսօրվա իրադարձություններն ուսանելի են նաև կոնկրետ նախարարների անհատական պատասխանատվության ամրագրման տեսանկյունից, որը շատ կարևոր բաղադրիչ է խորհրդարանական մոդելով պայմանավորված թիմային պատասխանատվության համակարգում: Սա շատ կարևոր հանգամանք է, որովհետև կառավարության ձևավորված կուսակցության կամ կոալիցիայի թիմային պատասխանատվությունը չպետք է լղոզի կաբինետի առանձին անդամի անհատական պատասխանատվությունը: Օրինակ` Վրաստանի ՆԳ նախարար Գիորգի Մգեբրիշվիլին պաշտոնանկ արվեց, որովհետև Թբիլիսիում ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլիի խորհրդավոր առևանգումն ու հայտնվելն Ադրբեջանում հանգեցրեցին նրան, որ նա կորցրեց հանրային վստահությունը: Հայաստանում չկա որևէ իրադարձություն, որը հանգեցնի նախարարի հրաժարականի, եթե նա շարունակում է վայելել Սերժ Սարգսյանի վստահությունը: Ասվածի լավագույն ապացույցը Խոսրովի անտառի հրդեհն էր, որի հետևանքով բնապահպանության և արտակարգ իրավիճակների նախարարություններից որևէ բարձրաստիճան պաշտոնյա պատասխանատվության չկանչվեց, էլ չենք խոսում նախարարների մասին: Սա ևս մեկ ապացույց է, որ Հայաստանում կառավարման որակն ու հասարակության կարծիքը որևէ դեր չունեն:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20