Հերոսի և հակահերոսի սահմանը Հայաստանում

- in Վերլուծական
Hayastan

Այսօր դատարանում ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը հանդես է եկել պաշտպանական ճառով: Նա նշել է, որ իր պաշտպանյալը երկու դրվագով էլ անմեղ է և արդարացման վճիռ է պահանջել:

Կոնկրետ գործի իրավական ասպեկտին անդրադառնալ չենք ուզում, առավել ևս` պնդումներ չենք անի որևէ մեկի մեղավորության կամ անմեղության մասով, որովհետև Հայաստանում արդարադատություն, որպես այդպիսին, գոյություն չունի, և իրավունքը ստորադասվում է քաղաքական կոնյունկտուրային կամ արդարադատության համակարգում գոյություն ունեցող կոռուպցիային:

Սակայն դատարանում Բաբայանի պաշտպանի փաստարկներից մեկը խիստ ուշագրավ է և քննարկման է արժանի ավելի լայն համատեքստում, քան այս դատավարությունն է կամ Սամվել Բաբայանի անձը:

«Եթե Սամվել Բաբայանը այսօրվա դրությամբ նստած է ամբաստանյալի աթոռին, դա ամենևին չի նշանակում, որ կարելի է մոռացության մատնել նրա անձը: Իսկ ով մոռացել է, հիշեցնեմ՝ Սամվել Բաբայանը էն անձն է, որը անուրանալի ծառայություններ է մատուցել հայրենիքին, էն անձն է, որն իր ահռելի մեծ ներդրում է ունեցել Արցախի բանակի կազմավորման և կայացման գործում»,- այսօր դատարանում ասել է Արտաշես Քալաշյանը:

Ամբողջ խնդիրն այն է, որ ոչ ոք չի մոռանում, թե ով է Սամվել Բաբայանը, ոչ էլ ուրանում է նրա մեծ վաստակն արցախյան պատերազմում: Սակայն այնպիսի տպավորություն է, թե Բաբայանը և պատերազմի մյուս հերոսները թշնամուն հաղթել են` սեփական ժողովրդին թալանելու, նրան նվաստացնելու իրավունք ձեռք բերելու համար:

Ավանդ ունի՞ Ռոբերտ Քոչարյանը ղարաբաղյան պատերազմում: Իհարկե ունի, սակայն եթե նա տասը տարի թալանել է Հայաստանը, ձեռքերը թաթախել է արյան մեջ, ապա նրա ավանդը գրոշի արժեք չունի, որովհետև հաղթանակը բովանդազրկվում է, եթե չի ծառայում քաղաքացուն:

Կամ արդյո՞ք ղարաբաղյան պատերազմում ունեցած դերակատարությունը ինդուլգենցիա է տալիս, որ Սերժ Սարգսյանը Հայաստանում ընտրություններ կեղծի ու հավերժացնի իր իշխանությունը:

Մանվել Գրիգորյանը պատերազմի իսկական հերոս է, պանծալի հրամանատար, բայց օլիգարխի փոքրոգությամբ ու հաշվենկատությամբ նստած է մի ամբողջ քաղաքի ժողովրդի ուսերին: Ո՞ւմ է պետք այնպիսի հերոսությունը, որը ծառայում է ոչ թե քաղաքացու ազատությանը և բարեկեցությանն, այլ նրա հարստահարման ու ստորացման ճանապարհով` հաղթական գեներալի օլիգարխացմանը:

Նույն Սամվել Բաբայանը հետպատերազմյան Արցախում, այսպես կոչված, խանական համակարգի հիմնադիրն է, որն իր մետաստազները տարածեց նաև Հայաստսնում` վերացնելով մեր ու Ադրբեջանի որակական տարբերությունը, փոշիացնելով հաղթանակը:

Հերոսի և հակահերոսի սահմանը Հայաստանում հարաբերական է, որովհետև արցախյան պատերազմի հայտնի հրամանատարները դարձան իշխանության տերերնույնանալով զոռբայության, ընտրակեղծիքների ու թալանի հետ: Նրանք հաղթեցին պատերազմում, պարտվեցին խաղաղությանը ստվերելով իրենց վեհությունը, մեծությունը, սեփականելով ու սեփական քսակի վերածելով բոլորիս հաղթանակը, որը տարիների ընթացքում դառնում է խամրող հուշ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20