ՀՀԿ-ն վախեցավ պարտվել Վանաձորում

- in Ընտրություններ
Yntrutyun

Սահմանադրական դատարանի որոշումից հետո Վանաձորի ավագանիում ՀՀԿ-ն հուշագիր ստորագրեց «Հայկական վերածնունդ» կուսակցության խմբակցության հետ, և, այսպես ասած, ավարտվեց մեկ տարի տևող բոյկոտը, որը Վանաձորի ավագանու ՀՀԿ խմբակցությանը թույլ չէր տալիս ավագանու աշխատանք կազմակերպել:

Վանաձորի քաղաքապետի խնդրի պատմությունը հայտնի է թերևս բոլորին, ովքեր հետաքրքրվում են հայաստանյան քաղաքականությամբ: Եվ այդ իմաստով այն վերստին շարադրելու կարիք թերևս չկա:

Վանաձորի քաղաքապետի ընտրությունը ուշագրավ էր այն համատեքստում, որ նախորդում էր 2017-ի խորհրդարանի ընտրությանը, և Վանաձորում գործնականում կատարվեց յուրօրինակ ներքաղաքական էքսպերիմենտ՝ խորհրդարանական ընտրություններից առաջ, որոնք առաջին անգամ անցկացվելու էին նոր ընտրակարգով, նոր քաղաքական և ներիշխանական հոգեբանական նոր իրավիճակում:

Վանաձորում Սերժ Սարգսյանն ըստ երևույթին փորձարկեց, այսպես ասած, խորհրդարանական կառավարման մոդելի պայմաններում կառավարելիության խնդիրները, «թեստավորեց» նոր համակարգի, այսպես ասած, ընթացքային հատկանիշները, ուժեղ և թույլ կողմերը, արդյունքներից եզրակացություններ անելով խորհրդարանական ընտրության թե՛ կազմակերպման, թե՛, այսպես ասած, սցենարային պլանների մշակման համար:

Ամենևին պատահական չէ, որ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների, այսպես ասած, «գլխավոր գործող անձինք» այն քաղաքական ուժերն էին, որոնք ներգրավված էին Վանաձորի քաղաքապետի ընտրության պայքարում: Այլ կերպ ասած՝ ակնառու էր, որ վանաձորյան ընտրությունը խորհրդարանական ընտրության յուրօրինակ պիլոտային գործընթաց էր, ինչի մասին առիթ ունեցել ենք արձանագրելու դեռևս այդ ընտրական շրջափուլում՝ նաև կանխատեսելով, որ վանաձորյան թնջուկի հանգուցալուծում կարող է լինել առավելապես խորհրդարանական ընտրություններից հետո:

Ներկայումս մենք փաստորեն տեսնում ենք հանգուցալուծումը, որ տալիս է իշխանությունը Սահմանադրական դատարանի որոշումից սկսած: Ասել կուզի՝ Սերժ Սարգսյանն ավարտում է վանաձորյան էքսպերիմենտը, փակում է պիլոտային ծրագիրը կամ պատուհանը, որ բաց էր թողնվել, այսպես ասած, ներքաղաքական օդափոխության համար:

Հետաքրքիր է միայն այն, որ Սարգսյանը պատուհանը փակում է՝ ներս բերելով այն օդը, որը կարծես թե դուրս էր գնացել կամ գնում: Խոսքը «Հայկական վերածնունդ» կուսակցության մասին է, որը, դուրս մնալով խորհրդարանի ընտրությունից, Վանաձորում դառնում է թնջուկի հանգուցալուծման գործիքներից մեկը: Ըստ այդմ, հարց է ծագում՝ դա ՏԻՄ մակարդակի՞ պայմանավորվածություն էր, թե՞ մի պիլոտային ծրագիրը փակելով՝ Սերժ Սարգսյանը Վանաձորում մեկնարկում է պիլոտային նոր ծրագիր՝ այս անգամ 2022-ի համար:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20