Հետո էլ զարմանում եք, երբ ասում եմ, որ ՊՆախարարը մնում է Սերժ Սարգսյանի ռեֆերենտը

Vigen Sargsyan

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դիլիջանում այսօր ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի պաշտոնական բացման արարողությունն էր:

Բացման արարողությունը նվիրվել էր Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան հոբելյանին. նոյեմբերի 25-ին լրանում է նրա ծննդյան 60-րդ տարեդարձը: Վարժարանի տարածքում տեղի է ունեցել նաև Մոնթե Մելքոնյանի արձանի բացման արարողությունը, որին մասնակցել է նաեւ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ինչի կապակցությամբ, ֆեյսբուքյան իր էջում Փաշինյանը գրել է.

«Այսօր Դիլիջանի նախկին Կինեմատոգրաֆիստների տանը, որ հետո ՊԵԿ տխրահռչակ ուսամնական կենտրոն պետք է դառնար, իսկ հիմա Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարան է, մասնակցեցի Մոնթե Մելքոնյանի 60-ամյակի միջոցառմանը։ Ներկա էր գործող իշխանական վերնախավի մի բավականին մեծ հատված։

ՊՆ-ն ավտոբուսներ էր տրամադրել վարժարանի սաների ծնողներին եւ հրավիրվածներին Դիլիջան տեղափոխելու համար։ Տեղի ունեցավ հանդիսավոր տողան, հետո Մոնթե Մելքոնյանի արձանի բացումը, որի հեղինակը Լեւոն Թոքմաջյանն է։ Արձանն, ի դեպ, բավական հաջողված է։

Մինչ այս պահը լավ, նորմալ, Մոնթեին հարիր միջոցառում էր։ Հետո հայտարարեցին, որ հյուրերին հրավիրում են գլխավոր մասնաշենք՝ վարժարանի սաների ռազմամարզական համարները նայելու։ Արձանն էի ուսումնասիրում, ու հետո զգացի, որ վարժարանի սաների ծնողները ինչ-որ գծից առաջ չեն գնում։ Հարցրեցի՝ ինչո՞ւ չեք գնում, ասացին՝ թույլ չեն տալիս։

Հետո՝ բոլորին հրավիրեցին դահլիճ։ Հետո, հատուկ հայտարարություն հնչեց, թե վարժարանի սաներն ու ծնողները պետք է լքեն դահլիճը, որի մեծ էկրաններին ստոպ-կադր էր՝ Մոնթե Մելքոնյանի լուսանկարով եւ «Մոնթե Մելքոնյան 60» գրառմամբ։ Բարձրաստիճանները՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, տեղավորվեցին առաջին երեք շարքերում, ու մնացած մասով գրեթե դատարկ դահլիճում սկսվեց ֆիլմի ցուցադրությունը։

Դահլիճի ձեւավորման սպասումն այն էր, որ պետք է Մոնթեի մասին ֆիլմ լինի, բայց սկսեց ֆիլմ ՊՆախարար Վիգեն Սարգսյանի հարցազրույցով՝ այն մասին, թե ինչպես Կինեմատոգրաֆիստների տունը դարձավ Մոնթե Մելքոնյանի անվան վարժարան, եւ որ նույնիսկ աշխարհի առաջատար կրթօջախները նման պայմաններ չունեն։

Հիմնական գործող անձը Վիգեն Սարգսյանն էր, կտորներ հարցազրույցից, ելույթից, խորհրդակցությունից՝ կարծես նրա պապն էր կառուցել Կինեմատոգրաֆիստների տունը։

Մոնթեի մասին էլ ֆիլմ եղավ, իհարկե։ Բայց հետո։ Իսկ ավելի ուշ սկսվեց համերգ՝ Արսեն Գրիգորյան, Նունե Եսայան, Ալլա Լեւոնյան, Լեյլա Սարիբեկյան։ Այս ընթացքում դահլիճը կիսալցվեց, հայտնվեցին նոր գեներալներ, բարձրաստիճաններ, անվտանգության աշխատաակիցներ։

Իսկ այս ողջ ընթացքում, ինչպես հետո պարզվեց, վարժարանի սաները եւ նրանց ծնողները բակում, համերգի վայրից հեռու՝ ծառերի տակ խումբ-խումբ կանգնած էին։ Սպասում էին, որ համերգ-մամերգը վերջանա, որ ավտոբուսները ծնողներին տանեն ետ։

Նրանց, ում համերգը այնքան էլ հետաքրքիր չէր, հրավիրվել էին դահլիճ, իսկ նրանք, ովքեր շոյված կզգային իրենց ներկայությամբ, անկեղծ կուրախանային սիրված երգիչներին տեսնելով ու լսելով, իրենց կարեւորված կզգային, «դուխ» կստանային՝ կանգնած էին դրսում եւ սպասում էին ավտոբուսի։ Հետո էլ ասում եք՝ ազգ-բանակ։ Հետո էլ զարմանում եք, երբ ասում եմ, որ ՊՆախարար Սարգսյանը շարունակում է մնալ Սերժ Սարգսյանի ռեֆերենտ»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20