ՀՀԿ-ի դե ֆակտո անվստահությունը վարչապետի հասցեին

- in Կեղտոտ լվացք
153
Vahram Baghdasaryan

Խորհրդարանի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր պատասխանելով Վիգեն Սարգսյանի քաղաքական գործիչ չլինելու մասին ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, արել է իր թափանցիկությամբ անսպասելի հայտարարություն, ասելով, որ Վիգեն Սարգսյանը Հայաստանի առանցքային քաղաքական գործիչներից է և պատահական չէ, որ հենց նա է գլխավորել ՀՀԿ ցուցակը և նրա առաջնորդությամբ է ՀՀԿ-ն խորհրդարանում դարձել կայուն մեծամասնություն:

Առաջին հայացքից ՀՀԿ խմբակցության ղեկավարը պարզապես հակադարձում է իր կուսակցական գործընկերոջ հասցեին ընդդիմության քննադատությանը:

Սակայն երբ մենք փորձում ենք մի փոքր հետ գնալ և հիշել մեկ այլ ՀՀԿ-ականի մի հայտարարություն, կամ հարց, ուղղված ԵԼՔ դաշինքին, ապա Վահրամ Բաղդասարյանի հայտարարությունը դառնում է բավականին հետաքրքիր և նուրբ տողատակերով լեցուն: Երբ խորհրդարանում քննարկվում էր ԵՏՄ վնասների և օգուտների ուսումնասիրման խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու հարցը, ՀՀԿ փոխնախագահ, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ԵԼՔ դաշինքին հարց ուղղեց, թե ներկայացնելով տնտեսական իրավիճակի բացասականությունը վկայող վիճակագրություն, ինչու՞ է դաշինքը դրա համար պահանջում դուրս գալ ԵՏՄ-ից, և ոչ թե պահանջում կառավարության հրաժարական, որը պատասխանատու է տնտեսական վիճակի համար:

Թեև Արմեն Աշոտյանն իր հարցը բնորոշեց այսպես ասած հռետորական, այդուհանդերձ այն բավականին թափանցիկ էր իր ակնարկ/մեսիջով և արտահայտում էր թերևս ՀՀԿ-ում առկա տրամադրությունները, առ այն, որ ԵԼՔ դաշինքը տակտիկական որոշակի նկատառումներից ելնելով խնայում է վարչապետ Կարեն Կարապետյանին: Առավել ևս, որ դաշինքը հայտարարել էր Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ մինչև անգամ փողոցային պայքար մղելու պատրաստակամության մասին:

ՀՀԿ-ում հենց այդ ընկալումն է ընկած նաև Վահրամ Բաղդասարյանի արձագանքի հիմքում: Այսինքն, տողատակում նա արձագանքում է ոչ թե ԵԼՔ դաշինքի քննադատությանը, այլ իր պատասխանով «համեմատություն» է անցկացնում Կարեն Կարապետյանի միջև և ամենևին պատահական չեն շեշտադրումները՝ ՀՀԿ ցուցակը գլխավորել և առաջնորդել կայուն մեծամասնություն: Եվ դա այն դեպքում, երբ համենայն դեպս տարածված հանրային-քաղաքական ընկալումն այն էր, որ Կարեն Կարապետյանը ՀՀԿ ցուցակը չի գլխավորել լոկ այն պատճառով, որ կար մշտական բնակության սահմանադրական ցենզի հետ կապված խնդիր, որն ի դեպ տևական ժամանակ դիտարկվում էր նաև 2018-ի մասով, և չի բացառվում, որ վերստին հայտնվի այսպես ասած տեղեկատվական շրջանառության մեջ:

Ցուցակը չգլխավորելով հանդերձ, դե ֆակտո քարոզչական արշավի գլխավորում էր հենց Կարեն Կարապետյանը, համենայն դեպս վիզուալ տեսանկյունից այդ հանգամանքը լիովին ակնառու էր: Ավելին, սոցհարցումների այսպես ասած ինդիկատորով իշխանությունը պարբերաբար փորձում էր ցույց տալ Կարեն Կարապետյանի 80 տոկոսից ավելի վարկանիշ, այսպես ասած կասկածից դուրս թողնելով, որ հենց նա է ՀՀԿ-ին մեծամասնություն տանող առաջնորդը:

Ահա այդ համատեքստում խիստ ուշագրավ է, որ Վահրամ Բաղդասարյանը Վիգեն Սարգսյանի հասցեին ԵԼՔ-ի քննադատությանը հակադարձում է հենց ցուցակն առաջնորդելու և կայուն մեծամասնության հասցնելու շեշտադրումով, կամա թե ակամա Վիգեն Սարգսյանին հակադրելով ոչ թե ԵԼՔ-ին, կամ ոչ այնքան ԵԼՔ-ին, որքան Կարեն Կարապետյանին, ըստ էության արձանագրելով, որ Կարապետյանը խորհրդարանում մեծամասնություն չունեցող վարչապետ է: Խոշոր հաշվով դա այդպես էր նաև առանց Բաղդասարյանի ակնարկի, պարզապես հետաքրքիր է այն, թե ինչու՞ է նա որոշել բարձրաձայնել այդ մասին, ինչը դե ֆակտո անվստահություն է վարչապետի հասցեին:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20