Հունաստանում ՀՀ դեսպան Չարչողլյանի սկանդալային քայլերի մասին

- in Մամուլ
Bazkator

Դատապարտելով դեսպան Չարչողլյանի «իր պաշտոնի սահմաններից դուրս» պահվածքը, ՌԱԿ-ը ակնկալում է ՀՀ ԱԳՆ-ի կողմից «տնօրինում» դեսպանի նկատմամբ.

Ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ) կենտրոնական պաշտոնաթերթ՝ «Պայքար»-ը նոյեմբերի 19-ի իր համարում, անդրադարձել է Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանի անհարիր պահվածքի և վերջինիս դիվանագիտական իրավասություններին չառնչվող քայլերի մասին։

ՌԱԿ-ը մանրամասնություններ է հաղորդել այն մասին, թե՝ դեսպանը ինչպես է փորձել անձամբ տապալել ՌԱԿ 96-ամյակին նվիրված հանդիսությունը, ձախողեցնելով Հունաստանի գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող «Նեո-Դեմոկրատիա» կուսակցության կարկառուն դեմքի, Աթենքի նախկին քաղաքապետ (2003–2006թթ), նախկին արտգործնախարար (2006–2009թթ), կուսակցության ներկայի նախագահի քրոջ՝ Դորա Բակոյաննիսի մասնակցությունը ՌԱԿ հանդիսության, վերջինիս ադրբեջանամետ և հակահայ անվանելով։

ՌԱԿ կենտրոնական պաշտոնաթերթը, անդրադառնալով սփյուռքյան և հայաստանյան կայքերում լայն արձագանք գտած «ՀԱՅԱՍՏԱՆ-ՀՈՒՆԱՍՏԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԽՈՇՈՌ ՍԿԱՆԴԱ՞Լ Է ԱՌԱՋԱՆՈՒՄ» լրատվությանը, կատարել է հետևյալ գրառումը.

«Յօդուածին մէջ նշուած «սքանտալը» (գայթակղութիւնը) չենք գիտեր, թէ որքանով պիտի անդրադառնայ Հայաստան-Յունաստան յարաբերութեանց: Մէկ բան յայտնի է սակայն, որ Աթէնքի մէջ Հայաստանի դեսպանը պրն. Ֆատէյ Չարչօղլեան սխալ տեղ է նստած:

Կարծէք չէր բաւեր, որ քաղաքական հեռանկարային նախաձեռնութիւն մը խափանելը` ան իր պաշտօնի սահմաններէն դուրս գալով փորձած է ձախողեցնել ՌԱԿ-ի 96-րդ տարեդարձի տօնակատարութիւնը, յանդիմանելով կազմակերպիչները եւ հեռաձայնելով կրօնապետներուն, որ չմասնակցին հանդիսութեան:

Հայաստան երիտասարդ երկիր մըն է, որ տակաւին չյաջողեցաւ արհեստավարժ դիւանագէտներու մարմին մը իրականացնել, յաճախ դիւանագիտական պաշտօններ վստահելով պատահական մարդոց: Չենք խօսիր արժանաւորներու մասին։ Անոնցմէ ոմանք կը զբաղին անձնական առեւտուրով կամ իրենց չվերաբերող այլ գործերով: Այնպէս կը թուի, թէ պրն. Չարչօղլեան այդ դասակարգին կը պատկանի` իր գործունէութենէն դատելով:

Գուցէ պրն. Չարչօղլեան (չարչի օղլու) աւելի յաջողութիւն գտնէ վերադառնալով իր նախնիներու արհեստին (չարչիութեան) փոխանակ դիւանագիտութիւն խաղալու, որ իր ասպարէզը չէ:

Ամենայնդէպս յունահայ գաղութը իր շռնդալից պատասխանը տուած է այս անկարգ մարդուն, հոծ խումբերով մասնակցելով 96-ամեակի հանդիսութեան: Կը մնայ տեսնել, թէ ինչ տնօրինում պիտի ընեն իր վերադասները Հայաստանի արտաքին գործոց նախարարութեան մէջ»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20