«Հայաստան» համահայկական հիմնադրամի Հեռուստամարաթոնի ընթացքում հավաքվել է շուրջ 12 մլն դոլար

- in Պաշտոնական
Dolar

Երևանի ժամանակով ժամը 08.50-ի դրությամբ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հեռուստամարաթոն 2017-ի ընթացքում հավաքվել է 11,963,709 դոլար։

Ամենամեծ գումարը նվիրաբերել է «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր, ռուսաստանաբնակ գործարարՍամվել Կարապետյանը։ Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը ուղիղ եթերում հայտնել է, թե Կարապետյանը մարաթոնին փոխանցել է 2 մլն 250 հազար դոլար գումար։

Ուղիղ եթերում նշվել է նաև, որ Վարդանյաններ ընտանիքը փոխանցել է 125 հազար դոլար, Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանը՝ 350 հազար դոլար։ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը փոխանցել է 200 հազար դոլար, իսկ «Ֆլեշ»-ի սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը՝ 100 հազար դոլար։ Այլ գործարարներ ևս խոշոր գումարներ են նվիրաբերել։

Հեռուստամարաթոն 2017-ի թեման «Բերքառատ Արցախն» է։ Հեռուստամարաթոնից ստացված գումարն ուղղվելու է երկու խոշոր ծրագրի, նախ Արցախի տարածքում իրականացվելու է խորքային հորերի հորատում ու նոր ոռոգման ցանցի կառուցում, երկրորդ՝ Արցախում տեղակայվելու են արևային էներգետիկ կայաններ (solar power stations)։

Հեռուստամարաթոնն ամեն տարի իրականացվում է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում։ Գործունեության 25 տարիների ընթացքում Հիմնադրամը մոտ 700 000 նվիրատուների շնորհիվ ավելի քան 50 000 ծրագիր է իրականացրել Հայաստանում և Արցախում՝ ընդհանուր 350 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ: Կառուցվել, վերակառուցվել և իրականացվել են ավելի քան 605 կմ ճանապարհ, 580 կմ ջրագիծ ու ջրատար, 149 կմ գազամուղ, 70 կմ էլեկտրագիծ, 359 դպրոց և մանկապարտեզ, 24 համայնքային կենտրոն, 500 տուն և բնակարան, 75 առողջապահական հաստատություն, 58 մշակութային ու սպորտային կենտրոն, 100 ջերմոց, 169 կրթական, մշակութային ու գիտական ծրագրեր:

Նախորդ տարի «Իմ Արցախը» խորագրի ներքո անցկացված հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակվել է 15 428 777 ԱՄՆ դոլար։ Գումարն ուղղվել է Արցախի տուժած բնակավայրերի վերականգնմանը, խաղաղ բնակչության անվտանգությանն ու պաշտպանությանն ուղղված միջոցառումներին, Արցախի բազմազավակ ընտանքիների համար առանձնատների կառուցմանը։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20