ՀՀԿ-ն գնաց իր «ականներին» բացահայտելու ճանապարհով` հուշագիր ստորագրելով ՀՎԿ-ի հետ

Arthur Baghdasaryan

Հայաստանի հանրապետական և «Հայկական վերածնունդ» կուսակցությունների Վանաձորի տարածքային կառույցները այսօր համագործակցության հուշագիր են կնքել՝ «քաղաքի կառավարման համամասնորեն և համատեղ պատասխանատվությունը ստանձնելու մասին»։

Ըստ հուշագրի՝ «Հայկական վերածնունդ»-ը կստանա քաղաքապետի տեղակալի պաշտոնը։ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Երեկ կոչով դիմել էի Վանաձոր համայնքի ավագանու խմբակցություններին՝ ավագանու նիստերին մասնակցության և մասնակցային կառավարման սկզբունքից ելնելով՝ կառավարման մաս կազմելու հորդորով։ Իմ կոչին արձագանքել է Վանաձորի ՀՎԿ տարածքային կառույցի ղեկավար և ավագանու անդամ Արկադի Փելեշյանը, որի հետ էլ կնքել ենք համագործակցության հուշագիր»։

Արթուր Բաղդասարյանի ՀՎԿ-ն Վանաձորի ավագանիում ունի հինգ մանդատ և ընդդիմադիր մյուս կուսակցությունների«Լուսավոր Հայաստանի» և ԲՀԿ-ի հետ ավագանու ընտրություններից հետո ստորագրել էր համագործակցության հուշագիր ըստ էության, հիմք դնելով մեծամասնության ձևավորման, որը թույլ էր տալիս Վանաձոր քաղաքում ՀՀԿ-ին դուրս մղել իշխանությունից: Սակայն ընդդիմադիր մեծամասնությունը չդիմացավ հենց առաջին փորձությանը, որովհետև քաղաքապետի փակ գաղտնի քվեարկության ժամանակ չորս ընդդիմադիր ավագանի կողմ քվեարկեցին Մամիկոն Ասլանյանին, ինչի հետևանքով փաստացի փոքրամասնություն ունեցող ՀՀԿ-ն ունեցավ քաղաքապետ:

Ընդդիմադիր երեք կուսակցությունները բոյկոտեցին ավագանու նիստերը, որպեսզի կարողանան բացահայտել իրենց շարքերում առկա չորս դասալիքներին, որոնց մասնակցությամբ միայն փոքրամասնության քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը կարող էր անցկացնել ավագանու նիստեր: Կամ ընդդիմության չորս դասալիքները չստացան այն գինը, որ ակնկալում էին, կամ էլՀՀԿ-ն չցանկացավ բացահայտել իր «ականներին», համենայն դեպս Մամիկոն Ասլանյանը փոքրամանությամբ սկսեց ավագանու նիստեր անցկացնել` մինչև Սահմանադրական դատարանն անցած շաբաթ դրանք ապօրինի համարեց:

ՍԴ որոշումից բխում էին քաղաքական լուծումներ, որոնք պետք է հանգեցնեին քաղաքապետի հրաժարականին կամ նույնիսկ ավագանու նոր ընտրությունների անցկացմանը: Սակայն ՀՀԿ-ն գնաց իր «ականներին» բացահայտելու ճանապարհովայսօր հուշագիր ստորագրելով ՀՎԿ-ի հետ: Տեղի ունեցածը միայն արտաքուստ է քաղաքական համաձայնություն, իսկ իրականում մանդատագողության լեգիտիմացում է, որովհետև մի կողմից, ՀՀԿ-ն ստիպված բացահայտեց ընդդիմության չորս դասալիքներին, մյուս կողմիցիր իշխանությունը պահպանեց ոչ թե լեգալ գործիքների օգնությամբ, այլ ՀՎԿ-ին քաղաքական ուրացման դրդելով:

Սրանով Վանաձորի քաղաքային իշխանությունը միայն ձևականորեն է լեգիտիմացվում, բովանդակային հարթության վրադառնալով ավելի կրիմինալ, որովհետև Վանաձորի ՀՎԿ կառույցի ղեկավար Արկադի Փելեշյանը, ով նաև խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի եղբոր սանիկն է, Վանաձորում ավելի շատ հայտնի է Ակա մականունով և հռչակված է իր կրիմինալ բարքերով, մասնավորապես անցած տարվա ՏԻՄ ընտրություններից երկու տարի անց` հոկտեմբերի 4-ին, դաժան ծեծի է ենթարկել Վանաձորի Ավետարանի հավատքի եկեղեցիների միության նախագահ Ռաֆիկ Գրիգորյանին:

Ըստ էությանայսօր Վանաձորի քաղաքապետարանում տեղի է ունեցել կրիմինալ համաձայնություն, ինչի հետևանքով ՀՀԿ-ն պահպանել է իշխանությունը փոխքաղաքապետի պաշտոնը զիջելով կրիմինալի: Արթուր Բաղդասարյանը կարող է հարյուր անգամ փոխել իր կուսակցության անունը, բայց դրանից չի փոխվում բովանդակությունը: Այս կուսակցությունը մշտապես ծառայել է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանություններին` ճակատագրական պահերին թիկունքից հարվածելով ընդդիմությանն ու հասարակությանը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20